Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կրթության ոլորտին վերաբերող` 2017 թ. բյուջեի նախագծի բաժինը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե զեղչվում է այն ուսանողների կրթության վճարը, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին: Պատգամավորը նաև հավելեց, որ, ըստ հարցումների, կրթության ոլորտն ամենակոռումպացվածներից է, ի՞նչ է արվում համակարգը կոռուպցիայից ազատելու և ապաքաղաքականացնելու ուղղությամբ: «Լսել եմ, որ Դուք ցանկանում եք ապաքաղաքականացնել կրթական համակարգը»,- ասաց պատգամավորը:
Նախարարը, պատասխանելով ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների մասին հարցին, նշեց, որ այդտեղ խնդիր կա` թե ինչ փաստաթղթով է ֆիքսվում, որ տվյալ ուսանողը մասնակցել է քառօրյա պատերազմին: Նրա համոզմամբ` ամեն օր Արցախի սահմանին ընթանում է «ապրիլյան պատերազմ», և մարտական հերթապահությանը մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչվում է 30 տոկոսով:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, նախարարը կարծիք հայտնեց, որ ցանկացած երևույթ, որը կա հասարակության մեջ, կարող է արտացոլումը գտնել նաև կրթության ոլորտում, բայց չի կարծում, որ հենց կրթության ոլորտում է կոռուպցիայի պիկը: Բայց որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել՝ այն դարձնելով գերակա, դա միանշանակ է:
«Կրթության կուսակցականացմանը կտրուկ դեմ եմ եղել միշտ, կրթական համակարգում կուսակցականությունը չպետք է օգտագործվի»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բարձրագույն կրթության մասին օրենքը, որը շուտով պետք է ներկայացվի խորհրդարանին, կամրագրի օրենսդրական հիմքեր, որոնք հնարավորություն չեն տա կուսակցականացնելու կրթական համակարգը: