կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-16 13:47
Տնտեսական

ՊԵԿ-ը գործում է խուլիգանների պես

ՊԵԿ-ը գործում է խուլիգանների պես

«Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձել է ձեռնարկությունում իրականացվող բնապահպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Սյունիքի դատախազության վերջին քայլերին: 168.am-ի փոխանցմամբ,   Հրաչ Ջաբրայանը ասել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ավելի դժվար է հանդիպել, քան երկրի նախագահին:

 

«Ի՞նչ ստուգումներ է իրականացնում, ինչի՞ համար, ո՞ր խախտման համար և այսօր էլ հայտարարում է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան»-ը Շահումյանի հանքավայրում ճանապարհ կառուցելու համար չի դիմել նախարարությանը…: Պարոն Հարությունյան, բարի եղեք հանդիպել խոշոր ձեռնարկության տնօրեններին ու անձամբ ճշտեք՝ ինչն ինչոց է: Ես գումարներ ավելորդ չունեմ ձեզ տալու»,- ասաց Հրաչ Ջաբրայանը:

 

Ըստ նրա՝ մոտ երեք ամիս առաջ ՊԵԿ-ի ներկայացուցիչները զինված մտել են ընկերության տարածք, առգրավել համակարգիչներն ու տարել: «ՊԵԿ-ի նախագահին եմ ասում, մեզ մոտ կրիմինալներ չկան, դուք խուլիգանի պահվածք դրսևորեցիք: Զարգացած երկրներում խուլիգանական շարժումներն են այդպես լինում: Դուք մտել եք կրթված մարդու մոտ, բարի եղեք գործել քաղաքավարի»,- ասել է Ջաբրայանը: Վերջինս չի թաքցրել, որ նեղված է կառավարության պահվածքից:

 

«Հավատացեք, օտարերկրացի սեփականատիրոջը դժվար է համաոզել, որ ներդրում անի այս պայմաններում: Սա կբերի աշխատողների կրճատում, արտագաղթի մեծացում: Այսօր մեզ պետք է 900 աշխատող, բայց 1200 ենք աշխատում: Էլ ո՞նց ներդրում անեք, ի՞նչ սրտով աշխատենք»,- հայտարարել է  նա՝ վստահեցնելով, որ ճնշումների չի ենթարկվելու:

 

Ի դեպ, Հրաչ Ջաբրայանին զարմացրել է նաև Սյունիքի մարզային դատախազության դատախազ Գարիկ Դանիելյանի պահվածքը: Վերջինս լրատվամիջոցներով տարածել է, որ քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: «Կանադայից զանգում է ներդրողը՝ ասում է Հրաչ, ի՞նչ է կատարվում, պատասխանում եմ՝ տեղյակ չեմ: Միայն հաջորդ օրը պաշտոնապես ստացա: Ու ասեմ՝ ես էի անցած տարի դիմել դատախազություն, որ սաբոտաժ են անում ընկերության դեմ: Փաստորեն, ուզում են ուղղել մեր դե՞մ»,- ասել է  գլխավոր տնօրենը՝ հերքելով, որ քրգործ է հարուցված: Վերջինս դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրանքով հանդիպել և ներկայացնել ստեղծված իրավիճակը: ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ ժամանակ ունենալու դեպքում անպայման նախագահը կհանդիպի տնօրենին: «Եթե երկրի կառավարությունը սա է, այսպես է աշխատելու, ապա ես լուրջ ասելիք ունեմ հանրապետության նախագահին: Զինված մտնում ես իմ տարածք, ինչ է, ուրիշների նման ես ալ իմ տանը զենք-զինամթերք ունեմ պահած»,- նշել է  Ջաբրայանը:

 

168.am-ի հարցին, թե արդյոք մինչ նախագահին հանդիպելը՝ չե՞ք փորձել Ձեր դիտարկումները ներկայացնել երկրի վարչապետին, նա խատասխանել է. «Նախընտրում եմ աշխատել երկրի նախագահի հետ, քանի որ նա է երկրի հայրը և հոր հետ ավելի հեշտ է»:

 

 Մանրամասները տեսանյութում: