կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 17:57
Մշակույթ

″Հայ-Ֆեստն″ այս տարի 25 թատերախումբ է հյուրընկալել

″Հայ-Ֆեստն″ այս տարի 25 թատերախումբ է հյուրընկալել

Հոկտեմբերի 1-12-ը կանցկացվի «Հայ-Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը: 11-րդ «Հայ-Ֆեստը» հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»: Փառատոնի 2013թ. տարբերանշանում, որն ունի Մենդելեևի աղյուսակի տեսքը, իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքը և բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել փառատոնը:

 

Փառատոնին հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Նշանավոր ներկայացումներից են Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը, Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերայի դրամատիկական թատրոնի ներկայացումը (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (Ռուսաստան), ինչպես նաև «Cantieri Teatrali Koreja»-ի «Պլաստմասսե այգիներ» ներկայացումը (Իտալիա):

 

Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից` Գյումրիից, Եղեգնաձորից: Երևանյան թատրոններից «Հայ-Ֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:

 

Փառատոնը նաեւ ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները «ARMS FEST» ուսանողական ծրագրում: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ, որոնց ընթացքում կներկայացնեն կատարողական արվեստների ժամանակակից միտումները:

 

Փառատոնի բացումը կազդարարի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս բեմականացումը կենդանի երաժշտության, կատարման ու հետաքրքիր կինոնկարների և անիմացիաների միաժամանակյա միասնություն է: Նշենք, որ ներկայացումը 2011թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնի լավագույն ներկայացումների շարքում էր: