Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անգնահատելի է հայ մեծանուն կոմպոզիտոր, խմբավար ու մշակութային գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի դերը մեր երաժշտական մշակույթի զարգացման գործում: Իր ռոմանսներով նա նոր որակի հասցրեց հայ երգարվեստը, «Ղրիմյան էսքիզներ», «Երեք արմավենի», «Երևանյան էտյուդներ» երկերով, փաստորեն, դարձավ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը, իսկ հիասքանչ «Ալմաստը» նոր էջ բացեց հայկական օպերային արվեստի պատմության մեջ:
Ծնված լինելով և ապրելով հայրենիքից հեռու` Ղրիմում, մեծ արվեստագետն իր ստեղծագործությամբ, այնուամենայնիվ, կապված էր հայրենի մշակույթին և, իր ներկայության անհրաժեշտությունը գիտակցելով, գուցե նաև արյան կանչով կյանքի վերջին տարիներին (1924-28թթ.) եկավ և ապրեց Մայր հայրենիքում: Անշուշտ, պարտավոր էինք արժևորել և պահպանել բազմավաստակ կոմպոզիտորի թողած ստեղծագործական հարուստ ժառանգությունը և պահպանեցինք: Այդ գործում մեծ էր հատկապես նրա դստեր` երաժիշտ (վոկալիստ), գրող-հրապարակախոս, նկարիչ ու մշակույթի գործիչ Մարինա Սպենդիարովայի դերը (1903-1982թթ.):
Ծնվել էր Յալթայում և վաղ մանկությունից շփվել հայ, ռուս, ուկրաինացի ու թաթար մշակութային այն գործիչների հետ, ովքեր իր հոր մտերիմներն էին և հաճախ էին հյուրընկալվում Յալթայի իրենց շքեղ առանձնատանը: Այդ մտավորականներից էին գեղանկարիչ Վ.Սուրենյանցը, գրող-հրապարակախոս Ալ.Ծատուրյանը, ազգագրագետ, փիլիսոփա, գրող ու մանկավարժ Ս.Բաբիյանը, ռուս գրողներ Մ.Գորկին, Ա.Չեխովը, կոմպոզիտորներ Ա.Արենսկին, Ա.Գլազունովը, Ն.Ամանին և ուրիշներ:
«Շատ բան է մնացել իմ հիշողության մեջ,- իր հուշերում հետագայում գրում է Մ.Սպենդիարովան:- Անցել է շատ ժամանակ, բայց ես նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչը կապված է իմ սիրելի հոր հետ, ինչ վերաբերվում է նրա կյանքին ու գործունեությանը» («Ժամանակակիցները Ալ.Սպենդարյանի մասին» կազմ. Ալ. Թադևոսյան, Երևան, ՀայՊետհրատ, 1960):
1920թ. Ղրիմում ավարտելով գիմնազիան՝ Մարինա Սպենդիարովան խանդավառվում է արվեստագետ դառնալու երազանքներով: Բազմաշնորհ անձ էր` օժտված նկարելու, երգելու, գրելու ձիրքերով, և սկզբում նախ սովորում է կերպարվեստի ստուդիայում: 1920-1940-ական թթ. ստեղծած նրա մատիտանկարներն ու ակվարելային աշխատանքները ոչ միայն նրա ստեղծագործ ոգու յուրօրինակ դրսևորումներն էին, այլև ապրած ժամանակաշրջանի, իր և հոր միջավայրի, կյանքի ու գործունեության դրվագների ինքնատիպ բացահայտումներ: Այդ նկարներում կան Սպենդիարյանի` Յալթայի և երևանյան տարիների ծանոթների ու մտերիմների դիմանկարներ, այնպիսի վայրերի բնապատկերներ, որտեղ սիրում էր զբոսնել կոմպոզիտորը: 1923 թվականին մեկնելով Մոսկվա` Մ.Սպենդիարովան մասնակցում է վոկալի պարապմունքների, միաժամանակ օտար լեզուներ դասավանդում:
Մեկ տարի անց` 1924-ին նա հոր և քրոջ` Ելենայի հետ գալիս է Հայաստան, որն իրեն մինչ այդ հեռավոր, երազային մի աշխարհ էր թվում: Տեսնելով հայրենի երկիրը, մոտիկից ծանոթանալով հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին` հետագայում իր հուշերում նա այսպես էր ներկայացնում առաջին տպավորությունները. «Հայաստանում անցկացրած առաջին օրերի իմ տպավորությունները կապված են ամեն կողմից տեսանելի Արարատի, հեքիաթայնորեն գունագեղ մրգերի, բեռնավորված էշերի և ուրիշ շատ հետաքրքրական բաների հետ: Հայրս պատանու նման հիանում էր այդ բոլորով: Սովորաբար, Երևանում զբոսնելիս մեզ ուղեկցում էր հայ բնանկարի պատրիոտ, նկարիչ Սարյանը»:
Ջերմ սիրով լցված իր պատմական հայրենիքի նկատմամբ` Մ.Սպենդիարովան Հայաստանում ստեղծած իր նկարներից մի քանիսի տակ հայերեն է ստորագրել` Ծովիկ Սպենդիարյան, թեև մայրենի լեզվին վատ էր տիրապետում: 1928թ. վերադառնալով Մոսկվա, գուցե նաև հոր ցանկությունն իրագործելու մտադրությամբ` Մ.Սպենդիարովան ընդունվում է Գնեսինի անվան երաժշտական տեխնիկումի վոկալի դասարան: Երկու տարի անց` 1930-ին ընդունվում և 1934-ին ավարտում է Մոսկվայի Կոնսերվատորիայի վոկալի դասարանը: 1935-38թթ. սովորում է նաև ասպիրանտուրայում: 1934-45-թվականներին, որպես մենակատար, Մ.Սպենդիարովան աշխատել է Մոսկվայի ֆիլհարմոնիայում և պետական ռադիոյի երգչախմբում: Գիտակցելով հոր` կոմպոզիտոր Սպենդիարյանի թողած մշակութային ժառանգության պահպանման գործի կարևորությունը, 1930-ականների սկզբից սկսած, նա զգալի աշխատանքներ է կատարել նաև հոր անձնական արխիվն ու ձեռագրերը, նրա մասին ժամանակակիցների հուշերն ու հրապարակումները հավաքելու և ուսումնասիրելու ուղղությամբ: Նրա ջանքերով 1940-ականներին ֆաշիստների կողմից օկուպացված Ղրիմից դուրս են բերվել կոմպոզիտորի ձեռագրերը, նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, որոշ անձնական իրեր և, ուղարկվելով Երևան, ի պահ են հանձնվել երևանյան ծանոթներին:
Բայց խաղաղ չի եղել Մարինա Սպենդիարովա մշակութային գործչի կյանքի ուղին: 1945թ. նա ավագ քրոջ՝ գրող-հրապարակախոս ու թարգմանիչ Տատյանա Սպենդիարովայի հետ աքսորվել է ու մինչև 1956թ. եղել Խորհրդային Միության աքսորավայրերում: Հենց աքսորի տարիներին էլ իր հիշողությունների և ուսումնասիրած փաստերի հիման վրա սկսել է գրել հոր մասին կենսագրական մի գիրք, որը հետագայում հրատարակվել է Մոսկվայում (1964): Գրքի հայերեն թարգմանությունը 1966թ. լույս է տեսել Երևանում: Այն բարձր են գնահատել մեր մշակույթի գործիչներից շատերը, հատկապես` նրանք, ովքեր մոտիկից ճանաչում էին կոմպոզիտորին, իսկ գեղանկարիչ Մ.Սարյանն այսպես է ներկայացրել Մ. Սպենդիարովայի անձնվեր աշխատանքը՝ հիշյալ գրքի իր առաջաբանում. «Աչքովս եմ տեսել, թե ինչպես Մ.Ա. Սպենդիարովան երկար տարիներ մանրակրկիտ, սիրով հավաքում էր մեծաքանակ նյութեր, հարց ու փորձ էր անում ժամանակակիցներին, քրքրում արխիվները: Շատ բան էլ նա գրել է անձնական հիշողություններից ելնելով»:
Կոմպոզիտոր Սպենդիարյանի կյանքին ու գործունեությունն են նվիրված նաև Մ. Սպենդիարովայի «Երաժշտի կյանքը» մանկապատանեկան վիպակը (ռուսերեն հրատ. Մոսկվա 1971,հայերեն հրատ. Երևան,1971) և «Ա.Ա. Սպենդիարովի կյանքի և ստեղծագործական գործունեության տարեգրություն» /ռուսերեն/ փաստավավերագրական գիրքը (Երևան, Գ.Ա. հրատ. 1975թ.): Բայց Մ. Սպենդիարովայի մեծագույն երազանքը հորը նվիրված թանգարան ստեղծելն էր, որտեղ կցուցադրվեին նրա անձնական իրերը, կպահպանվեին ձեռագրերն ու արխիվային մյուս փաստաթղթերը: Եվ երազանքն այդ իրականացավ: 1967 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի 21 շենքի այն բնակարանում, որտեղ կյանքի վերջին երկու տարիներին ապրել էր մեծանուն կոմպոզիտորը (1926-28թթ.) նրա դստեր անմիջական ջանքերով տուն-թանգարան բացվեց:
«И вот музей существует. Он должен был существовать, я всегда верила в это – уж очень сильна у армянского народа любовь к музыканту, отдавшему ему все свои силы»,- թանգարանի բացման առթիվ ասված իր խոսքում նշում էր Մ. Սպենդիարովան: Իսկ տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը հետագայում իր մի հոդվածում այսպես էր գնահատում Մ. Սպենդիարովայի մեծ ավանդը թանգարանի ստեղծման գործում. «Постоянное общение с дочерью Спендиарова Мариной Александровной, – высокообразованной, талантливой, яркой личностью, делившейся с нами воспоминаниями об отце, передавшей в дар музею архив композитора, кропотливо собранной ею в течение сорока лет и считающей делом своей жизни создание Дома-музея Спендиарова, – способствовало реализации наших замыслов относительно экспозиций» (Балян В., «Создание Дома-музея А. Спендиарова») տպագրվ. «Ա. Սպենդիարյանը և ժամանակը» գիտաժողովի նյութերի ժողովածուի մեջ (կազմ. Ն. Ավետիսյան), Երևան 2011:
Այս թանգարանի ստեղծումով, կարծես, լիարժեքորեն իմաստավորվեցին հոր հիշատակը հավերժացնելու` Մ. Սպենդիարովայի ջանքերը, նորովի արժևորվեցին Սպենդիարյան կոմպոզիտորի և մարդու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: Հայաստանի իշխանությունները ևս գնահատեցին Մ. Սպենդիարովայի նվիրվածությունն ու վաստակը. 1971-ին նա դարձավ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ, իսկ 1972-ին նրան շնորհվեց ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Ապրեց նա իր համեստ, բայց բովանդակալից կյանքով, իրագործեց հոր հիշատակը, յուրովի հավերժացնելու իր նպատակը, ստեղծեց ու աշխարհին թողեց ինքնատիպ գեղագիտական արժեքներ՝ թումանյանական այն հաստատ համոզմամբ, թե գործն է անմահ:
Տիգրան Սարգսյան` Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ
1.ծան. - «Եվ ահա թանգարանը կա: Այն պետք է լիներ, ես միշտ էլ հավատացել եմ դրան, քանզի շատ էր հզոր հայ ժողովրդի սերը ողջ ուժերն իրեն նվիրաբերած երաժշտի նկատմամբ»:
2. ծան. - «Մշտական շփումները Սպենդիարովի դուստր Մարինա Ալեքսանդրովնայի՝ խորապես կրթված, տաղանդավոր, հոր մասին իր հուշերով մեզ հետ կիսվող, քառասուն տարվա ընթացքում ջանասիրությամբ իր հավաքած կոմպոզիտորի արխիվը թանգարանին նվիրաբերած, Սպենդիարովի տուն-թանգարան ստեղծելն իր կյանքի գործը համարող վառ անհատականության հետ՝ նպաստեցին ցուցադրության վերաբերյալ ունեցած մեր մտադրությունների իրագործմանը»: