կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-27 17:46
Արցախ

Ֆրանսիա-Արցախ. "Մեր այցի նպատակը հենց ձեր կողքին լինելն է"

Ֆրանսիա-Արցախ. "Մեր այցի նպատակը հենց ձեր կողքին լինելն է"

«Դուք ընտրություն եք կատարել ձեր ապագան կառուցելու խաղաղության եւ երկխոսության ճանապարհով, ինչը հատուկ է ուժեղ ժողովուրդներին։ Այդ ռազմավարությունը հնարավորություն կտա՝ հասնելու ձեր առջեւ դրված նպատակին։ Այդ ճանապարհին մենք մեր հնարավորությունների սահմաններում կլինենք ձեր կողքին եւ ամեն կերպ կաջակցենք ձեզ, որովհետեւ այդ ճանապարհը կարեւոր է ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ Կովկասի համար»,- այս միտքն է այսօր ԼՂՀ ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ արտահայտել Փարիզում ԼՂՀ հետ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Սենատի սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։

 

Խոսելով խաղաղությանը նախորդող պատերազմներից խուսափելու անհնարինության մասին, ֆրանսիացի պատգամավորը նշել է. «Խոնարհվում եմ բոլոր նրանց առջեւ, ովքեր իրենց կյանքն են տվել այս խաղաղության համար, եւ նրանց առջեւ, ովքեր հաշմանդամ են դարձել կամ ընդհանրապես պայքարել են այսօրվա համար»։

 

Անդրադառնալով գլոբալիզացիայի պայմաններում տեղի ունեցող հեղափոխությունների, բռնի ուժի կիրառման եւ դրանց արդյունքում անմեղ զոհերի թեմային, նա միաժամանակ նկատել է, որ այն առիթ է նաեւ խաղաղության ճանապարհով համագործակցելու՝ հիմնվելով մարդու իրավունքների, եւ իհարկե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։

 

Շարունակելով գործընկերոջը Ֆրանսիայի Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության եւ ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն տեղեկացրել է, որ 20 տարի առաջ է առաջին անգամ եկել Արցախ, երբ դեռ պատերազմ էր, ու այսօր կարող է ասել, որ «գոնե արտաքինից Արցախը բավականին հանգիստ պետություն է եւ կարողացել է այս կարճ ժամանակում շատ մեծ քայլերով զարգանալ։ «Դրան զուգահեռ սակայն շատ փոքր քայլերով է առաջ գնում ԵԱՀԿ Մինսկի խումբը , չնայած ասում են, որ փոքր քայլերով պետք է գնալ, որ ճանապարհին ոչինչ չկոտրվի»,-նշել է նա։

 

Բեռնար Սոժեն մեջբերելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը՝ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով», նշել է, որ արցախցիներն իրենց ուժերով ապահովել են իրենց ազատությունը, սակայն նրանք դեռւես հավասար իրավունքներ չունեն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ «Վստահ եմ, որ ձեր տաղանդի եւ աշխատասիրության արդյունքում դա էլ կկարողանաք ունենալ։ Եւ մեր այցի նպատակը հենց ձեր կողքին լինելն է եւ աջակցելն այդ հարցում, եթե իհարկե թույլ տաք»,- հավելել է ֆրանսիացի պատգամավորը։

 

աղբյուրը` karabakh-open.info