Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մահվան տեսիլ
Գերխնդիրը մահն է: Մեռիր, իմ հայրենիք:
Իմ ճակատին իջավ դառնահամբույր դրոշմ,
Եւ իմ կոկորդը, որ աղբյուր պիտի լիներ
Հայոց զվարթ խոսքի, ու ես՝ ոսկեբերան,
Հիմա դարձել եմ սեւ արյուն ոթող երակ,
Որ խեղդում է կյանքի հորինովի ծիլեր,
Որ սեւով է ներկում ամեն գույնի դրոշ
Եւ իզուր է սեպում ջանքը քո այրերի.
Նրանք պիտի ճգնեն, նրանք պիտի բանան,
Որ դու տերը դառնաս քո կամքի ու հացի,
Որ մեր կանաչ-կարմիր մանկանց վրա շողա,
Իմ բորբ երկիր, լուսա-պսակ քո ապագան,
Որ տառապանքն անոնց, լույսը անապական՝
Մաշտոց հրեշտակի աջից դեռ նշողած,
Պիտի վերջին շարժում դառնա մտացածին,
Եւ խաղաղվեն պիտի նրանք եւ վերջանան:
Ահա երկինքը այս, բլուրները, լեռան
Ուրվագիծը մեռնող ու հարություն առնող
Աստծո ամեն ծեգին, զավակներս, խոսքի
Շնչառությունը այն, որին արժանացա,
Տղամարդու ուժը, սերը ու չիմացյալ
Գաղտնիքները բոլոր հանձնում եմ այս հոսքին՝
Թող անիծյալ լինեմ եւ քեզ հղած արնոտ
Անեծքով թող ինքս լցվեմ բերնեբերան՝
Չեմ նշմարում քանզի ուժդ անքննելի,
Չեմ հավատում, որ դու՝ փյունիկ հրաշք թռչուն,
Պիտի վերածնվես, եւ թշնամիք՝ քո մեջ,
Եւ թշնամիք՝ մոտիկ-հեռու պիտի չքվեն,
Քանզի պիտո էր, որ երբեք ես չճկվեմ,
Ու՝ երգեցիկ եղեգ, մութը ամենամեծ
Պատռեմ լույսով-հույսով ու ձայն ձայնեմ հնչուն
Ի ննջմանեդ մահվան արքայաբար ելիր:
Ելիր: Բայց չես ելնում, ու ես՝ մտամոլոր
Կամ մտագար գուցե, քեզնով ծաղկելու տեղ
Ճերմակ երկինքը այս, նաեւ հրաժարված
Մեր քերթության՝ կյանքը պանծացնող լույսից,
Արեւելք ու հարավ, արեւմուտք ու հյուսիս
Ուրուներ եմ տեսնում՝ քեզ հոշելու շարված,
Եվ մեծ բանաստեղծի խոսքն եմ բերում այստեղ՝
Թող անիծյալ լինեն հզորները բոլոր:
Այսպես կվերջանա՝ հրաշք այս վայրերից
Ոռնոց չի ելնելու՝ խաղաղ-խաղաղ-խաղաղ՝
Ազատա-գըրվելու մտա-սեւեռումով
Վերջին կռիվը մեր վստահ չենք զիջելու
Եւ երազած բախտից միայն մի քիչ հեռու
Շնչելու ենք լեռան տեսքը պապակ կումով
Ու ննջելու ենք մենք արնա-լուսա-շաղախ:
Գերխնդիրը մահն է՝ մեռիր, իմ հայրենիք:
Հ.Գ. Այս գործը գրել եմ 1989-ի հուլիսին, երբ թվում էր՝ մեր ազգային զարթոնքը հարատեւ է լինելու: Բայց մի վախ-վտանգ-տագնապ կախված էր օդում ու այսօր փլվել է մեզ վրա: 40-րդ տողը Հովհ. Թումանյանի հոդվածներից է: Ինձ հատկապես հուզում է տաղաչափությունը' ութնակյակների հանգավորումը' ABCDDCBA:
Աղվան Վարդանյան