կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:47
Տնտեսական

Շահույթով է աշխատել ապահովագրական 5 ընկերություն

Շահույթով է աշխատել ապահովագրական 5 ընկերություն

2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն:

 

Ըստ ԿԲ առաջին եռամսյակի համար ներկայացված տվյալների` ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում ավելացել են 12.7%-ով եւ 2013 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 43.2 մլրդ դրամ. պարտավորություններն ավելացել են 18.4%-ով եւ կազմել են 29.2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն ավելացել է 2.4%-ով եւ կազմել 14.1 մլրդ դրամ:

 

2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 330.5 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների` 3.5%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 9.5%: Շահույթով է աշխատել 5 ընկերություն:

 

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն` ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013 առաջին եռամսյակում կազմել է 340.8 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների` 3.3%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 9.3%:

 

Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 11.4 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 751.1 մլն դրամ կամ ապահովագրավճարների 6.6%-ը: Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 168.9 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 3.4%-ը:

 

Մարտի 31-ի դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 532.9 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 8.0 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 2.0 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 25.5%-ը: