կարևոր
499 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-10 22:59
Հասարակություն Քաղաքական

Այս ողբերգությունից հետո քաղաքական ոչ մի գոծիչ չի կարող իրեն լիովին ապահովագրված համարել. քաղաքագետ

Այս ողբերգությունից հետո քաղաքական ոչ մի գոծիչ չի կարող իրեն լիովին ապահովագրված համարել. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է.

«Այսօր կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանը հոկտեմբերի 21-ին էր կալանավորվել և դժբախտաբար նոյեմբերի 10-ին այլևս կենդանի չէ։

Այս ողբերգությունից հետո, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ ազատությունից զրկված մյուս քաղաքական գոծիչներն ու որևէ այլ մարդ չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել նման վտանգներից շատ լավ հասկանալով, թե այլևս ինչպիսի քաղաքական ռեժիմի հետ գործ ունեն:

Ուզում եմ հատուկ դիմել նրանց քաղաքական թիմերին։

Հասկանում եմ, որ քաղաքական առաջնորդների և գործիչների պատիվն ու արժանապատվությունը կարող են թույլ չտալ բարձրաձայնել իրենց պահման պայմանների, կենցաղային դժվարությունների կամ առողջական խնդիրների մասին։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ պահանջեն, որ այդ հարցերը հրապարակային չդառնան։

Բայց այստեղ կա մի սկզբունքային տարբերություն։

Առաջնորդն իրավունք ունի լռելու սեփական դժվարությունների մասին։ Նրա թիմը պարտավոր չէ լռել առաջնորդի կյանքի և առողջության պաշտպանության հարցում։

Քաղաքական հավատարմությունը միայն առաջնորդի խոսքը կատարելը չէ։ Երբեմն այն նաև առաջնորդի հնարավոր առարկություններին հակառակ՝ նրա անվտանգությունը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնելն է։

Այստեղ անձնական հպարտությունը պետք է զիջի կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությանը։

Թիմերը պարտավոր են հետևողականորեն բարձրաձայնել պահման պայմանների, բժշկական օգնության հասանելիության, առողջական ռիսկերի և անհրաժեշտ երաշխիքների հարցերը։ Պահանջել անկախ բժշկական գնահատումներ, պատշաճ վերահսկողություն և հանրային հաշվետվողականություն՝ պահպանելով անձնական բժշկական տվյալների գաղտնիությունը։ Սա նաև քաղաքական աշխատանք է, ինչի շահառուն ոչ միայն քաղաքական բանտարկյալ առաջնորդներն են այլ նաև ոչ քաղաքական բանտարկյալները և դա պետք է արվի և ունի շահառուներ:

Սա ո՛չ արտոնություն պահանջելու, ո՛չ էլ խղճահարություն առաջացնելու հարց է։

Սա բացառիկ երևույթի՝ մարդու կյանքի հարց է։

Եվ եթե որևէ քաղաքական թիմ առաջնորդի արժանապատվությունը պաշտպանելու իշխանական շահարկումից խուսափելու պատճառով անտեսի նրա կյանքի ու առողջության հետ կապված հնարավոր վտանգները, ապա այդ լռությունն այլևս դժվար կլինի բացատրել քաղաքական հավատարմությամբ։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները դեռ պետք է պարզվեն։ Բայց այդ քննության արդյունքներին սպասելը չի կարող արդարացնել մյուս կալանավորված անձանց պայմանների և առողջության նկատմամբ անտարբերությունը։

Հ.Գ. Առաջնորդի արժանապատվությունը պաշտպանելու լավագույն միջոցը նրան լռելու հնարավորություն տալն է, բայց ոչ նրա փոխարեն լռելը, որովհետև վաղը կարող է պարզապես ուշ լինել։ Ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»: