Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում երեք կնոջից մեկը ենթարկվում է բռնության: Ամեն տարի նոյեմբերի 25-ին նշվում է բռնության դեմ պայքարի միջազգային օրը:
Երեւանում այսօր կազմակերպված բռնության դեմ պայքարի երթը նվիրված էր հոկտեմբերին Մասիս քաղաքում մահացած Զարուհի Պետրոսյանը, ով զոհ է ընտանեկան բռնության եւ մահացել է դաժան ծեծի ու կտտանքների պատճառով:
Երթի մասնակիցները իրենց մեջքին ու կրծքերին կպցրել էին Զարուհու նկարը, պարզել էին «Իսկական տղամարդը չի ծեծում», «Լռությունը պատիվ չի բերում», «Յուրաքանչյուրս էլ կարող ենք դառնալ բռնության զոհ» գրությամբ պաստառներ:
Երթին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Կեղծ մաչոիզմ կա մեզ մոտ եւ քաջություն չէ, որ մեկը մյուսի ձեռք է բարձրացնում: Սա ոչ միայն բարոյական խնդիր է, այլեւ իրավական է: Պետական որակի մասին խոսող լակմուսային թուղթ է սա: Եվ պետք է արմատախիլ անենք այս ահավոր ախտը»:
Զարուհի Պետրոսյանի քույրն ու քրոջ սկեսուրը նույնպես մասնակցում էին երթին: Մահվան գործի հետ կապված դեռեւս նորություններ չկան, հետաքննությունը շարունակվում է, Զարուհու ամուսինը ժամանակավոր կալանքի տակ է, իսկ սկեսրոջ հանդեպ որեւէ մեղադրանք չի ներկայացվել:
Զարուհու քույրը`Հասմիկ Պետրոսյանը ցանկանում է քրոջ մեկուկես տարեկան երեխային իր խնամակալության տակ վերցնել, սակայն Մասիսի քաղաքապետարանում մերժել են, պատճառաբանելով, թե իրենք վարձով են ապրում: Սակայն վարձով ապրելու հանգամանքը օրինապես խոչընդոտ չի համարվում:
«Ուզում ենք երեխային մենք վերցնենք, պահենք: Ի՞նչ է մարդասպանին երեխա հասնում է, քրոջը երեխա չի՞ հասնում: Որտեղ ես եմ ապրում իմ էրեխեքի հետ, թող էդ էրեխեն էլ ապրի: Ուղղակի խնդրում եմ, որ էդ էրեխուն տան քրոջը: Եթե քրոջը չի հասնում , թող տան մանկատուն, թող իրենց մոտ էլ չմնա»,- ասաց Հասմիկի սկեսուր Անահիտ Կարապետյանը (Տեսանյութ):
Նա նաեւ ավելացրեց, որ եթե դիմացինը չի հասկանում ու ձեռք է բարձրացնում կնոջ վրա, ապա չպետք է լռել, ինչպես մինչեւ մահվան վերջին օրը լռեց Զարուհին: