Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 13-19-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ, կանցկացվի «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը նշեց, որ փառատոնն իր ձեւաչափով բացառիկ է, քանի որ միաժամանակ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնի միտքը ծագել է` հաշվի առնելով այն, որ միասնականության գաղափարը բոլորին է ոգեւորում, այդտեղից էլ առաջացել է փառատոնի խորագիրը:
«Հետագայում գուցե կավելանան նաեւ այլ ոլորտներ: Նման պրակտիկա կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում, օրինակ` Իրանում կա փառատոն, որում ներառվել է արվեստի երկու ճյուղ` թատրոն եւ կինո»,- ասաց Բարսեղյանը:
Փառատոնի մասնագիտական հանձնախումբը, ըստ նրա, պատկառելի ստեղծագործական կենսագրություն եւ բարի համբավ ունեցող ստեղծագործողների մի թիմ է, որոնք իրենց հերթին պետք է ստուգատես անցկացնեն նեղ մասնագիտական սկզբունքով: Այսինքն` թատերական ոլորտում մասնակիցների աշխատանքը կգնահատեն Ռաֆայել Քոթանջյանը, Ժիրայր Դադասյանը, Աննա Հեքեքյանը, կինոյի մասնակիցների քննությունը կվերցնեն Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Մուրադյանը, Անետա Երզնկյանը: Ըստ Բարսեղյանի` փորձել են հետաքրքիր թիմ ձեւավորել:
«Մասնագիտական հանձնախմբի անուններն արդեն լրջություն են հաղորդում փառատոնին: Փառատոնը նպատակ ունի ամրապնդել մայրաքաղաք-մարզեր կապը, նոր ստեղծագործական անուններ բացահայտել: Մենք փորձում ենք կոտրել այն անջրպետը, որ տարիներ առաջ ստեղծագործական կապի բացակայության հետեւանով առաջացել էր մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ»,- ասաց Բարսեղյանը:
Ի դեպ, նախընտրական փուլում հայտատուների թիվը գերազանցել է 170-ը, որոնցից ընտրվել են 130-ը:
Բարսեղյանի հավաստմամբ` չեն լինելու առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր, քանի որ, ըստ նրա, նման բաժանումն ընդունված է սպորտի ոլորտում. փառատոնը կունենա ոսկե, արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներ: Հաղթողները կստանան արձանիկներ` հայկական քարայծի տեսքով: