|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Այսպիսով` եվրաինտեգրման գործընթացում Հայաստանն ընդհուպ մոտեցավ ամենակարևոր և ամենաինտրիգային հանգուցակետին` Վիլնյուսում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրմանը: Ֆյուլեի և Էշթոնի համատեղ հայտարարության ողջ իմաստն այն է, որ դրա համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:
Հետաքրքրականն այն է, որ պաշտոնական Երևանն այնքան էլ չկիսեց ԵՄ գործընկերների այս ոգևորությունը: Արտաքին դիվանագիտության ոլորտում ցանկացած փոքրիկ հաջողություն տրիումֆի վերածելու սովոր ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում բանակցությունների ավարտի մասին ոչինչ գրված չէ, պետական պաշտոնյաներից և իշխանության ներկայացուցիչներից և ոչ մեկն այդ կապակցությամբ հավելյալ մեկնաբանություններով հանդես գալու փորձ այդպես էլ չարեց: Նկատելի էր, որ հայկական կողմը ձգտում է հնարավորինս աննկատ թողնել բանակցություններն ավարտելու հանգամանքը և այդ կապակցոթյամբ ԵՄ-ից հնչող արձագանքները, ինչը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի խանդն ավելորդ անգամ չշարժելու ցանկությամբ` հաշվի առնելով արդեն իսկ լայն թափով հայաստանյան իշխանությունների դեմ սկսված ռուսական` գրեթե հիստերիկ բնույթ ունեցող քարոզչական հարձակումները:
Արդեն երկու անգամ` նախ` Վարշավայում, հետո էլ` Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն հասկացրել է, որ Վիլնյուսում Հայաստանի կողմից այդ փաստաթղթերի նախաստորագրումը դեռևս ոչինչ չեն նշանակում` նախանշված նպատակներին հասնելու, այսինքն` ԵՄ Մաքսային միությանը միանալու տեսանկյունից: Իբրև առիթ կամ պատճառ` բերվում է ԵՄ տնտեսական տարածքի հետ Հայաստանին միացնող միակ օղակի` Թուրքիայի հետ փակ սահմանների առկայությունը, ինչը իմաստազրկում է նախաստորագրվող համաձայնագրերի գործնական նշանակությունը: Փաստարկը թվում է հիմնավորված ու դիվանագիտական առումով ուժեղ, որովհետև կառուցված է այն իրողության վրա, որ, միևնույն է, ԵՄ-ն չի կարող ստիպել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանները: Սակայն սա ոչ այնքան այդ համաձայնագրերից կամ եվրաինտեգրման գործընթացներից շրջվելու, որքան ժամանակ շահելու նպատակ է հետապնդում:
Խնդիրն այն է, որ Վիլնյուսում այդ պայմանագրերի նախաստորագրումը դեռևս ոչինչ չի նշանակում: Այն դեռևս չի երաշխավորում Հայաստանի միացումը ԵՄ մաքսային տարածքին: Դրանից հետո այդ համաձայնագրերը պետք է վավերացվեն ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ անդամ բոլոր 28 երկրների օրենսդիր մարմինների կողմից, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է լինելու: Երևանի խնդիրն, ըստ այդմ, դառնում է Մոսկվային համոզելը, որ վիլնյուսյան գագաթաժողովը երկու «ստրատեգիական գործընկեր» պետությունների ապահարզան չի նշանակում: Թուրքիայի հետ փակ սահմանների փաստարկի ներկայացումը, այսպիսով, ուղղված է հենց Ռուսաստանին` ցույց տալու համար, որ սա ավելի շատ խաղ է ԵՄ-ի հետ այնտեղից ֆինանսական օժանդակություն ստանալու համար, քան իրական ինտեգրման պրոցես: Եթե դա աշխատի, ապա Մոսկվան, ամենայն հավանականությամբ, աչք կփակի համաձայնագրերի նախաստորագրման իրողության վրա:
Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի հանդուգն «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ արսենալը` թե տնտեսական ու էներգետիկ, թե' քաղաքական և թե' հոգեբանական ու քարոզչական: Եվ պարզ չէ` եթե Հայաստանն այս ընթացքում կարողանա դրանք մի կերպ, ցնցումներով հաղթահարել, էլ ինչպե՞ս է փորձելու Մոսկվան ջարդել Հայաստանի եվրոպական ամբիցիաները: Միակ լուրջ զենքը, որը դեռևս չի կիրառվել Մոսկվայի կողմից, այնտեղ ապրող ու աշխատող հայերին, հատկապես` ՌԴ քաղաքացի չհանդիսացողներին, «դեպորտի» ենթարկելը կամ դրա իրատեսական սպառնալիք ստեղծելն է, որի հետ կապված նախազգուշացումներն արդեն իսկ արվում են, իհարկե, ոչ հատուկ կոնկրետ հայերի կտրվածքով: Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի այն առաջարկությունը, թե պետք է երկրից վտարել ճանապարհային երթևեկությունը խախտող օտարերկրացիներին, ընդհանրապես` միգրացիոն օրենսդրությունը խստացնելուն ուղղված վերջին քայլերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է Մոսկվան օգտագործել այդ ծանր մահակը Հայաստանի նկատմամբ: Եվ հենց դա է, որ իր հետագա գործողություններով պետք է փորձի կանխել Հայաստանի իշխանությունը:
Ողջ հարցն այն է` որքանո՞վ է վերջինս դեռևս վստահելի Մոսկվայի համար: Ռուս փորձագետների վերջին «վերլուծությունները», լրագրողական հանրույթի դիտարկումներն առ այն, որ Հայաստանի իշխանությունների և երկրի բնակչության միջև անջրպետը գնալով մեծանում է, ցույց է տալիս նաև իշխանության նկատմամբ Հայաստանում հասարակական ճնշման մեծացման հարցում ռուսների շահագրգռությունը, թեև ակնհայտորեն Երևանում ծավալվող իրադարձությունները ռուսների հետ որևէ կապ չունեն: Իսկ դա միանշանակ խոսում է Կրեմլում հայաստանյան իշխանական էլիտայի հանդեպ վստահության լուրջ կորստի մասին: Հետևաբար` նախքան Վիլնյուս մեկնելը Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է փորձի հաղթահարել հենց այդ պատնեշը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ