Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1980-ականների երկրորդ կեսին, երբ ազդարարվեց «պերեստրոյկայի» մասին, մեկ-երկու տարի անց ռուս գրողների գզրոցներից լիքը գրականություն դուրս եկավ, որ սովետի գրաքննիչները չէին տպել:
Հայ գրողների անձնական պահոցները դատարկ էին, եւ միայն ծլարձակեց մի պստիկ վիպակ, որ ժամանակին արգելվել էր: Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարերը»-ը: Հայ գրողները արգելված տողեր չունեին, միայն Մահարու այդ գործն էր: Մինչդեռ ռուս գրողները ապշեցրին իրենց «անդերգրաուդային» գրականության հատորներով:
Ինչեւէ, հենց «պերեստրոյկայի» տարիներին ռուսական գրական հանդեսներից մեկում կարդացի մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ պատմվածք, որ կոչվում էր «Ձմեռային գլխարկ»: Կարդացի ու տեղնուտեղը ապշեցի, որ նաեւ նման գրականություն է լինում: Հեղինակը Սերգեյ Դովլաթովն էր: Պարզ է` հետո նրանից շա՜տ գործեր կարդացի ու հիացմունքս ավելի ու ավելի էր կրկնապատկվում:
Եկավ անկախությունը, եւ երբ մեր հայ «նշանավոր» գրողներին հարցնում էի, թե ոնց են գնահատում Դովլաթովի գրականությունը, քիթները վեր ցցած ասում էին՝ «դա գրականության լիմոնադն է», «դա գրականության էստրադան է».... Իբր իրենք լուրջ գրականություն են ստեղծել եւ շարունակում են ստեղծել:
Մի խոսքով, միայն լուրջ գրողը՝ Հրանտ Մաթեւոսյանը, չափազանց բարձր գնահատեց Դովլաթովին (մարդը գործից հասկանում, էր, էլի):
Հայ-հրեական ծագումով ռուս գրող Դովլաթովը իր ստեղծագործություններում այնպես է բացահայտել թե՛ սովետական եւ թե՛ ամերիկյան իրականությունը, որ պարզապես ցնցում է ընթերցողին: Ինձ, որ հաստատ: Ավաղ, ինչպես Հրանտ Մաթեոսյանն է ասում՝ լավերը գնում են, վատերը տնքում են ու չեն մեռնում:
Դովլաթովը մահացավ, երբ դեռ 50 տարեկան էլ չկար եւ մահկանացուն կնքեց ԱՄՆ-ում:
Այսօր նրա ծննդյան օրն է: Շնորհավո՛ր...
Կիմա Եղիազարյան