Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշընն այս պահին զբաղված է «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներով: Ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում փրոդաքշընի տնօրեն, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ թեմայի ընտրությունը պատահական չէ. սա ևս մեկ առիթ է աշխարհին հիշեցնելու, թե որ ժամանակներից է սկսվում մեր պատմությունը:
«Երկարատև նախագիծ է, ինչպես «Անահիտը»: Նկարահանման աշխատանքները մոտ 5 տարի կտևեն, չնայած արդեն 1,5 տարի է` աշխատում ենք դրա վրա: Ֆիլմի որոշ մասը պատրաստ է: Այն կատակերգության ժանրի մեջ է լինելու, և կարծում եմ` հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք «Անահիտ» մուլտֆիլմի հետ կապված բոլոր սպասելիքներն արդարացել են, Սահակյանցը պատասխանեց, որ, ցավոք, «Անահիտը» ոչ մի կերպ չկարողացան հանել մեծ շուկա: «Մենք ունեցանք ցուցադրումներ Հայաստանի տարբեր քաղաքներում, Ֆրանսիայի 5 քաղաքում, Արցախում, բայց մեծ շուկա այդպես էլ չհաջողվեց այն հանել: Պրոդյուսերների խնդիր կար, ինչպես նաև` ֆինանսական: Բայց կարծում եմ` առաջին և հստակ քայլն արվել է. ֆիլմը սիրվեց շատերի կողմից. թող սա էլ լինի առաջին փոքրիկ, բայց հստակ քայլը, քանի որ մենք էլ փորձ ենք ձեռք բերում դրանով, և միգուցե երկրորդ, երրորդ ֆիլմն արդեն հնարավորություն կտա լայն շուկա դուրս գալու և աշխարհով մեկ այն ցուցադրելու»,- ասաց մուլտիպլիկատորը:
Ինչ վերաբերում է անիմացիայի դպրոց բացելուն, ապա, ըստ Սահակյանցի, կինոստուդիա բացելու համար դեռ շատ աշխատանք ունեն անելու, թեև առաջին քայլն արվել է` ՀՀ նախագահն իրենց հատկացրել է տարածք: Մեր զրուցակցի հավաստմամբ` տարածքում ցանկություն ունեն բացել դպրոց, որտեղ երեխաները կանեն իրենց առաջին քայլերը անիմացիայի ոլորտում:
«Բացի այդ` տարածքում ուզում ենք կինոթատրոն ունենալ, որտեղ կցուցադրվեն տարբեր ժանրերի մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Տարածքի հնարավորությունը թույլ է տալիս, բայց տեխնիկական խնդիրները պետք է լուծենք: Մեզ պետք չէ շատ պրոֆեսիոնալ դահլիճ, այլ մի փոքր տեղ, որտեղ մշտապես մուլտֆիլմեր կցուցադրվեն: Այս բոլորը ֆինանսների հետ է կապված, կարծում եմ` ելքը ներդրումն է, ինչպես, օրինակ, «Թումո»-ի դեպքում եղավ»,- ասաց Սահակյանցը:
Ապրիլին, երբ սահմանին լարված էր իրավիճակը, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշընը բլից «Kildim»-ներ էր ներկայացնում, որոնք, բնականաբար, ադրբեջանական կողմում հիստերիա էին բարձրացնում: Դավիթ Սահակյանցը նշում է` նոր «Kildim»-ներ էլի կլինեն, ուղղակի խնդիրն այն է, որ դրանք խանգարում են «Օլիմպիոնիկ»-ի` ծրագրված աշխատանքներին:
«Շատ դեպքերում մշակույթը պատասխանում է մի շարք հարցերի: Մշակութային ոլորտում և հենց մշակույթի միջոցով էլ պետք է քարոզչություն իրականացվի նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Պետք է կոնկրետ քարոզչություն լինի, ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ եղավ: Երկար աշխատող նախագիծ է պետք, նաև անհրաժեշտ է ռազմավարություն մշակել ու դրանով էլ առաջնորդվել: Այն սխա՞լ, թե՞ ճիշտ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց պետք է հասկանան` մշակույթը որ հարցերին է պատասխանում, ինչ խնդիրներ է լուծում: Պետք չէ անհատների էնտուզիազմի հաշվին մնա ամեն ինչ, այո, դա էլ է կարևոր, բայց պետությունը պետք է ուղղություն ցույց տա»,- նշեց մուլտիպլիկատորը:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Kildim»-ը նկարահանվում է Սահակյանցի միջոցներով, այն պետական ֆինանսավորում չունի:
Ներկայացնում ենք վերջին օրերի բլից «Kildim»-ները` մեկ մուլտֆիլմում ամփոփված: