Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում» (ՀԿԵՄ) ամեն ինչ խառնվել է իրար. կոմպոզիտորներից ոմանք համարում են, որ միությունը քանդման եզրին է կանգնած: Դեռ ամռանը միության անդամները՝ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը եւ երաժշտագետ Մարգարիտա Ռուխիկյանը նամակով դիմել էին Վերահսկիչ պալատի նախագահին, արդարադատության եւ մշակույթի նախարարներին' խնդրելով իրականացնել միության` 2009-2013թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
Yerkir.am-ի զրուցակիցն է ԵՊԿ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանը:
-Ստեղծագործական միություններում ինչո՞ւ է կյանքն այդքան լճացած. կարծես, ոչինչ չի կատարվում աշխարհում:
-Այն մոդելը, որը գործում է ստեղծագործական միություններում, սովետական է, որը ժամանակին շատ լավ գործում էր, քանի որ պետությունն իր վրա էր վերցնում հսկայական ծախսեր: Սովետական միությունում կար 3000 կոմպոզիտոր, որոնցից ակտիվ գրողների թիվը 50-60-ն էր: Պետությունը հասկանում էր դա, բայց չէր ափսոսում իր փողերը: Մեր օրերում մի քիչ պակասել է կոմպոզիտորների թիվը, բայց կան ստեղծագործողներ: Ես կարող եմ հստակ ասել' Կոմպոզիտորների միության տունը գոյություն չունի. արդեն 22 տարի է' մեր միության գործունեության միակ ձեւը համերգներ կազմակերպելն է: Համերգներն, այո, շատ կարեւոր են, բայց երբ այդ համերգները չեն կազմվում ընտրված ձեւով, ճիշտ դասավորությամբ, դրանք ոչ միայն գովազդ չեն անում, այլ նաեւ հակագովազդ են անում: Քանի որ երբ մի հիանալի լավ գործի հարեւանությամբ հնչում են բավականին գորշ գործեր, լավը սկսում է մի տեսակ նսեմանալ: Իմ կարծիքով` Կոմպոզիտորների միության գլխավոր նպատակը պետք է լինի հայ երաժշտությունը համաշխարհային շուկա դուրս բերելը: Վստահ եմ' մեր երաժշտությունն իր տեղը կգտնի համաշխարհային շուկայում, քանի որ մեր երաժշտությունը շատ ավելի էմոցիոնալ եւ մարդկային հիմքեր ունի, քան այն, ինչ այսօր գրվում է Եվրոպայում: Ցավով պետք է արձանագրել, որ միությունն այս տեսակետից ոչինչ չի արել, այն դարձել է պարփակված, մեռած մի կազմակերպություն, որը ոչ մի բան չի անում, որ նպաստի ստեղծագործության տարածվելուն: Մենք բողոքարկեցինք, քանի որ այսօր միությունն օրենքի դաշտում չի գործում. երկու տարի առաջ լրացել է միության նախագահի լիազորությունների ժամկետը, 4 տարի է' չունենք վարչություն, վերահսկիչ հանձնաժողով: Ստեղծագործական միությունը չի կարող մեկի կողմից ղեկավարվել, դա կոլեկտիվ կազմակերպություն է, սակայն կա մի անձնավորություն, որն իր վրա է վերցրել ամեն ինչ' իր անձը բոլորից վեր դասելով:
-Լավ, իսկ այդ դեպքում Դուք' որպես միության անդամ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել:
-Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել եւ պահանջում ենք արտահերթ համագումար անցկացնել ու բացեիբաց ներկայացնել այն, ինչ արվել է վերջին տարիների ընթացքում: Մեր կանոնադրության համաձայն` եթե միության 1/3-ը (միությունը 124 անդամ ունի միությունը) արտահերթ հանրագումարի պահանջ է ներկայացնում, 14 օրվա ընթացքում այն պետք է կյանքի կոչել: Նամակն ուղարկել ենք Ռոբերտ Ամիրխանյանին սեպտեմբերի 2-ին, եւ սեպտեմբերի 16-ին կլրանա երկու շաբաթը, որից հետո մենք մտադրություն ունենք դիմել դատական ատյաններին: Կարծում եմ' դեմոկրատական հասարակարգում դատարան դիմելու ձեւը դեմոկրատիայի ձեւերից մեկն է. դա ճիշտ ձեւ է' մարդկանց հարաբերությունները պարզելու: Թե ինչ կլինի որոշումը' չգիտենք, քանի որ բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ սեւը սպիտակի տեղ է դրվում: Հիմա Ամիրխանյանը հայտարարել է, որ ինքը հոկտեմբերի 26-ին, այսպես, թե այնպես, համագումար է անելու, բայց այն համագումարը, որն ինքն է ուզում անել, օրինական համագումար է, այսինքն' ստացվում է, որ 4 տարին օրինակա՞ն է անցել: Իսկ մենք գտնում ենք, որ 4 տարվա անօրեն գործունեությունը պետք է իր գնահատականը ստանա:
-Առաջին հերթին ի՞նչ հարց եք ցանկանում բարձրացնել արտահերթ համագումարում:
-Ասենք' ինչպե՞ս կարելի է օրենքից դուրս գոյատեւել, ի՞նչ որոշումներ է ընդունել Կոմպոզիտորների միության նախագահը: Օրինակ` կան փաստեր, որ միության մի շարք անդամներ չկան ցուցակում' Կոստանտին Օրբելյանը չկա: Ամիրխանյանն ասում է' նա հեռացված չէ, ուղղակի ցուցակում չկա: Դե որ այդպես է' ես էլ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ եմ, ուղղակի ցուցակում չկամ: Փոխարենն այս տարիների ընթացքում միություն են ընդունվել մարդիկ, որոնց մենք չենք էլ ճանաչում: Մենք չգիտենք, թե ֆինանսական ի՞նչ մախինացիաներ են արվել, ինչի համար էլ պետք է աուդիտ հրավիրվի: Մենք չենք ասում' ինքը վատն է, իրեն հանեք, ուզում ենք ամեն ինչ օրինական լինի միությունում:
-Եթե Ձեր պահանջած հաշվետվությունները ներկայացվեն, արդյո՞ք հարցը դրանով կլուծվի:
-Ոչ, մենք ուզում ենք դուրս գալ սովետական մոդելից եւ ստեղծել նոր մեխանիզմ: Միությունն իրենից պետք է ներկայացնի մի կառույց, որի առաջին պայմանը թափանցիկությունը պետք է լինի: Այն պետք է կապեր հաստատի նաեւ մյուս երկրների կոմպոզիտորների միությունների հետ: Կարծում եմ' շատ կարեւոր է նաեւ երաժիշտ կատարողների դերը, եւ նրանք պետք է միասնական լինեն: Մենք պետք է կարողանանք Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն օգտագործել: Ես մեծ հույսեր եմ կապում մեր երիտասարդության հետ. կա երիտասարդություն, որի մեջ ճորտի մտածելակերպ չկա: Հայ ազգը տաղանդավոր է, դրա համար էլ չի սիրվում աշխարհի կողմից: Ցավոք, այդ տաղանդն օգտագործում ենք ի վնաս մեզ: Մենք պետք է հնարավորինս գնահատենք երիտասարդներին եւ աջակցենք նրանց կայացմանը:
-Փորձե՞լ եք դեմ առ դեմ Ամիրխանյանի հետ այս հարցերը քննարկել:
-Այդպիսի ցանկություն գուցեեւ եղել է, բայց չէ՞ որ դա պետք է երկկողմանի լինի: Շատ դեպքեր են եղել, որ նա ոչ ճիշտ ինֆորմացիա է հաղորդել, բայց ես չեմ ուզում խորանալ, քանի որ նա, հիրավի, մի շարք հիանալի երգերի հեղինակ է, եւ դրանում ոչ ոք չի կասկածում: Սակայն դա շատ քիչ է' քանդելու համար մեր միությունը: Ոչ մեկին չի տրված քանդել այն, ինչ կառուցել են մյուսները. կարող ես' ավելացրու: Մեր երկրի ցավը դա է' ոչ թե շարունակում են կառուցել, այլ ամեն մեկն ուզում է քանդել: Քանդելը շատ հեշտ է, կարող եք' կառուցեք:
-Դեռ անցած տարի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը ցանկություն կար Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչել, ինչո՞ւ է հարցն այսքան ձգձգվում:
-Այո, 2012-ի նոյեմբերին առաջինն այդ մասին բարձրաձայնեցին համաշխարհային աստղերը' Վալերի Գերգիեւը, Յուրի Բաշմետը, որոնք նամակով դիմեցին ՀՀ նախագահին` որ ճիշտ կլինի հավերժացնել Միրզոյանի հիշատակը եւ նրա անունով կոչել Դիլիջանի ստեղծագործական տունը: Նույն պահանջով մի խումբ հայ մտավորականներ նույնպես դիմեցին նախագահին, որից հետո Դիլիջանի ավագանին միաձայն որոշում ընդունեց եւ նույնպես իր համաձայնությունը տվեց: Այնուհետեւ Հանրային խորհուրդը, որն ունի մշակույթի ենթախումբ, նույնպես իր համաձայնությունը տվեց այն անվանափոխելու, բացի դրանից, Կոմպոզիտորների միության 124 անդամից 80-ը նույնպես /այսինքն' գերակշռող մեծամասնությունը/ միաձայն որոշմամբ պահանջեցին անվանակոչել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ: Շուտով կլրանա այդ գործընթացի 1 տարին, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա միության նախագահից, քանի որ Ամիրխանյանն ասում է, թե իրեն ոչ ոք պաշտոնապես չի դիմել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Yerkir.am-ը բարձրացված հարցերի շուրջ զրուցել է նաեւ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով` http://www.yerkir.am/am/news/55248.htm