կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 11:54
Առանց Կատեգորիա

Ընտրել իշխանություն ու պայքարել նրա ամեն քայլի դեմ

Ընտրել իշխանություն ու պայքարել նրա ամեն քայլի դեմ

Կանխատեսումները, թե Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական կյանքը երկրում կանգ է առնելու, մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններ, չիրականացան: Քաղաքական թեժ գարնանը հաջորդեց թեժ ամառը ու դեռ ավելի թեժ աշուն է սպասվում եւ գուցե արդեն լուծումներով հարուստ ձմեռ' կախված իշխանության դիմադրողականության աստիճանից: Երեւանը եռում է բողոքի գործողություններով, նրան են միանում մարզերը:

 

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքողները այժմ էլ նստացույց են սկսել եւ մեկ ամիս շարունակ գիշեր-ցերեկ պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ, էքսցենտրիկ պահվածքով հայտնի, գծատերերի հովանավորյալ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, մեկ այլ խումբ պայքարում է կարմիր գծանշումով վճարովի ավտոկանգառների որոշման դեմ, մեկ այլ դեպքում Կոմիտաս 5-ում հերթական բետոնապատման դեմ են պայքարում շենքի բնակիչներն ու ակտիվիստներ, ինչպես թվարկած նախորդ դեպքերում, այս անգամ եւս մշտական բախումներ ոստիկանության, բերետավորների հետ, երկկողմանի` հաճախ լկտի պահվածք ու բերման ենթարկումներ:

 

Երեւանի «Ազատության» հրապարակում շարունակվում է ազատամարտիկների նախաձեռնած նստացույցը եւ հացադուլը: Բողոքի ալիքը արդեն մարզեր է հասել, եւ հայրենիքի փրկության համար ոտքի ելածները այժմ էլ պայքարում են իրենց «փրկության» համար: Մշտապես բողոքի ցույցեր են տեղի ունենում նախագահի նստավայրի առջեւ, անգամ երբ նախագահը հանգստի էր մեկնել: Մեկ նաիրիտցիներն են աշխատավարձ պահանջում, մեկ «Արմավիայի» զոհերը կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները, իսկ կառավարության դիմաց բողոքողները խախտել են միայն նիստի օրերին շենքի մուտքը շրջափակելու ավանդույթը, եւ ցուցարարների կարելի է տեսնել շաբաթվա գրեթե բոլոր օրերին:

 

Սննունդը թանկացել է, մարդիկ սկսել են բողոքել, ամեն օր երթուղայինում անծանոթները զրույցի են բռնվում ու «թաղեմ», «հողեմ գլուխները» արտահայտություններն անպակաս են: Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման բացասական ազդեցությունը կերեւա արդեն ձմռան սկզբին, երբ առաջին «բաքսիները» կսկեն քամել ընտանեկան  բյուջեն:

 

Բողոքի ցույցերի ընթացիկ եւ հնարավոր շքերթը կարելի է շարունակել: Մարդիկ կարծես կորցնելու այլ բան չունեն` կամ բողոքել կամ լքել երկիրը: Երկրորդ տարբերակին դիմում են շատ ավելի մեծաթիվ հայաստանցիներ, սակայն առաջին տարբերակը եւս թափ է հավաքում, ինչն էլ կարող է հուսադրել, որ ոմանք դեռ ձեռնպահ կմնան արտագաղթի գաղափարից և կնախընտրեն պայքարը՝ հանուն արդարության:

 

Ամենահետաքրքիրը, սակայն, սա չէ, այլ այն, որ մենք ընտրել ենք մի իշխանություն, որի ամեն որոշման դեմ պետք է պայքարել:

 

Այսօր ամենաշատ դժգոհությունները կարելի է լսել երեք մարդու վերաբերյալ` ՀՀ նախագահ, վարչապետ ու Երեւանի քաղաքապետ` հայտնի դեպքերի արդյունքում:

 

Սերժ Սարգսյանն ընտրվել է 58,64 տոկոս ձայնով, ավելի քան 850 հազար քաղաքացի վստահել է նրան: Տարոն Մարգարյանը հավաքել է 55,86 տոկոս ձայն, 235 հազար երեւանցի էլ նրան է վստահել:

 

Նրանց ընտրողների մի մասը այսօր հիմնականում գնացել է կամ մասնակցում է բողոքի գործողություններին: Վարդենիկում բնակվող իմ ծանոթը, որ գլուխ էր գովում, թե քանի ձայն է բերել Սերժ Սարգսյանին փետրվարի 19-ի ընտրություններում, ապրիլի 5-ին գնաց խոպան, ինչպես ինքն էր ասում՝ որ ընտանիքը  սովից չմեռնի:

 

Նրանց ընտրել են մարդիկ, ժողովուրդը, նրանց դեմ այսօր պայքարում է ժողովուրդը: Արդյո՞ք կարող ենք հիշել մի դեպք, երբ քաղաքացիների գոնե այն հատվածը, որը ձայն է տվել այսօրվա ղեկավարությանը, համախմբվի եւ հանրահավաքի միջոցով ծափահարի իր ընտրյալներին այս կամ այն որոշման համար: Չկա: Եվ ցավն էլ հենց դա է, որ ընտրում ենք իշխանություն ու ձեռքն ընկնում կրակը:

 

Սա էլ մեր քաղաքացիների ամենավատ գիծն է` տեսնելով գաղջ իրականությունը, արդյունքում հավանություն են տալիս դրա «կերտողներին», ընտրում են իշխանություն` հստակ իմանալով, որ երկիրը տանում է կործանման, եւ արդեն մենք եւս մասնակից ենք դառնում կատարվող հանցանքներին:

 

Երեւանում բողոքի գործողությունները նոր թափ են ստանում, այդ բողոքին մասնակցում են մարդիկ, որոնց ինքս ճանաչում եմ եւ գիտեմ, թե ինչ ջանքեր էին ներդնում  Տարոն Մարգարյանի կամ հենց Սերժ Սարգսյանի ընտրվելու համար: Բողոքի ալիքը նոր զանգվածներ է խոստանում, քանի որ լուծումները մանր են, ոչինչ չասող, այդ լուծումներն ավելի դանդաղ են, քան խնդիրների կուտակման տեմպն է: Բայց կարծես թե դեռ չկա վստահություն, որ այսօրվա բողոքավորները` բացահայտ եւ կամ թեյի սեղանի շուրջ, կրկին չեն ծափահարելու իրենց արդեն թշնամացող ղեկավարությանը:

 

Ահարոն Համբարձումյան