կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 11:38
Տնտեսական

Հանքավայրի «գերիները»

Դեռեւս 1970-80 թվականներին երկրաբանները պարզել էին, որ ներկայիս Սյունիքի մարզի Արեւիս համայնքից 8 կմ դեպի հարավ-արեւմուտք (Նախիջեւանին սահմանակից) Մարջան տեղամասում ոսկու եւ բազմամետաղային հանքավայր կա:

 

Արխիվային փաստաթղթերը նաեւ փաստում են, որ 1985-86 թվականներին, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, երկրաբանները կատարել են աշխատանքներ, սակայն հետագայում պետական ֆինանսավորման դադարեցման պատճառով աշխատանքները մնացել են անավարտ: 1995 թվականի որոշ հաշվետվություններից պարզ է դառնում, որ դեռեւս այն ժամանակ Մարջանի հանքավայրում առկա էր 17 տոննա ոսկի, կան նաեւ արծաթ, ցինկ եւ այլ մետաղներ, սակայն պարզվում է, որ մինչ օրս այդ հանքավայրի պաշարները չեն հաստատվել Օգտակար հանածոների պաշարների գործակալությունում:

 

Դեռեւս 2002 թվականին պետությունը հանքավայրի լիարժեք ուսումնասիրության եւ ընդհանուր շահագործման աշխատանքների համար «ՍՀԱ» ընկերությանը տրամադրում է 5 տարի ժամկետով հատուկ լիցենզիա` «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի համաձայն:

 

Սակայն արդեն 2003 թվականից Մարջանի հանքավայրի բաժնեմասերը բաշխվում են  «ՍՀԱ» կազմակերպության (20 տոկոս) եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) հայաստանյան ընկերության (80 տոկոս) միջեւ, որոնք չեն կատարում լիցենզիայով իրենց վրա դրված պարտավորությունները, այն է` մինչեւ 2007 թվականի 4-րդ եռամսյակը, ըստ ժամանակացույցի,  իրականացնել ուսումնասիրություններ, հորատումներ եւ նմուշարկման համար դուրս բերել ապարներ:

 

2006-ի առաջին կիսամյակում ՀՀ ԲՆ բնապահպանական տեսչության իրականացրած երկամսյա ուսումնասիրություններից հետո կազմված ակտով հասաստվում է, որ այդ տարածքում աշխատանք չի կատարվել, որից հետո ՀՀ ԲՆ-ն նամակով տեղյակ է պահում ըներությանը, որը հարկ չի համարում պարզաբանել, թե անցած 4 տարիներին ինչով է զբաղվել, որ չի կատարել աշխատանքները: Միայն պատճառաբանել են, թե տարածքը ականապատված է, աշխատանքները դանդաղում են:

 

Այս նյութում Yerkir.am-ը չի անդրադառնա այն պատմությանը, թե ինչպես ԳԳՄ-ին դարձյալ հաջողվեց ՀՀ կառավարությունից ձեռք բերել երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիա, այնուհետեւ բաժնետոմսերի համար գնորդ գտավ եւ դրանք վաճառեց «Կալդերա Ռեսոուրսիզ Ինկ» կանադական ընկերությանը, հետո այն դատական գործընթացներով հետ վերցրեց եւ այդպես շարունակ:

 

Պարզապես, Մարջանի հանքավայրին վերաբերող մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելով, արձանագրել ենք հետեւյալը:

 

2007թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզպետարանի եւ ԳԳՄ-ի միջեւ կնքվում է «Սերվիտուտի պայմանագիր» (ընդերք օգտագործելու նպատակով նախնական հետախուզական աշխատանքների իրականացման), որի համաձայն` մարզպետարանը վերոհիշյալ ընկերությանը (7 ամիս ժամկետով) տրամադրում է մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից (250 հա, 1հա՝ 9600 դրամ, ընդհանուր՝ 2, 4 մլն դրամ)` օգտակար հանածոների շահագործման նպատակով նախնական հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:

 

Այնուհետեւ` վեց ամիս անց (2007 թ. դեկտեմբերի 28), ԳԳՄ հայաստանյան ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը դիմում է այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գտնվող Օգտակար հանածոների պաշարների գործակալություն (ՕՀՊԳ), որպեսզի հաստատեն իրենց կողմից Մարջանի բազմամետաղային հանքավայրում 2007-ին կատարված երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

 

Սակայն նույն գործակալության պետ Խաչիկ Սապոնջյանը, պատասխանելով նամակին, հստակ հայտնում է իր դժգոհությունը, որ ընկերության կողմից Մարջանի բազմամետաղային հանքավայրի ընդերքաբանական փորձաքննության գործընթացը ձգձգվում է, քանի որ «մինչ օրս» (5 օգոստոսի 2008թ.) չեն  վերացվել բացահայտված թերություններն ու բացթողումները:

 

Նամակագրությունն ավարտվում է նրանով, որ գործակալությունը, չստանալով ոչ մի արձագանք, եւս մեկ անգամ Ա. Պողոսյանին (26.12. 2008 թ.) տեղեկացնում է. «Քանի որ մինչ օրս նյութերի լրամշակման հարցում իրավիճակը մնացել է անփոփոխ, կասեցվում է դրանց փորձաքննությունը»: Նա նաեւ տեղեկացնում է, որ հաշվետվությունը կարող են հետ վերցնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ՕՀՊԳ-ից:

 

Հարց է առաջանում` ինչպե՞ս է ԳԳՄ-ին հաջողվում ստանալ հանքավայրի շահագործման լիցենզիա, եթե իրականում չկան հաստատված պաշարներ: Հավանորեն, եթե որեւէ երկրում ինչ-որ բան անհնարին է, ապա դա հնարավոր է Հայաստանում:

 

Առանց պաշարները հաստատելու «Գլոբալ Գոլդ Հանքավան» ընկերությանը, որը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հայաստանյան ընկերությանդուստր ձեռնարկությունն է, 2008 թվականի ապրիլի 22-ին հաջողվում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանի ստորագրությամբ ստանալ գործող հանքարդյունաբերության համար նախատեսված ՀԱ-Լ-14/526 հանքարդյունաբերության հատուկ լիցենզիա` 25 տարով՝ 2008 թվականից մինչեւ 2033 թվականը, եւ  Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ձեռք բերել:

 

Այնուհետեւ ընկերությունը Մարջանի հանքավայրի փորձնական շահագործման լիցենզիայով դիմում է «Տեխնիկական ազգային անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ եւ ստանում «Արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության» N805 դրական եզրակացությունը: Սակայն, չգիտես ինչու, նույն այդ եզրակացության մեջ կարդում ենք. «Տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայր արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը ----- ԴՐԱԿԱՆ Է-----»: Ապա. «Սույն եզրակացությունը տրված է միայն բացհանքի վերաբերյալ, հանքաքարի հարստացման համար անհրաժեշտ տեխնիկական անվտանգության փորձաքննության ներկայացնել հարստացուցիչ ֆաբրիկայի եւ պոչամբարի նախագծերը»:

 

Անցում կատարելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նույն ընկերությանը տրամադրած փաստաթղթին` նշենք, որ նույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի ստորագրությամբ ԳԳՄ-ն ստանում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական եզրակացությունը (ՇՄԱՓ): Եզրակացության վերջում գրված է. «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ կողմից ներկայացված Մարջանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի եւ թեւերի փորձնական հանույթի աշխատանքային նախագծի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն՝ վերը նշված փորձնական պահանջների պարտադիր կատարման պայմանով»:

 

Արդյունքում` նախատեսվում էր 3-4 տարվա ընթացքում իրականացնլ 60.190 խմ ծավալով (168540.0 տոննա) հաշվեկշռային հանքաքարի փորձնական հանույթ:

 

Դրանից 2 շաբաթ անց իր դրական եզրակացություն է տալիս նաեւ  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Կոնցեսիոն գործակալության պետ Կորյուն Հակոբյանը, փաստաթուղթը ստորագրում է նախարար Արմեն Մովսիսյանը:

 

Ի դեպ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված` ՀՀ մետաղական օգտակար հանածոների քարտեզում ամրագրված է, որ Մարջանի հանքավայրի համար տրամադրված է ՀԱ-Լ- 14/373 հանքարդյունահանման լիցենզիա, սակայն անհասկանալի է, թե ինչու ընկերությունը մինչ օրս ոչ մի պայմանագիր չունի Արեւիսի համայնքապետարանի հետ` այդ տարածքի հողերի վարձակալման հետ կապված:

 

«EcoArmGlo- TV»-ի կողմից պատրաստված տեսանյութը  ներկայացնում է «Մարջան» բազմամետաղային հանքավայրից ընդամենը 8 կմ հեռու գտնվող Արեւիս գյուղի ներկայիս վիճակը: 

 

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Արեւիս- Երեւան

Շարունակելի