Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Թեեւ թեկնածուները 3-ն են, բայց հիմնական պայքարը գնալու է Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ինքնաառաջադրված, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի եւ ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի միջեւ: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը մասնակցել է գյուղապետի նախորդ ընտրություններին եւ եղել նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը: Թեեւ իշխանություններն ամեն ինչ անում են ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակի համար, բայց նախկին գյուղապետի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, համոզված է, որ հաղթելու է Վովա Սահակյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը պատմեց, որ անգամ գյուղի զինվորականներին են մեկ-մեկ կանչում, ժողովներ անում եւ հրահանգում` գնալ եւ ձայնը տալ Արթուր Մուրադյանին:
«Օրինակ` խաղաղապահներին արդեն հավաքել, ժողով են արել եւ ասել` ձեր ձայները կտաք Արթուրիկին: Ասում են` կգնաք, կնկարեք ձեր քվեարկած քվեաթերթիկները, շտաբում ցույց կտաք, թե չէ` մյուս օրը գործից բոլորիդ կազատեն: Այսօր էլ ժամը 11-ին ՊՆ-ում կանչել են իրենց բոլոր աշխատողներին` սկսած հավաքարարից, անգամ եթե արձակուրդի մեջ է, հանձնարարել են գնալ եւ ձայնը տալ Արթուրիկին»,- պատմեց սպանված գյուղապետի եղբոր որդին:
Մեր այն դիտարկմանը, թե այս ամենի գլխին կանգնած է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյա՞նը, Հակոբ Մուրադյանը պատասխանեց, որ ամեն ինչ շատ ավելի վերեւներից է գալիս: «Եթե բանը հասել է մինչեւ ՊՆ, եւ ՊՆ աշխատողներին են կանչում, դժվար մարզպետն այդքան թափ ունենար: Մարզպետը էս գործի քեռին է: Պարզապես հիմա քաշվել է մի կողմ, բայց բոլորս էլ գիտենք, որ նրա մատն էլ է խառը մեր գյուղի էս վիճակի մեջ: Քաշվել է մի կողմի, բայց ուզում է իր կոկորդի փուշը հանել. մեր Պռոշյանը նրա կոկորդի փուշն է»,- նշեց Հակոբը:
Ինքնաառաջադրվելով Արթուր Մուրադյանը եւ ՀՀԿ-ն փորձում են ցույց տալ, թե այս ամենի հետ ՀՀԿ-ն կապ չունի, բայց, ըստ Հակոբի, բոլորն էլ ամեն ինչ շատ լավ հասկանում են:
«Իշխանությունները չեն ուզում հստակ ասել, որ պաշտպանում են Արթուրիկին, որ վաղը պռոշյանցին չասի` բա ո՞նց էիք էս մարդուն պաշտպանում: Պռոշյանում իշխանությունների նման պատրաստությունները սովորական են դարձել: Արդեն սովորական է դարձել, որ այսքան բան անում են, բայց մեկ ա` գիտեն, որ պարտվելու են: Անցած ընտրությունների ժամանակ էլ են նույնը արել, բայց հիմա քանի որ արտահերթ ընտրություններ են, բան ու գործ չունեն, ավելի հանգիստ պայմաններում են, ավելի շատ են իրենց ուժերը կենտրոնացրել Պռոշյանի վրա, ամեն ձայնի վրա հատիկ-հատիկ աշխատում են` մեկին ահաբեկում են, որ գործից կհանեն, մեկին փող են խոսք տալիս, մյուսին` գործ»,- պատմեց Հակոբը:
Նա վստահ է, որ պռոշյանցին շատ լավ հասկանում է, որ այս ընտրությունը իրենց գյուղապետի ընտրությունն է, պետք է ընտրություն կատարեն` մեկ գյուղապե՞տ են ուզում ունենալ, թե՞ մեկին, ում գլխին տասը գյուղապետ է լինելու: Հակոբը թեեւ ընդունում է, որ իշխանությունների ահաբեկումը իրենց ազդեցությունը կունենա ձայների վրա, բայց, մյուս կողմից էլ, վստահեցնում է, որ դա որոշիչ չի լինելու վերջնական արդյունքի վրա:
«Մարդիկ տեսնում են` Արթուրիկը ով է: Որքան էլ իշխանությունները ցանկանան, որ նա անցի, բայց հո չեն կարող մարդկանց աչքերը փակել. մարդիկ իրենց ապագան են ընտրում, իրենց երեխեքն էդ գյուղում պետք է ապրեն: Մի մարդ, որի անունը առաջին օրվանից շրջանառվեց Հրաչի սպանության մեջ, հենց այնպես չի կարող անցնել, ժողովուրդը տեսնում է, գիտի դրա մասին: Չնայած նրան, որ հիմա փորձում են սրբացնել Արթուրին, բայց բոլորն էլ տեսել են, գիտեն, թե ինչ է նա արել անցած ընտրությունների ժամանակ. հիմա` այս ամբողջ ընթացքում, մի շաբաթում, մի ամսում մարդը չի կարող փոխվել, թիմը չի կարող դառնալ հրեշտակների թիմ»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Հակոբ Մուրադյանը նաեւ վստահեցրեց, որ իրականում իշխանությունների հորդորով է Արթուր Մուրադյանն առաջադրել իր թեկնածությունը: «Նրանից բացի, էլ ո՞վ իրեն թույլ կտար, գար էդ արյան վրա փորձեր դառնալ գյուղապետ: Գտել են մեկին, ում ինչ ասեն, ոնց ասեն` անի»,- նշեց նա: