Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 1-ից կմեկնարկի «Արձակ 2013» պատմվածքների մրցույթը:
Գրականագետ, մրցույթի համակարգող Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթը դարձել է ամենամյա, քանի որ այն գրական միջավայրում արդեն անհրաժեշտություն է դարձել:
«Մենք իրականացրել ենք բոլոր այն խնդիրերը, որոնք դրել էինք մեր առջեւ` ժամանակակիցների ստեղծագործություններն ավելի մասսայականացնել, զարկ տալ պատմվածքի ժանրի բոլոր նորություններին, ինչպես նաեւ բացահայտել նոր հեղինակներ»,- ասաց Նիկողոսյանը եւ հավելեց, որ մրցույթը նպաստում է նաեւ, որ հայ ժամանակակիցների գործերին ծանոթանան նաեւ օտարերկրացիները. «19 պատմվածք արդեն անգլերեն լեզվով թարգմանվել է, եւ այժմ ընթացքի մեջ է պատմվածքների գերմաներեն լեզվով թարգմանությունը»:
Ըստ Նիկողոսյանի`թեեւ մրցույթի հետ կապված քննադատությունների մեծամասնությունը անձնական հողի վրա է, ամեն դեպքում, քննադատությունների առողջ հատիկները վերլուծելով, մի շարք փոփոխություններ են կատարվել մրցույթում: Առաջին փոփոխությունը, ըստ Նիկողոսյանի, այն է, որ պատմվածքները կներկայացվեն միայն իրենց վերնագրերով, եւ հեղինակի անունը չի նշվի, ինչպես նաեւ ավելացել է «Լավագույն մանկական պատմվածք»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք դեռ վաղուց են ահազանգել` Հայաստանում մանկապատանեկան գրականության հետ մենք խնդիր ունենք, քանի որ մանկագիրների միջին տարիքը 70-ն է:
«Շատ դժվար է այդքան պատմվածք կարդալ, առավել եւս` այն դեպքում, երբ ունենք հեղինակներ, որոնք կյանքում ոչ մի գիրք չեն կարդացել, իրենք գրող ծնվել են: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արտասահմանում սկսել են գնահատել մեր ջանքերը եւ մրցույթը մի յուրահատուկ այցեքարտ է մեզ համար դարձել. արդեն համագործակցություն կա Վրաստանի հետ, եւ պատմվածքներից շատերը կթարգմանվեն նաեւ վրացերեն»,- ասաց Մարտիրոսյանը:
«Գրանիշ» կայքի հիմնադիր Կարեն Անտաշյանը հավաստիացնում է, որ ժյուրին հնարավորինս անաչառ է եւ մի կողմ է թողնելու բոլոր նախապաշարմունքները:
«Գնահատման միակ սկզբունքը մնում է ստեղծագործության գեղարվեստական արժեքը: Չնայած, ճիշտ է, սուբյեկտիվ գործոնը չի կարող լրիվ բացառվել: Տարեցտարի ավելանում է այն մասնակիցների թիվը, որոնք արդեն կայացած անուններ են գրականության ոլորտում, ինչը նշանակում է, որ մրցույթը սկսում է արդեն իր հաստատուն դիրքն ունենալ գրական դաշտում»,- ասաց Անտաշյանը:
Նա նշեց նաեւ, որ հայ հեղինակներից շատերն իրենց կեղծ պրոֆիլներով պատմվածքի ներքեւում սկսում են մեկնաբանություններ թողնել` լավ կամ վատ, որոնք ժյուրիի վրա չեն ազդում:
Գրականագետ Հայկ Համբարձումյանն էլ պնդում է, որ արդեն գործ ունենք կայացած ստեղծագործական մրցույթի հետ, որը կարողանում է ապահովել օբյեկտիվություն: Ըստ նրա` հայ հեղինակները ճիշտ տեղում են ներկայացնում իրենց պատմվածքները:
Գրականագետ, մրցույթի ժյուրիի անդամ Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ շատ ճիշտ էր այս տարվա փոփոխություններից մեկը, ըստ որի` պատմվածքները լինելու են անանուն. «Ես առաջին անգամ եմ ժյուրիի կազմում, թեպետ նախորդ տարիներին անպայմանորեն ընթերցել եմ պատմվածքները: Ժյուրիի անդամներին ներկայացնելով պատմվածքն առանց հեղինակների` մենք եւս մեկ անգամ փաստում ենք, որ պատմվածքի մրցույթ ենք անցկացնում, որի ընթացքում միայն պատմվածքի գեղարվեստական արժեքն է գնահատվում»: