|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մաքուր եւ կանաչապատ մայրաքաղաք ունենալու` Երեւանի քաղաքապետարանի կոչին, ինչպես նաեւ ապրիլի 18-ին նշվող Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքում մաքրման եւ այլ աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները:
Թանգարանի լրատվական բաժնից «Երկիր»-ին հայտնեցին, որ նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ արգելոց-թանգարանի միջեւ ձեւավորված գեղեցիկ համագործակցությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մշտական խնամքի և դրանց տարածքների բարեկարգման անհրաժեշտությամբ, այնպես էլ հայրենիքի պաշտպանների դաստիարակության գործում պատմամշակութային արժեքների դերով:
«Պատմամշակութային հուշարձաններն ու վայրերը թանկ են եւ անփոխարինելի, որովհետեւ դրանք նույնանում են հայրենիքի հետ: Կասկածից վեր է, որ ժառանգությունը հզոր ռեսուրս է ժամանակակից երիտասարդի եւ հայրենիքի զինվորի բարոյական կերպար ձեւավորելու ճանապարհին»,- զինվորներին ասել է արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: