Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթը գրում է. «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:
Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային եւ ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» եւ «ոչ պիկ», Երեւանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիեւյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որեւէ տրանսպորտով:
Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, եւ դրանք ամենեւին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետեւ գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու:
Իհարկե, կան նաեւ «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետեւ գալիս են, երբ իրենց հարմար է եւ ուղեւոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: [Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն:
Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետեւ եւ´ միլիոնատերերն են ուրիշ, եւ´ տրանսպորտը: Երեւանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ ժնեւ չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտոբուսների, այլեւ տրոլեյբուսների եւ տրամվայների զարգացած ցանցեր:
[Այսօրվա երեւանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյբուսները ոնց որ դինոզավրեր լինեն]: Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք եւ անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ:
Ժամանակն անցել է: Բայց ժամանակը շարունակում է անցնել, եւ իրավիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնալի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշխանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը՝ 850 հազար դոլարով: [Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում]: Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։