Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդկային մարմինների հոսքը դեպի ընտրատեղամասեր աննախադեպ էր: Երկու ժամ չանցած` ընտրատեղամասեր հաճախած ընտրողների թիվը «տրաքացրել» էր 200-ի սահմանը: Վերջին ընտրողը՝ մի եզդի ախպեր, թիվ 1/01 տեղամաս եկավ ժամը 8:05-ին: Նրանից ներողություն խնդրելով՝ ՏԸՀ նախագահը ասաց, որ ոչինչ անել չի կարող, որովհետև քվեատուփի երախն այլևս փակվել է կարմիր կապիչով: Պետք էր տեսնել, թե ոնց վատ զգաց, ախ, ոնց վատ զգաց ՀՀ այդ քաղաքացին: Եկել էր սրտով ընտրելու և, այ քեզ հիմարություն, ընդամենը 5 րոպե էր ուշացել: Որ ասում ենք՝ օրենքը օրենք չի, չեք հավատում:
Ինչ որ է, բայց այսօրվա մեր պատմությունը մեր եզդի բարեկամների մասին չէ: Ավանում մի ուրիշ տեսակ ազգային փոքրամասնություն էլ կա: Այս պատմությունն այդ փոքրամասնության մասին է: Մենք այդ ցեղատեսակի ներկայացուցիչներին պայմանականորեն կանվանենք հարթուղեղավորներ, քանզի նրանց համար ամեն ինչի հարթն է լավը, իսկ համահարթն ավելի լավն է: Ինչպես գիտեք, նախագահական ընտրությունների ժամանակ Ավանում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթացել: Հատուկ հրահանգ էր դա՝ այնպես չանել, որ նախագահ Սարգսյանը սարսափելի տոկոսներ խփի Ավանում, և աշխարհը զարմանա: Մի կերպ էշը ցեխից հանեցին, բայց այն էլ` Մուկուչյանի քավորությամբ, որովհետև, եթե բանը թողներին հարթուղեղավորներին, ապա Սերժ Սարգսյանը, ձև չէր, Ավանում 80-90 էր խփելու: Մի քիչ շատ, քան Տարոնը: Դե գիտեք՝ սիրուն չի նախագահին առաջ չթողնեելը:
Հա, էն էի ասում` Երևանի ավագանու ընտրություններում որոշում կայացվեց քաղաքի կենտրոնից չմիջամտել Ավանի գործերին և ամեն ինչ թողնել հարթուղեղավորներին: Եվ ռեկորդը կայացավ: Ճապոնիայի վարչապետին վերջին մահաբեր ցունամիի ժամանակ հաջողվել է առափնյա 21 գյուղերից մեկ ժամում էվակուացնել ընդամենը 1260 ճապոնացու: Սա նշանակում է՝ ամեն գյուղից, միջին հաշվով, մեկ ժամում՝ 60 մարդու, ինչն էլ նշանակում է, որ այդ վարչապետը 1 րոպե է ծախսել մեկ մարդ էվակուացնելու համար: Իսկ ահա թիվ 1 ընտրատարածքի 01-21 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում առավոտյան ժամը 8-9-ը արդեն քվեարկել էր կամ, ավելի ճիշտ, դեպի ընտրատեղամասեր էր տարհանվել միջին հաշվով 120 մարդ, ինչը նշանակում է՝ մեկ րոպեում՝ երկու մարդ: Եվ սա այն դեպքում, երբ ոչ մի ցունամի էլ չկար, թուրքը չէր գալիս, օրն էլ կիրակի էր: Դե համեմատեք, խնդրեմ, թե ինչի է ընդունակ Ճապոնիայի նման անուն հանած երկրի վարչապետը և ինչի՝ կորած-մոլորած Ավան վարչական տարածքում բնակվող հարթուղեղավորների փոքրամասնությունը:
Այս ցեղախմբի որոշ առանձնյակներ (վարչական շրջանի ղեկավարներից մեկի գլխավորությամբ) պապենական Ավան գյուղն ընդգրկող 1-4 ընտրատեղամասերի միջև ընկած փողոցում փախստականների համակենտրոնացման ճամբարի պես մի բան էին բացել, որ այստեղ քշված մարդկային մարմինների համար ծառայում էր որպես հաշվիչ-ուղղորդիչ պունկտ: Այս տարածքի «գլավարը» կամ, ինչպես հարթուղեղավորներն են սովորել ասել, պատասխանատուն, իր խիստ հայացքով ընդունում ու ճանապարհում էր «դադարգյուն» արված ամեն մի ընտրողի, հավանության նշան տալիս նրանց բերողին կամ խիստ նկատողություն անում, երբ փոխադրամիջոց հանդիսացող «Մերսեդես-Տոյոտա»-ների նստատեղերից մեկն ազատ էր լինում: Գլխին մոտ երկու տասնյակ «տեղակալ» հավաքած՝ տեղամասից տեղամաս էր անցնում, ֆշշացնում, թշշացնում, երբեմն էլ փողոցում կանգնում էր մի բարձր տեղ ու Լենինի նման ձեռքով ցույց տալիս այս ու այն կողմ…
Ինչ գլուխներդ ցավեցնեմ՝ գործողության մեջ էր դրվել «Բոլորս Տարոնի համար» համահարթեցնող օպերացիան: Մարդկանց ընտրատեղամաս բերելը ԸՕ խախտում չէ: Իսկ այսպես բերե՞լը: Այսպես, երբ փողոցը ծայրից ծայր խցանվում է մեքենաների հոսքից, երբ ընտրատեղամասից ընդամենը 15-20 մետրի վրա բացահայտ քարոզչություն է արվում, երբ դիտորդները նկարահանում են տեղի ունեցողը, երբ հարթուղեղավոր գլավարը թաթը գցում է, որ ընտրատեղամասի դռան առաջ իրեն նկարող դիտորդի տեսախցիկը խլի… Իսկ ա՞յն` երբ զանգում ես Վլադիմիր Գասպարյանին, որ վերջինս գա ու ոմանց ուղեղի խցանումը բացի, նա ճանապարհային ոստիկանության մեքենա է ուղարկում, որ ճանապարհը բացեն: Հավանաբար, չուզեցավ, այո՞, նեղացնել հարթուղեղավոր փոքրամասնությանը: Սրանց քանակն ի՞նչ է, որ կեսին էլ բանտերը լցնի, չէ՞…
Մինչև ճանապարհային ոստիկանության ժամանելը մի կարճատև վեճ տեղի ունեցավ 1/1 ՏԸՀ-ում մի քանի անդամների և հարթուղեղավորների խմբի միջև: Առաջինների հարցին, թե ինչո՞ւ եք խմբվում տեղամասերին այդքան մոտ, վերջիններիցս մեկը պատասխանեց՝ լավ ենք անում, ձեր ի՞նչ գործն է, եկել ենք կարուսել: Եվ, իրոք, նրանք խմբված էին Տարոն Մարգարյանի սարքած խաղահրապարակի կողքին, որտեղ տարբեր սահարաններ ու կաչելիներ կային: Էստեղ մե ծիծաղ, մե բան…
Օրվա վերջում՝ 5-ի մոտ, երկինքը ամպեց: Հանկարծ նկատեցինք, որ «գլավարը» չի երևում: Զարմացանք, բայց դու մի ասա՝ թռել էր, որովհետև այդ ժամին 1-4 ընտրատեղամասերն այցելության էր եկել ԱՄՆ դեսպանատան դիտորդը: Նրա այցը, սակայն, հորդառատ անձրևի պես կարճատև էր: Անձրևից ու դիտորդից հետո արևը դուրս եկավ, արևի հետ էլ՝ «գլավարը» օպերացիան հասցրեց իր տրամաբանական ավարտին:
Վերջում ի՞նչ կարելի է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրա շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին և այս գործի մյուս պատասխանատուներին: Ասենք՝ դուք ունեցաք մի ընտրություն, որը մեկ քայլ առաջ էր նախորդ ընտրություններից: Շնորհավորում ենք: Անձամբ ես՝ ԱՄՆ դեսպանատան դիտորդի հարցերին պատասխանելիս ասել եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, մարդիկ հանգիստ, տոնական տրամադրությամբ, այսօրվա համար պահած գեղեցիկ «Մերսեդես»-ներով են գալիս ընտրության, հավատացրել եմ, որ ինձ վստահված տեղամասի ներսում տեղի է ունենում ընտրություն, միայն ընտրություն և ոչինչ, ընտրությունից բացի: Եվ եթե ԱՄՆ դեսպանատան դիտորդը համացանցում դեռ չի տեսել հարթուղեղավորների «ՙգլավարի» անհավանական արկածների մասին տեսաֆիլմը, ապա հավատացել է ինձ: Իսկ եթե տեսել է ու այդ ֆիլմի հետքերով է եկել մեր տեղամասի մատույցներ, ապա մտածել է, որ ես, մեր տեղամասի ընտրության մասին պատմածս հեքիաթներով, իրեն էլ եմ ուզում հարթուղեղավորի տեղ դնել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: