կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 11:37
Առանց Կատեգորիա

Ամփոփվեմ, ամփոփվեմ, դառնամ կետ…

Ամփոփվեմ, ամփոփվեմ, դառնամ կետ…

Ներկայացնում ենք ժամանակակից գրող Նշան Աբասյանի ստեղծագործություններից:

 

* * *

Սարերում սոսափում է ծիրանագույն լուսաբացը:

Մի գյուղացի բակում մորի է հավաքում:

Ծեգի զովաշունչ լռության մեջ մի մարդ մեխում է ախոռի դռնակը...

Ցածից ահա լսվում են զանգերը, և սարերում զրնգում է օդը:

Ճերմակ գլխաշորով կինը ժամերգության է իջնում...

 

Քչախոս մարդկանց այս գյուղը այդպես անխոս էլ արթնանում է'

հանդա՜րտ, անսեթևեթ, արևագալի պես պարզ...

 

* * *

Ռեհանի փոքրիկ մարգի մեջ

գլուխը խոնարհ' կանգնած է ցածրիկ արևածաղիկը...

 

Ամեն օր կեսօրվա ժամին արեգակն այստեղ բեկվում է,

թևերը օծում ռեհանով...

 

* * *

Այնքան նիհարիկ դեղին ծաղկին այնքան առատ արև էր վստահվել, որ մի մեծ կապույտ թիթեռ արդեն երկար ժամանակ չէր հեռանում նրա թերթերից...

Ով էլ նայեր այս նկարին, տեսնելու էր լույսը, որ սփռվում է դաշտերից դաշտեր ու դարերից դար և չի թառամում ոչ մի աշնան մեջ, ոչ մի քաղաքում...

Նիհարիկ դեղին ծաղիկն իր փոքրիկ գլուխն ահա այդքան հոժար էր խոնարհել թիթեռի համար...

 

* * *

Ամռանը տանը կլինեմ:

Մայրս սուրճ կպատրաստի:

Երկուսով կնստենք պատշգամբում:

 

Արևը կզրնգա:

Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ...

Խաղա՜ղ-խաղաղ կլինի...

 

- Ի՞նչ կա քաղաքում, - մորս ձայնը կշոյի լռությունը:

Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա...

Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք...

- Առաջվա պես, մամ...

 

Ամռանը տանը կլինեմ:

 

Խորին գիշերվա մեջ
ցողի նման ընկած
արցունքի անխոս մի կաթիլ է եղել,
բյուրեղացած մի ճիչ...

Օ՜, Տե´ր,
որքա՜ն վաղուց
ես այսպես չեմ գրել...

 

* * *
Մթի մեջ ճչաց-կորավ
ծղրդիկն աղերսաձայն...
Ապակին կրծքիս տակ փշրվեց...

 

* * *
Այս պապանձված աշնան,
այս ճաքած քարի պես'
ես ներս եմ արտասվում...

 

* * *
Մխում եմ,
և էլի կրծքիս
անձրևը կսկիծ է ծեփում...

 

* * *
Քո մորմոքն' անուշահոտ,
քո սիրտը'
քարե խնկաման...

 

* * *
Ետ քաշվեմ, ետ քաշվեմ ամենքից,
ամփոփվեմ, ամփոփվեմ,
դառնամ կետ...

 

* * *
Ծունկի գամ,
ինձ սեղմեմ պատին
ու մնամ. ծնկներս մաշեմ...

 

* * *
Ժայռացել է Բառը:
Անձա՜յն, անձայն մուժում
Բառը' ճա´ք... ճքում է...

 

 

* * *

Հա´յր մեր,
մեր սե´ր,
մեր արցո´ւնք,

հեզ մեր,
Լո´ւյս մեր,
մեր Աղբյուր...

մեր Խաղաղ,
մեր Լուռ,
մեր բարի,

մեր սիրո´ւն,
սիրո´ւն մեր Տեր,

Ծո´վ մեր,
մեր Մի´շտ,
Մի´շտ մեր Տեր,

միշտ մեր Տեր,
միշտ մեր Տեր,
միշտ մեր
Տեր...

 

***

Խոտերը ծաղկել են մանրիկ.

դեղին-կապույտ գլխիկներ են

տաք ասֆալտի եզրերին...

...Ես ի՞նչ անեմ, ես ի՞նչ անեմ, Անահի՛տ...

6 հունիսի, 2013 թ.

* * *

 Արևը հատեց, բոկոտն անցավ

աղջիկը դեղին

շալերով:

Ամառը կիսեց,

պիրկ խփե´ց-անցավ

մարմարին ծիրանի ոտքերով...

1 հուլիսի, 2013 թ.