կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 15:35
Հասարակություն

Լրագրողն այլեւս անելիք չունի. Էդիկ Բաղդասարյան

Լրագրողն այլեւս անելիք չունի. Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարողացան ոչնչացնել մեդիա դաշտը, որտեղ լրագրողներն այլեւս չեն կարողանում իրենց տեղը գտնել:

 

«Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք»,- հայտարարել է լրատվական դաշտում մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող «Հետք»-ի խմբագիրը: Այդ գրառումից հետո ցանցային մեդիան շտապեց հայտարարել, որ «Հետքը» փակվում է. գրում է Media.am-ը:

 

Իսկ Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ թեեւ ծայրաստիճան հուսահատ վիճակում է հայտնվել, քանի որ եւ՛ ողջ մեդիա դաշտը, եւ՛  լրագրողական մասնագիտությունը խեղաթյուրված է, սակայն նոր հետաքննություններ անելուց «Հետքը» դեռ չի հրաժարվում:

 

-Ձեր գրառումը մեծ ալիք բարձրացրեց: Ի՞նչն է այս հոռետեսական գրառման դրդապատճառը:

-Մեդիա դաշտում գործելով՝ այլեւս չես հասկանում, թե ինչու է պետք թերթ տպագրել, լրատվամիջոց պահել: Անձամբ ինձ հուսահատությունը լրիվ խեղդում է: Մեդիա դաշտն ամբողջովին խեղաթյուրված է:

 

-Պատճառը ճնշումնե՞րն են:

-Ճնշումների պատճառով լրատվամիջոց չի փակվում, խնդիրն ավելի պարզ ու միաժամանակ խորքային է:

 

Տեսեք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների հետ, լրագրողները ում պատվերներն են կատարում, ում փողերով են մեկնում հանգստանալու եւ էլի նման բաներ: Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել: Նյութերի, թեմաների վերահսկումը, դրանց հրապարակումների կազմակերպումը հստակ է:

 

Խնդիրն այն է, որ ինֆորմացիայի ավանդական աղբյուրներն այլեւս չեն աշխատում: Այլեւս կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնել (իսկ դա հաճախ ամիսներ է տեւում), սեփական աղբյուրները գտնել այս կամ խնդիրը բազմակողմանի ներկայացնելու համար: Հիմա ինֆորմացիայի աղբյուրներն իրենց սեփական մեդիան ունեն ու միանգամից կարողանում են տարածել ինֆորմացիան՝ իրենց հարմար տեսակետից: Հիմա ամեն մի պաշտոնյա ու գերատեսչություն իր մեդիան ունի:

 

Ոստիկանությունն, օրինակ, մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում: Դա աննորմալ իրավիճակ է: Պաշտոնապես ինֆորմացիա չկա, բայց պաշտոնական աղբյուրից սնվող կայքերը գրում են այդ մասին: Ընդ որում՝ դրանցից շատերը չունեն ոչ հասցե, ոչ լրագրողական աշխատակազմ:

 

Մեդիայի դերը անասելի նվազել է, փոխարենը մեծացել է տարատեսակ կայքերի դերակատարությունը:

 

-Կայքերից շատերը մեդիա չե՞ն:

-Ո՛չ, դրանք մեդիա չեն, քանի որ դրանց հիմնական նպատակը ոչ թե ինֆորմացիա հավաքագրելն է, այլ ինֆորմացիա ցրելը: Լրագրողները ամիսներով չարչարվում են, մի թեմա են ուսումնասիրում, աշխատում են աղբյուրների հետ, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կորչում է այս կայքերի հորձանուտում:

 

Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացրած թեմաների արժեքը:

 

Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետեւողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել: Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում:

 

-Իսկ որքանո՞վ է հիմնավոր «Հետք»-ի գործունեության կասեցումը: Շատ կայքեր արդեն իսկ գրել են, որ Ձեր հիմնադրված լրատվամիջոցը հրաժեշտ է տալիս մեդիա դաշտին:

-Այս իրավիճակում աշխատելն, իհարկե, անիմաստ է դառնում, սակայն «Հետքը» հո վա՞ղը չի փակվելու: Իհարկե, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, եւ հիմնականը ֆինանսական պրոբլեմներն են: Հնարավոր չէ լրագրողներից լավ աշխատանք պահանջել եւ միեւնույն ժամանակ նրանց ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ վճարել:

 

Բայց մենք պարտավորվածություններ ու ծրագրեր ունենք, որոնք պետք է ավարտին հասցնենք:  Այնպես որ, մինչեւ այս տարվա վերջ, հաստատ կաշխատենք: Եվ դեռ մի քանի հետաքննություն պետք է անենք: Հիմա, օրինակ, սպասում ենք օֆշորային պատմությունը հետաքննող քննչական խմբի վերադարձին, որը նախկին հրապարակումների շարունակությունը կդառնա:

 

Շարունակությունը` այստեղ: