Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարդավառ կամ վարդեվառ, հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոն է, որ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության կամ պայծառակերպության տոնով
Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։
Իրար վրա ջուր ցողելու կամ ջրելու ավանդույթը ժողովրդական լեզվում անվանվում է նաև ջրոցի։ 2014 թվականից սկսված Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է Վարդավառ միջազգային փառատոնը: