Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 19-ին Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետևել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:
Ցուցահանդեսը կազմակերպել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը` Մշակույթի Քահանայապետական խորհրդի (Սուրբ Աթոռի Մշակույթի նախարարության) հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իտալիայում և Սուրբ Աթոռում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին (Leonardo SANDRI) և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Ելույթներում բանախոսները անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ավանդական բարեկամական կապերին, ընդհանուր մշակութային և հոգևոր ժառանգությանը:
Կարդինալ Լեոնարդո Սանդրին նշել է, որ Սուրբ Աթոռը միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել հայ ժողովրդի հետ, որոնք պայմանավորված են հայերի քրիստոնեական հին պատմությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացումը կընդլայնի երկկողմ փոխադարձ աջակցության հարուստ ճանապարհը: Դեսպանատան և ցուցահանդեսի բացմանը որպես մասնավոր անձ ներկա գտված BBC-ի թղթակից Մարկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է .«Ես եղել եմ, շատ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումների: Սա լավագույններից էր: Ես դա 100 տոկոսով կարող եմ վստահեցնել՝ և՛ հրավիրյալների տեսանկյունից, և՛ միջոցառման կազմակերպչական մակարդակից : Գիտեք, մեր կովկասյան սովորույթներից մեկը երկար ճառեր ասելն է, և ամեն ինչ այնքան ճիշտ ու լավ էր կազմակերպված, որ ամենաերկար ելույթն ունեցավ Վատիկանը ներկայացնող կարդինալը, ով շատ լավ նկարագրեց հայ-վատիկանյան և հայ-իտալական կապերի վիճակը, սկսած հայ միջնադարյան փիլիսոփաներից»:
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 350 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինիոր Դոմինիկ Մամբերտին /Dominique Mamberti/ (Սուրբ Աթոռի արտգործնախարար), Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար Մոնսինիոր Խոսե Բետանկուրը (Jose Bettencourt), Կաթողիկե դաստիարակության միաբանության նախագահ կարդինալ Զենոն Գրոչոլևսկին (Zenon Grocholewski), Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Նեապոլի և Նարդոյի քաղաքապետարանների պատվիրակությունները, Անարատ հղության հայ քույրերի միաբանության, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ: Ներկաների թվում է եղել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: