|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե պամանավորվածությունները, որոնք Հայաստանը ԵՄ-ի հետ ուներ մինչեւ սեպտեմբերի 3-ը, ներկայումս իրագործելի չեն, քանի որ Մաքսային միությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ: «Ասոցացված անդամը շատ մոտ է անդամ լինելու կարգավիճակին, այս իմաստով՝ ասոցացումն այլեւս հնարավոր չէ այնպես, ինչպես դա պատկերացվում էր մինչեւ սեպտեմբերի 3-ը: Ակնհայտ է, որ այն համաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, այլեւս նույն ծավալով մնալ չեն կարող: Մենք նորից փորձում ենք հայտարարել, որ կարող ենք, պատրաստ ենք ԵՄ հետ համագործակցել, սակայն այստեղ արդեն համագործակցության այլ մակարդակի մասին կարող ենք խոսել»,- նշեց նա:
Արմեն Ռուստամյանի խոսքերով` Հայաստանի իշխանությունները խորամանկում են, երբ նշում են, թե համաձայնագիրը, այնուամենայնիվ, ստորագրելու են: «Չեմ բացառում, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել, սակայն դա այն` Ասոցացման մասին համաձայնագիրը չի լինի, որը Հայաստանը պետք է նախաստորագրեր վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ: Եվրոպան համագործակցում է բազմաթիվ երկրների հետ, անգամ` աֆրիկյան, համաձայնագրեր է ստորագրում, սակայն դա Ասոցացման մասին համաձայնագիր չէ»,- պարզաբանեց պատգամավորը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի պատկերացնում, թե այդ ինչ են ստորագրելու, կամ ինչպես է համագործակցությունը պատկերացնում ԵՄ-ն: Նա նաեւ նշեց, որ անհասկանալի է` Մաքսային միության առեւտրային սահմաններում որտե՞ղ է Հայաստանի սահմանը, եւ արդյո՞ք ԼՂՀ-ն կա, թե՞ ոչ: «Անհասկանալի է, թե ինչպես է Մաքսային միությանն անդամակցելն ազդելու Ղարաբաղյան խնդրի լուծման, Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա: Ղարաբաղը Մաքսային միության սահմաններից դուրս չպետք է մնա»,- նշեց նա: