Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Wikileaks կայքում հրապարակվել են ՀՅԴ-ի եւ նրա անդամների վերաբերյալ նամակներ: Առաջիկայում մենք կանդրադառնանք այդ նամակներին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի նամակը, որը գրվել է 2006 թվականին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ կրթության նախարարի պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին: Ստորեւ ներկայացնում ենք զեկույցը:
Ո'չ Լեւոն Մկրտչյանի` այդ պաշտոնը զբաղեցնելն էր զարմանալի, ո'չ էլ այն, որ փաթեթը ստացավ հենց ՀՅԴ-ն:
Հայաստանում կրթական ոլորտն ամենակոռումպացվածն է, եւ ՀՅԴ-ն բազմիցս իր դժգոհությունն է հայտնել այդ մասին` դեռեւս Սերգո Երիցյանի ղեկավարման օրոք, ով «Օրինաց երկիր» կուսակցության երկրորդ դեմքն է: Մինչ կրթության նախարարի պորտֆելը ստանալը ՀՅԴ-ն հայտարարել էր, որ չի հանդուրժի Երիցյանի ղեկավարությունն անգամ այն ժամանակ, երբ վերջինս դուրս գա ՕԵԿ շարքերից:
Լեւոն Մկրտչյանը 41 տարեկան է: Նա շատ ընկերասեր եւ չափազանց խելացի մարդ է, ինչպես նաեւ հայտնի է ՀՅԴ շարքերում ու առաջնորդների թվում է: 90-ականների սկզբներին նա էր ղեկավարում ՀՅԴ-ն, որն արգելված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: 1996-1998 թվականներին նա Հայ Դատի հանձնախմբի անդամ է եղել: Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Լեւոն Մկրտչյանը զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար պաշտոններ` 1998-1999` ԿԳ նախարար, 1999-2000` ՀՀ վարչապետի խորհրդական, 2000-2001` փոխարտգործնախարար, 2001-2003` ԿԳ նախարար: 2003 թվականի մայիս ամսին նա համամասնական ցուցակով ընտրվում է ՀՀ ԱԺ եւ ղեկավարում ՀՅԴ խմբակցությունը: Մկրտչյանը ղեկավարել է ԱԺ հայ-ամերիկյան համագործակցության խումբը եւ գերազանց տիրապետում է անգլերենին: Մկրտչյանը ավարտել է ԵՊՀ-ն, գիտությունների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 1 երեխա:
Հունիսի 5-ին դեսպանը, DCM եւ CAO ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են նորանշանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, ով իր պաշտոնը զբաղեցրել է Արթուր Բաղդասարյանի կուսակցության` Կոալիցիայից դուրս գալուց հետո:
Մկրտչյանը հիանալի տպավորություն է թողել` պայքարելով կրթական համակարգի բարելավման համար: Կրթական համակարգը ամենակոռումպացվածն է հետեւաբար շատ դժվար է լուծել մի բան, որ Մկրտչյանի նախորդը չէր ցանկացել իրագործել:
Մկրտչյանը հզոր գործընկեր է բարեփոխումներ կատարելու համար:
Նախարար Լեւոն Մկրտչյանը հրապարակավ որեւէ բառ չասաց Համաշխարհային բանկի հետ ուսումնական ծրագրերի համագործակցության դանդաղ ընթացքի մասին: Նա մանրամասնեց ծրագրի վատ կողմերը` բազմաթիվ բաց թողնված վերջնաժամկետներ, սխալ հրամաններ եւ այլն: Նա հատկապես նշել է, որ 1.2 միլիոն ԱՄՆ դոլարը, «մեղմ ասած», չի հասել իր նպատակին: Մկրտչյանը թեեւ հայտնել է իր դժգոհությունը Համաշխարհային բանկին, սակայն ցանկություն է հայտնել վերահսկել 2006 թվականի նրանց աշխատանքները:
Լեւոն Մկրտչյանն իր մեծագույն առաքելությունն է համարել միջնակարգ կրթությունը 10-ից 12 տարի դարձնելը: Չնայած բազմաթիվ բողոքներին, թե 12 տարին շատ է երեխայի համար, նա կարծում է, որ կառավարությունը պետք է բացատրի ծնողներին, որ խորհրդային ժամանակներն անցել են, եւ Հայաստանը պետք է հետեւի եվրոպական չափանիշներին, այդ ժամանակ ծրագիրը հաջողություն կունենա:
Մկրտչյանը նաեւ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Երիցյանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված ողջ գումարը ծախսել է հեռուստատեսային PR անելու համար, որը, սակայն, որեւէ հաջողություն չի ունեցել:
2005 թվականի մայիսին Հայաստանը որդեգրեց Բոլոնյան համակարգը, որի շնորհիվ մինչ 2010 թվականը Հայաստանի կրթական համակարգը կդառնա եվրոպականի նման: Այս ծրագրի հիմնական նպատակն է ուսումը դարձնել կրեդիտային: Այժմ միայն Հայաստանի ամերիկյան համալսարանն է օգտագործում այս համակարգը: