կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 10:45
Քաղաքական

Իշխանության ՛՛մաքուր՛՛ ընտրությունը

Իշխանության ՛՛մաքուր՛՛ ընտրությունը

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. «Եթե դիտարկենք վերջին 15 տարիներին մեզանում ընթացող տարբեր մակարդակների ընտրությունները, ապա մի պարզունակ համակարգ կնկատենք: Դրանց կազմակերպման սխեման այսպիսին է. նախ ամբողջ թիմով աշխատում են մաքուր ընտրություններ կազմակերպելու համար: Դրա համար գործի են դրվում մարդկային, ֆինանսական, ադմինիստրատիվ, հոգեբանական, քարոզչական բոլոր ռեսուրսները: Մի մարդու նման գործի են լծվում եւ փորձում «մաքուր» ընտրություններ կազմակերպել: Անշուշտ մոռանալով, որ նախընտրական փուլի վերը նշված որոշ բաղկացուցիչներն արդեն «մաքրության» մասին խոսելու տեղ չեն թողնում, բայց, իշխանության կարծիքով, դրանք չնչին բաներ են: 


Սովորաբար, իշխանությունը պահելու ցանկությունն այնքան մեծ է, որ միասնական «թըմային» աշխատանքն իր արդյունքը տալիս է, եւ հասնում են իրենց ուզած նպատակին: Սակայն կա նաեւ «ֆորս-մաժորային» սցենարը՝ երբ հընթացս պարզվում է, որ արդյունքները մխիթարական չեն լինելու, եւ այստեղ գործի է դրվում «պլան Բ»-ն՝ ընտրական հանձնաժողովների միջամտության, թվանկարչության, քվեաթերթիկներ փոխելու, դզել-փչելու մեխանիզմները: Սա, անշուշտ, ավելի բարդ ճանապարհ է, բայց սա էլ հաղթահարելի խոչընդոտ է: Սակայն կա նաեւ «պլան Գ»-ն՝ երբ ձախողվել են առաջին եւ երկրորդ պլանները, ու իշխանությունը «ձեռից գնում է»

Այս պարագայում արդեն միանգամից մոռացվում են ժողովրդավարական կանոնները, միջազգային կառույցներին տված խոստումները, ամոթն ու աբուռը, եւ սկսվում է իրական «պատերազմը»: Պատերազմ՝ աթոռները պահելու: Պատերազմ՝ սեփական ժողովրդի դեմ, ով համարձակվել է իրական ընտրություն իրականացնել եւ մերժել իշխանության մեջ գտնվողներին: Այ, երբ ընտրողը կկարողանա հաղթահարել Ա, Բ, Գ պլանները, այն ժամանակ իշխանությունը կվերադառնա ժողովրդին»: