կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 20:52
Առանց Կատեգորիա

Լիսկաներին քնեցնել է պետք

Լիսկաներին  քնեցնել է պետք

Այն, ինչ կատարվեց Գորիսում, խոստովանենք, սպասելի էր: «Ապահով Հայաստան»-ը միս ու արյուն է ստանում: Սյունիքի մարզպետը, ով ի պաշտոնե նախագահի ներկայացուցիչն է համարվում, ասում է. «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին»:

 

Այսքանով ամեն ինչ ասված է: Քննարկելու բան էլ չկա:  Մարդը իրավունք ունի այդպես ասելու, մայր հայհոյելու, չափալախելու, գլխին «մի քսան հատ թողելու»: Ի՞նչ է եղել որ` մարզպետ է, Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր: Հո հասարակ քաղաքացի չէ: Այդ իրավունքը նրան տվել է իշխանությունը, որը դարձել է պատուհաս այս ժողովրդի գլխին: Այդ իրավունքը նրան տվել է ժողովուրդը, որին իշխանությունը դարձրել է մուրացկան՝ ստորացնելով, ասելով. «Մենք ենք, ու մեր դեմ խաղ չկա»: Այդ իրավունքը նրան տվել են այն լրատվամիջոցները, որոնք արտաքինից իբր խոսքի ազատություն են ապահովում, իսկ իրականում ամեն մեկը մի յուրօրինակ «գլավլիտ» է էս երկրում, որովհետև նախ ստեղծվել են հենց այդ նպատակով, և երկրորդ՝ սնվում են լիսկաներից:

 

Լիսկան մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ... Լիսկաները շատ են և պահպանվում են պետության կողմից, «Ապահով Հայաստանի» կողմից, մամուլի և էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից: Ախր ո՞նց չպաշտպանեն: Եթե չպաշտպանեն, «Ապահով Հայաստանը» հօդս կցնդի, և այն ժամանակ իրենք կհայտնվեն լուսանցքից դուրս՝ ժողովրդի տեղում, և ստիպված կլինեն բավարարվել հինգ տարին մեկ անգամ 5000 դրամ մուրալով: Իսկ հիմա իրենց պարտականությունները անթերի  կատարելու  համար կանոնավոր վճարվում են կլորիկ աշխատավարձով: Բայց նույնիսկ սա էլ չէ էականը:

 

Այսքանից հետո, երբ մեկ հոգի զոհված է, իսկ մյուսը` ծանր վիճակում հոսպիտալացված, հանկարծ պարզվում է, որ խնջույք է տեղի ունեցել, և  Լիսկան խնջույքի ժամանակ  հայհոյել է, ոչ ավելի, ոչ պակաս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ, ինչը և ավարտվել է սպանությամբ:  Կամ էլ` առաջին լրատվությունը տարածվում է այնպես, որ մեղավորները Բուդաղյան եղբայրներն են, որոնցից մեկը ԼՂՀ ՊԲ լավագույն հրամանատարներից մեկն է: Ի դեպ, «լավագույնը» հետո է նշվում, բայց խոստովանենք, կարեւորը առաջին լրահոսից ստացած ազդեցությունն է:

 

Բոլորը մեղավոր են, բոլորին կարելի է մեղադրել: Կարելի է մեղադրել ԼՂՀ նախագահին, Պաշտպանության բանակին, Լիսկային, Լիսկայի ազգական-թիկնապահին, նույնիսկ՝ խեղճ ու կրակ ժողովրդին, բացի «Ապահհով Հայաստանից»: «Ապահով Հայաստանը» անձեռնմխելի է, որովհետև այն նոր-նոր է սկսել գալ: Եվ գալիս է: Սկզբից գալիս է Պռոշյան ավան, հետո գնում Գյումրի, այնտեղից անցնում Գորիս, վաղը կհայտնվի մեկ այլ վայրում: Իսկ լրատվամիջոցները, «Ապահով Հայաստանին» կրծքով պաշտպանելու համար, իրենց գրչի ծայրերը կուղղեն Արցախին, բանակին՝ մտքներով իսկ չանցկացնելով, որ հանուն «Ապահով Հայաստանի» չի կարելի խեղել ժողովրդի ճակատագիրը, չի կարելի ներսից քանդել, քայքայել Հայոց պետականության հպարտությունը՝ բանակը, որի լավագույն սպաներից մեկը այս պահին կենաց-մահու պայքար է մղում ոչ թե սահմանը պաշտպանելու, ոչ թե վիրավոր զինվորին փրկելու, այլ «Ապահով Հայաստանում» ապրելու համար: Այն Հայաստանում, որի խիղճն ու հոգին լափած պաշտոնյաները իրենց կարող են թույլ տալ ասելու. «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին»:

 

ԵՐԿԻՐ