Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում, անցկացվեց ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների հանրային քննարկում:
Ծրագրի տեղական համակարգող, ՀԱԱ գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանի խոսքերով՝ ուսումնասիրության նպատակը «ընթերցանության ճգնաժամի» հետազոտությունն է և հրատարակչությունների, գրադարանների, դպրոցների համագործակցությունն՝ ի նպաստ ընթերցանության սովորույթի զարգացման:
«Ուրախ եմ, որ քննարկումը տեղի է ունենում Ընթերցողի արձանի հարևանությամբ, և հենց ընթերցողի խորհրդավոր բացակայությունն այս արձանի մեջ հիմք է տալիս քննարկել ընթերցանության մակարդակը Հայաստանում»,- ասաց արձակագիր, դրամատուրգ Դավիթ Մուրադյանը:
Ընթերցանության ոլորտի ուսումնասիրությունն իրականացրել է «Սենսեյ» մարկետինգի ակադեմիան: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի բնակչության 37%-ն ընդհանրապես գիրք չի կարդում իսկ հարցվածների 44%-ը պատասխանել է, որ վերջին 5 տարում սկսել է ավելի քիչ կարդալ: Ավելի քիչ կարդացող խմբի 70%-ն ամուսնացածներն են, որպես ընթերցանության խոչընդոտ է նշվել ժամանակի պակասը: Ընթերցանության հիմնական տարիքը միջին դպրոցական տարիքն է՝ 10-16 տարեկան:
Վերջին հինգ տարիների ընթացքում ավելի շատ է սկսել կարդալ բնակչության ընդամենը 14%-ն, ընդ որում 38%-ը՝ դրդված ուսումնական ընթերցանության անհրաժեշտությունից: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ավելի շատ սկսել են կարդալ ուսանողները՝ 64%-ը իգական սեռի ներկայացուցիչներ: Հարցվածների ընդամենը 6%-ն է գրքերի մասին տեղեկատվություն ձեռք բերում գրախանութներից: Պարզվում է` Հայաստանի 67%-ը չի հաճախում գրադարաններ: Հաճույքի համար կարդում է մեր բնակչության 52,4, ինքնակրթության համար՝ 43,5, իսկ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար 20,6%-ը:
Հայաստանի բնակչության 87%-ը նախընտրում է դասական արձակ ստեղծագործություն կարդալ, մասնավորապես՝ հայերեն լեզվով վեպ: Երկրորդ ամենաշատ ընթերցվող լեզուն ռուսերենն է: Թեև վերջին շրջանում ավելացել են էլեկտրոնային գրքեր ընթերցողները, այնուամենայնիվ, 78%-ը նախընտրում է կարդալ տպագիր գիրք:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը քննարկման ժամանակ կարևորեց մանկապատանեկան տարիքի ընթերցանության բարելավումը: «Յուրաքանչյուր այսպիսի նախագիծ պետության աջակցության կարիքն ունի: Պետք է անդրադառնալ դասագրքերի բովանդակությանն ու մատչելիությանը, քանի որ դա ևս երեխաներին ընթերցանության տրամադրելու նախադրյալ է»,- ասաց նա:
Ռուզաննա Տոնոյանն ասաց, որ երեխաներն ամենաշատը կարդում են Թումանյանի հեքիաթները, «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ հաստատեց, որ Թումանյանի հեքիաթներն ամենաշատ վաճառված գրքերից են:
Վ.Բրյուսովի անվան ՊԼՀ դասախոս Դավիթ Գյուրջինյանը նշեց այն երեք կետերը, որոնց միջոցով պետք է ժամանակակից մարդուն մոտեցնել ժամանակակից գրականությանը. «Պետության աջակցություն՝ դպրոց, ընտանիք և ԶԼՄ, այս առումով հատկանշական է «Արմնյուզ» հեռուստատեսության «Իմ գրադարանը» հաղորդումը, որը հեռուստադիտողին թույլ է տալիս հյուր գնալ մեկի տուն և իմանալ, թե ինչ է կարդում նա»:
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը: «Այսօր մենք մեր ձեռքի տակ ունենք այնպիսի ուսւոմնասիրություն, որը ոչ միայն մտորելու առիթ պետք է տա, այլև օգնի ընթերցանության մակարդակը բարձրացնելու լուծումներ գտնել»,- ասաց նա:
ՀՊՄՀ դասախոս, Ընթերցանության հանրապետական մրցույթների համակարգող Լիլիթ Տեր-Գրիգորյանը ևս կարևորեց պետական աջակցությունը՝ նշելով. «Եթե 1983թ. դպրոցներում մայրենի լեզվին հատկացվում էր 11 ժամ, ապա այսօր՝ ընդամենը 7 ժամ: Ստացվում է՝ տարեկան 120 ժամ երեխան զրկվել է մայրենի լեզվից, մինչդեռ նոր սերնդի մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու և զարգացնելու համար պետք է սկսել հենց այստեղից»:
Աղբյուրը` books.am