Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի Փակ շուկան սկսեց աշխատել, սակայն ոչ այնքան որպես շուկա, ինչպես նախկինում, որքան իբրև «Երևան Սիթի» ցանցին պատկանող հերթական սուպերմարկետ: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, այսպիսով, հասավ իր նպատակին: Պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շինությունը քանդվեց ու վերանորոգվեց նախագծային ակնհայտ խախտումներով, որոնք արձանագրել էին թե' Երևանի քաղաքապետարանը, թե' ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը: Եվ, չնայած դրան, չնայած հասարակական ուժեղ ճնշմանը, նա, միևնույն է, ոչ միայն իր ճաշակով ավարտին հասցրեց այդ աշխատանքները, այլև գործարկեց այն` հիմնական մասով փոխելով դրա գործառնական նշանակությունը:
Սամվել Ալեքսանյանը, ի հեճուկս հասարակության, դիմելով փաստագրված ապօրինությունների, վերջնականապես լուծեց իր առջև դրված խնդիրը, մինչդեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից հավաստիացնում էր, թե քաղաքաշինության և մշակույթի նախարարությունները Երևանի քաղաքապետարանի հետ բանակցությունների մեջ են, որ ընդունեն այնպիսի որոշում, որը «հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»: Ալեքսանյանը Փակ շուկան գործարկեց վարչապետի` այս սոփեստական հայտարարությունն անելուց գրեթե անմիջապես հետո: Պետք է, թերևս, եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանի ակնարկած բանակցություններում այդ որոշումը կայացվել է` անտեսելով պետական իրավասու գերատեսչությունների տված եզրակացությունները ճարտարապետաշինարարական շեղումների մասին: Եթե այդպես է, ապա գործադիրը պարզապես օրինականացրել է ապօրինությունները, այսինքն` դարձել է դրանց համապատասխանատուն` չարաշահելով ունեցած լծակները: Բայց քանի որ հազիվ թե կառավարությունն այնքան պարզամիտ լինի, որ նման ծիծաղելի հակասական որոշումներ կայացնի, մնում է եզրակացնել, որ ոչ մի նման որոշում էլ չի եղել, վարչապետն ընդամենը ԱԺ-ում փափուկ բարձ էր դնում պատգամավորների և հասարակության գլխի տակ, ինչով ժամանակ էր շահում Ալեքսանյանի համար, որ ավարտի շինաշխատանքները և գործարկի նոր սուպերմարկետը պատմամշակութային այդ կառույցում` փորձելով այդ կերպ օրակարգից հանել իր կոկորդը սեղմող հարցը: Դա նշանակում է, որ Ալեքսանյանը պարզապես թքած է ունեցել թե' վարչապետի հայտարարությունների, թե' միջգերատեսչական ինչ-որ վիրտուալ բանակցությունների վրա: Այսպիսով` Ալեքսանյան-կառավարություն տանդեմը գրեթե վերջնական հաղթանակ տարավ սեփական հասարակության և սեփական պետականության նկատմամբ` վերջինս թաղելով Փակ շուկայի ավերված սյուների և պատերի տակ:
Նոր «Երևան սիթի»-ի գործարկումից հետո պրոցեսը տեղափոխվում է նոր հարթություն: Հիմա արդեն եկել է սեփական անգործությունը ինչ-որ կերպ արդարացնելու ժամանակը: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է: «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության` այսօր խնդրո առարկայի վերաբերյալ կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը հայտարարել է, թե իրենք ուսումնասիրել ու պարզել են, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացում տեղի չի ունեցել: Ըստ tert.am-ի` ոստիկանության ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Եթե որպես մշակութային արժեքը քանդելու հարց եք բարձրացնում և թղթերով նայում եք, որ կատարվել են շինաշխատանքներ, կհասկանաք, որ կազմակերպությունը ստացել է որոշակի թույլտվություն, և հասել են մի փուլի, որ անհրաժեշտություն է եղել ավելի ընդլայնել, որի արդյունքում, գուցե, պատմամշակութային որոշակի դետալներ քանդվել են»։ Եվ ըստ այս տրամաբանության` կատարվածում հանցակազմ չկա: Պատկերացնո՞ւմ եք` ոստիկանությունը, չգիտես` ինչ իրավական հիմքով, իրեն թույլ է տվել կատարել կառուցապատման` քաղաքաշինական նորմերին համապատասխանելիության հետ կապված ուսումնասիրություններ և, դրանց արդյունքների վրա հիմնվելով էլ, որոշել, որ ապօրինություն չկա: Թերևս ավելորդ է ասել, որ ոստիկանության խնդիրը ոչ թե իրեն բացարձակապես չվերաբերող հարցի հետ կապված մասնագիտական ուսումնասիրություններ անցկացնելն էր, այլ արդեն իսկ թույլ տրված ու պաշտոնապես արձանագրված խախտումների հիման վրա կառույցի քանդման, հետո նաև յուրովի վերականգնման աշխատանքները դադարեցնելը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, ինչը չի արվել: Թե որքանով են այդ շեղումները եղել կանխամտածված կամ ոչ, իրավական որակման խնդիր է` որոշելու պատասխանատվության աստիճանը, բայց ոչ երբեք վիճարկելու կատարված և պատկան մարմինների կողմից արձանագրված ապօրինության փաստը: Ակնհայտ է, որ նման պատճառաբանությամբ պարզապես փորձ է արվում լվանալ բոլոր այն պետական կառույցների դեմքն ու ձեռքերը, որոնք թաթախված են այս պատմության մեջ:
Հաջորդ քայլը, թերևս, կլինի կառավարության կողմից օրենսդրական ինչ-որ նախաձեռնության ցուցաբերումը` տպավորություն թողնելու համար, թե տեղի ունեցածը պարզապես օրենսդրական լուծումների անհստակության, սողանցքներից օգտվելու հետևանք է, ինչպես միշտ արվում է նմանատիպ դեպքերում: Սակայն այս ամենն այլևս ոչ ոքի չի զարմացնում: Միակ հարցը, որը հիմա քիչ, թե շատ ինտրիգ է պարունակում իր մեջ, այն է, թե «սիթիացման», նույնն է, թե ոչնչացման ենթակա հաջորդ օբյեկտը, որի վրա աչք կդնի հայրենի օլիգարխը, ո՞րը կլինի...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ