կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 12:15
Հասարակություն

Շուրջ 200 համալսարանականներ կայցելեն Արցախ

Շուրջ 200 համալսարանականներ կայցելեն Արցախ

Հուլիսի 5-7-ը Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ:

 

Գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու է 30 զեկուցում, կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ: Համերգի ընթացքում կհնչեն ռազմահայրենասիրական երգեր:

 

2013 թ. փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 25-րդ տարին: Այդ որոշումը հաճախ ընկալվում է որպես Արցախյան շարժման սկզբի խորհրդանիշ: Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը հայոց պատմության նորագույն շրջանի համար: Նման պարագայում «անկախության սերունդը» պարտավոր է գիտական մակարդակով վերհանել Արցախյան շարժման յուրաքանչյուր դրվագ` դարձնելով այն գիտավերլուծական կարևոր թեմա:

 

Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել  Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար: