կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 16:20
Հասարակություն

''Շանթն'' աշխատանքից ազատել է Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառման համար

''Շանթն'' աշխատանքից ազատել է Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառման համար

Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունն ազատել է աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Դուլյանը նշեց, որ երեկ «Շանթի» լրատվության բաժնի ղեկավարը զանգահարել է իրեն եւ ասել, որ վաղվանից այլեւս աշխատանքի չգնա, քանի որ հեռացրել են աշխատանքից: «Ինձ, որպես պատճառ, ներկայացրել են այն, թե Facebook-ում ես անդրադարձել եմ այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, ուզում էին անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային` կատակներով, ծիծաղելի նկարներ ցուցադրելով, սակայն պետական չինովնիկները թույլ չեն տվել հաղորդումը ցուցադրել: Իսկ ես զուգահեռներ էի անցկացրել եւ նշել, որ նույն այդ մտածելակերպը նաեւ մեզ մոտ է առկա»,- ասաց լրագրողը` հավելելով, որ, չգիտես` ինչու, «Շանթի» ղեկավարությունն իրեն է դա վերագրել.:

 

«Բայց ինչպե՞ս կարող էի ես նրանց նկատի ունենալ: Որեւէ բանական մարդ, որն աշխատում է ինչ-որ ընկերությունում, դժվար թե վիրավորի այդ ընկերությանն ու ղեկավարին, իսկ «Շանթի» ղեկավարին ես շատ հարգանքով եմ վերաբերվում»,- հավելեց նա:

 

Դուլյանը հավաստիացնում է, որ մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ շոկից եւ հասկանալ, թե ինչպե՞ս է պատահել, որ «Շանթի» ղեկավարն այդ գրառումը վերագրել է իրեն: «Առանց ինձ կանչելու, պարզաբանում ստանալու կամ ուղղակի հարցնելու` Արմե'ն, եթե մենք այսքան լավ հարաբերությունների մեջ էինք, ինչո՞ւ որոշեցիր մեզ «հայհոյել»... Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ»,- ասաց նա:

 

Դուլյանը նշեց, որ մնացել է թոշակառուի կամ էլ աշխատանք փնտրողի կարգավիճակով: «Եթե դուք աշխատանք առաջարկեք, ձեզ մոտ կաշխատեմ»,- ասաց նա: Հարցին, թե որքանո՞վ է հիմնավոր ֆեյսբուքյան գրառման պատճառով մարդուն աշխատանքից հանելը (վերջերս էլ «Հայոց աշխարհի» լրագրողներից մեկին` Կիմա Եղիազարյանին նույն պատճառով հանեցին աշխատանքից), լրագրողը պատասխանեց, որ հարցով պետք է դիմենք նման որոշում կայացնողներին:

 

Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Բայց ինչ նման ենք... Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»: