Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ 1 սմ հաստությամբ հողի շերտը բնական պայմաններում ձևավորվում է շուրջ 200 տարվա ընթացքում: Թերևս այս հանգամանքը, ինչպես նաև հողից ստացված արդյունքների նկատմամբ պահանջարկի աճը թելադրում են, որ յուրաքանչյուր երկու տասնամյակը մեկ հողի գինը կրկնապատկվի: Հողը կարելի է դիտարկվել որպես ամենաարժեքավոր կապիտալ, քանի որ այն ինքնաարտադրվելու և մեծ չափերի եկամուտ բերելու հատկություն ունի: Ասվածն ավելի քան արդիական է փոքր հողային ֆոնդ ունեցող Հայաստանի համար: Նույնքան արդիական են մեր երկրում ծագող հողային վեճերը:
Նմանատիպ մի վեճի yerkir.am-ն անդրադարձել էր օրեր առաջ` ներկայացնելով 3 տարի ձգձգվող քաղաքացիական գործի պատմությունը:
Հողային վեճը ծավալվել է Արզական գյուղի բնակիչ Անայիկ Մովսիսյանի և նրա մահացած ամուսնու` Սամվել Ասլանյանի ընտանիքի միջև, որն, ի վերջ, վերածվել է երեք տարվա դատական քաշքշուկի: Գործը հետաքրքրական է այն առումով, որ այստեղ անուղղակիորեն շոշափվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մասնավորապես` նրա ազգականի անունը: Ասլանյանների փաստաբան Մարատ Կոստանյանի խոսքով` հայցվորի` Ա. Մովսիսյանի հետևում կանգնած է Սերժ Ազատիչի խնամի ոմն Է. Մակարյան, ով հովանավորում է բացահայտ անարդար ընթացող դատաքննությունը:
Գործի մեկ այլ ուշագրավ հանգամանքներից մեկն էլ այն է, որ հայցվոր Ա. Մովսիսյանը Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի հորեղբոր դուստրն է:
Մեզ, իհարկե, չհաջողվեց կապ հաստատել Է. Մակարյանի հետ և ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, փոխարենը yerkir.am-ը զրուցեց Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի հետ: Նա պատմեց վիճելի հողակտորի վերաբերյալ իրեն հայտնի մանրամասները: Համայնքի ղեկավարը չկարողացավ միանշանակ հայտնել, թե ով է իրավացի: Մովսիսյանի տրամաբանությամբ` երկուսն էլ հավասարապես ճիշտ են:
Հարցին` արդյո՞ք նրան չի մտահոգում Ասլանյանների այն հայտարարությունը, թե Վճռաբեկ դատարանում պարտվելու դեպքում կլքեն Հայաստանը, գյուղապետը պատասխանեց. «Ես ծայրահեղական ոչինչ չեմ ընդունում: Ամեն ինչ պետք է սառը բանականության շրջանակներում չափվի: Եթե խնդիր կա, կամ դատական ակտը սխալ է, թող բողոքարկվի: Դատարանը չի կարող սխալ վճիռ կայացնել, եթե դատարանին չհավատանք` ո՞ւմ հավատանք»:
Ըստ գյուղապետի` հողային վեճերը մեծ գլխացավանք առաջացնող վեճեր են, իսկ կոնկրետ այս վեճի պատճառով ինքն անախորժություններ ունի հորեղբոր դստեր հետ. «Ժամանակին նրան ասել եմ` բարդ խնդիր է, Անայի'կ, ասել եմ, որ հողային վեճերն ամենաբարդ խնդիրներն են, մի' խորացիր, թո'ղ դատարանը վճիռ կայացնի, հետո համայնքը որոշում կկայացնի քեզ մեկ այլ հող կհատկացնի»:
Իսկ թե ի՞նչ կապ կա գյուղապետի բարեկամուհու և Սերժ Ազատիչի խնամու միջև, տեսանյութում պարզաբանում է Նորիկ Մովսիսյանը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ