|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանում հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդ-անդամի կարգավիճակ ստանալ: Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001թ. Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կողմից: Դրա հիմնական առաջնահերթություններն են տարածաշրջանում տնտեսական համագործողության խորացումը և պայքարը ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ: ՇՀԿ-ին ներկայումս դիտորդի կարգավիճակով անդամակցում են Իրանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան և Պակիստանը: «Երկխոսության գործընկերության» շրջանակներում կազմակերպությունը համագործակցում է նաև Բելառուսի, Թուրքիայի և Շրի Լանկայի հետ:
Վարչապետն այս հայտարարությունն արեց, փաստորեն, Մոսկվայում նախագահ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը` Հայաստանի միանալու վերաբերյալ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո և Երևանում այս օրերին ընթացող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի նախօրեին: Այսինքն` մի փուլում, երբ պետք է վերջնականապես հասկանալի դառնար, թե ՄՄ-ին միանալու որոշումն ընդունելուց հետո արդյոք Հայաստանին հնարավորություն կտրվի՞ Վիլնյուսում նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը կամ գոնե դրա մոդիֆիկացված, թեթևացված տարբերակը:
Մինչ այդ Հայաստանի իշխանությունները ջանք չէին խնայում` եվրոպացներին ու հասարակությանը համոզելու, որ Հայաստանն իսկապես անկեղծորեն շահագրգռված է եվրոպական ուղղությամբ զարգանալու և ԵՄ-ի հետ գործակցությունը շարունակելու հարցում: Այդ մասին Մոսկվայում հայտարարեց Սերժ Սարգսյանը, իսկ նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զարգացրեց այն` բառացիորեն ասելով հետևյալը. «Մենք շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին և նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը: Հետևաբար` մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»:
Համաձայնագիրը ստորագրելու հարցում իշխանությունների ցանկությունը նույնիսկ հանգում էր համառության: Չնայած Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պարզ հայտարարեց, թե զուտ իրավական առումով հնարավոր չէ Մաքսային միությանն անդամակցումը համատեղել Ասոցացման համաձայնագրի հետ, իշխանությունները գրեթե համոզում էին, թե եվրոպացիք լավ չեն հասկանում, որովհետև դրանք լավ էլ համատեղելի են: Օրինակ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ բարկացավ: «Եթե Ֆյուլեն ասում է՝ չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք»,- վճռականորեն հայտարարեց նա: Եվ ահա այն ժամանակ, երբ Ֆյուլեն հենց Երևանում պետք է համոզվեր ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու` մեր իշխանությունների անափ անկեղծության մեջ, փորձեր հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են իրեն առաջարկելու ՄՄ-ն և Ասոցացման համաձայնագիրը համատեղելու համար, հանկարծ նույն Հայաստանի վարչապետը Չինաստանից ուղերձ է հղում, թե, միևնույն է, Հայաստանը վերջնականապես հստակեցրել է իր արտաքին քաղաքական օրիենտացիան, որը 180 աստիճանով հակադրվում է եվրոպական ուղղությանը: Եթե անգամ Շտեֆան Ֆյուլեն մինչև հոգու խորքը սիրահարված լիներ հայերիս թախծոտ աչքերին, միևնույն է` եվրոպամետության նման չափաբաժնին դիմանալ չէր կարող:
Եվ հիմա դժվար է պատկերացնելը, թե երկրորդ անգամ նոկդաունի ենթարկվելուց հետո եվրաչինովնիկները ինչպես ու հանուն ինչի պետք է հավատան, որ Հայաստանն իսկապես ուզում է ինտեգրվել ԵՄ-ին: Սակայն այն, ինչ Չինաստանում ասաց Տիգրան Սարգսյանը, միանգամայն տեղավորվում է ՄՄ-ին միանալու` նախագահի հայտարարության տրամաբանության մեջ: ՇՀԿ-ին միանալու նախաձեռնությունը կարող է, ինչպես ասում են, դեռ «ժուռնալը» լինել, ու Հայաստանն առաջիկայում անդամակցելու հայտեր ներկայացնի բոլոր այն կազամկերպություններին, որոնցում կա նաև Ռուսաստանը: ՇՀԿ-ի պարագան, սակայն, մի փոքր այլ է: Այստեղ, բացի ՀԱՊԿ-ի և Մաքսային միությանն անդամակցող երկրներից, կա նաև Չինաստանը, որի հետ, կարծես, ռազմատեխնիկական ու քաղաքական համագործակցության հետաքրքրական հեռանկարներ են երևում:
Բայց հարցն այն է, թե ինչո՞ւ էր պետք ՇՀԿ-ին միանալու նախաձեռնությունը ցուցաբերել այսքան հապճեպ, երբ ակնհայտ էր, որ դա խանգարելու է ԵՄ-ի հետ խաթարված հարաբերություններին, իսկ որ ավելի կարևոր է` Հայաստանի, իբրև վստահելի գործընկերոջ, իմիջը գոնե մասամբ վերականգնելու պրոցեսին: Այստեղ կարող է երկու հնարավոր բացատրություն լինել: Առաջինն այն է, որ Հայաստանի իշխանությունները դրանով ձգտում են, մի կողմից, հիմա էլ Մոսկվային համոզել իրենց հավատարմության մեջ, իսկ, մյուս կողմից, առաջնորդվում են պրագմատիկ հաշվարկներով` փորձելով Ռուսաստանին հակակշիռներ գտնել հենց նրա աշխարհաքաղաքական բևեռում, որտեղ Մոսկվան միակ հեգեմոնը չէ: Սա կարող է նշանակել, որ Հայաստանը փորձում է սերտացնել հարաբերությունները նաև Չինաստանի հետ և դրանով գոնե մասամբ չափավորել Ռուսաստանի ամբիցիաները: Ու գուցե հենց դրանով էր պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի հապճեպ այցը Չինաստան և հենց այնտեղից ՇՀԿ-ին միանալու ցանկության հայտնումը: Սա կարող է հետաքրքրական մանևր լինել, որովհետև այս տարբերակը, ըստ էության, Մոսկվայի համար ավելի նախընտրելի է, քան արևմտյան ուղղությամբ Հայաստանի ձեռնարկումները, հետևաբար` նաև փոքրանում է նրա կողմից լուրջ հակազդեցության հնարավարությունը:
Երկրորդ տարբերակն այն է, որ ՇՀԿ-ին անդամակցելու առաջարկ անելով` պաշտոնական Երևանը պարզապես փորձում է ճնշում գործադրել Բրյուսելի վրա, որպեսզի վերջինս վերջնականապես երես չթեքի Հայաստանից ու համաձայնի Ասոցացման համաձայնագիրը թեթևացնելուն և ստորագրելուն: Չի կարելի բացառել, որ Հայաստանը պարզապես փորձում է խաղալ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ ճնշումները քննադատելու` ԵՄ-ի կեցվածքի վրա` փորձելով տպավորություն ստեղծել, թե ՇՀԿ-ին միանալը ևս ոչ այնքան իր, որքան Մոսկվայի նախաձեռնությունն է: Միայն այս կերպ կարելի է բացատրել Տիգրան Սարգսյանի արած հայտարարության հապճեպությունը:
Բայց այս ամենին զուգահեռ կարող է լինել նաև երրորդ տարբերակը` սա ոչ թե դիվանագիտական մանևր է` Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար, այլ պարզապես գիշերային դիվանագիտության մոտիվներով որոշումների կայացման հերթական դրսևորումը: Երբ ԱԺ-ում արտգործնախարար Նալբանդյանին հարց ուղղեցին, թե ինչով է պայմանավորված վարչապետի հայտարարությունը, նա ընդամենը մեկ բացատրություն տվեց` որովհետև ՇՀԿ-ին դիտորդի կարգավիճակով միանալու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը: Այսինքն` Հայաստանի նախաձեռնությունը կարող է պայմանավորված լինել միայն Ադրբեջանին ՇՀԿ-ում հակակշռելու` տակտիկական նկատառումներով: Բոլոր դեպքերում, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, հետո էլ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացնելու ժամանակ, այս դեպքում էլ իշխանությունը հանրային կարծիքի կարիքը չունեցավ: Եվ դա այն դեպքում, երբ ո'չ ՄՄ-ին, ո'չ էլ, առավել ևս, ՇՀԿ-ին գոնե տեսականորեն միանալու մասին ո'չ կառավարության ծրագրում, ո'չ էլ ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինում հնարավոր չէ գտնել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ