կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 16:50
Առանց Կատեգորիա

Սա իմ երկիրն է, եւ ես այն լքելու ցանկություն չունեմ

Սա իմ երկիրն է, եւ ես այն լքելու ցանկություն չունեմ

Ջութակահար Լուսինե Հարությունյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ երաժիշտն է: Նա սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի դասարանում: Այնպես է ստացվել, որ Լուսինեի շրջապատում գերակշռում են բժշկական մասնագիտություն ունեցողները, եւ ըստ նրա՝ սկզբում բոլորը կարծում էին, որ ինքը «հեշտ» գործ է անում: Սակայն հիմա Լուսինեի բժիշկ ընկերները հասկանում են, որ բժշկությունը, ճիշտ է, մարդու կյանքի հետ գործ ունի, սակայն երաժշտությունն էլ, առավել եւս` դասականը, մարդու սրտի եւ հոգու հետ է աշխատում եւ պակաս կարեւոր չէ:

 

- Քեզ պարտավորվա՞ծ ես զգում, երբ նվագում ես նրանց հետ, ովքեր 80-ականներից են ֆիլհարմոնիկի կազմում:

- Այո, ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է նվագել նրանց նման երաժիշտների հետ:

 

- Կա ստեղծագործությո՞ւն, որ դեռ չես հաղթահարել:

- Այո, շատ են այդպիսի ստեղծագործությունները: Յուրաքանչյուր ստեղծագործություն իր տարիքն ունի: Կան ստեղծագործություններ, որոնք վաղ տարիքում նվագում ես եւ, երբ տարիներ անց կրկին փորձում ես այն կատարել, զարմանում ես, թե ինչպես կարող էիր դա նախկինում կատարել: Մտածողության խնդիր է, յուրաքանչյուր ստեղծագործության համար հասունանալ է պետք:

 

- Նաեւ որպես մենակատար ես հանդես գալիս, նվագախմբո՞ւմ, թե՞ որպես մենակատար հանդես գալն է ավելի հոգեհարազատ քեզ:

- Այո, մինչ ֆիլհարմոնիկում նվագելը, որպես մենակատար` մի շարք մրցույթների եմ մասնակցել եւ մենահամերգներ ունեցել: Վերջին համերգն այս տարի է եղել` «Գաֆեսճյան»-ում, այն նվիրված էր ժամանակակից կոմպոզիտորների գործերին: Նվագախմբում նվագելը շատ բարդ է, քանի որ պետք է լսես մյուսներին, հետեւես դիրիժորի ձեռքին եւ նոտաները հասցնես նվագել, իսկ որպես մենակատար ավելի հեշտ է:

 

-Մի շարք մրցույթների ես մասնակցել. բնավորության գի՞ծ է անընդհատ ինչ-որ բան հաղթահարելու ցանկությունը, թե՞ տարիքից է գալիս:

-Չէ, ես այդպիսին եմ, ավելի շուտ, բնավորությունից է գալիս, սիրում եմ իմ առջեւ բարդ ծրագրեր դնել եւ հասնել դրանց իրագործմանը:

 

-2001-ին մասնակցել ես «Էլիտար սերունդ» առաջին հեռուստատեսային մրցույթին: Ի՞նչ ես կարծում, այժմ նման մրցույթների պակաս չունե՞նք:

-Ես այդ ժամանակ փոքր էի շատ, եւ այն հետաքրքիր էր ինձ համար: Այդ ժամանակ ես ինձ առաջին անգամ տեսա հեռուստացույցով եւ հասկացա, թե ինչքան հուզված էի համերգի ժամանակ: Լավ կլինի, եթե մրցույթները բաց լինեն եւ անկողմնապահ: Հիմա շատ են որակազրկվել թե՛ մրցույթները եւ թե՛ երաժիշտները: Մրցույթների կարիք շատ ունենք, դասականը միշտ էլ քարոզչության կարիք ունի:

 

-Նկատե՞լ ես, որ երիտասարդները տարեցտարի ավելի ինքնուրույն են դառնում:

-Կա նման միտում, ինչը կախված է եվրոպական ազդեցությունից: Մեծ է տարբերությունը երկու տարի առաջ եւ հիմա. երիտասարդները սկսել են մտածել, թե ինչպես դասավորեն իրենց ապագան ինքնուրույն:

 

-Քանի որ շատ առիթներ են լինում` երկրից դուրս գալու, հետաքրքիր է, չվերադառնալու վախ չունե՞ս:

-Փառատոներին եւ վարպետության դասընթացներին մասնակցելը բարձրացնում է երաժշտի որակավորումը, եւ դա անհրաժեշտություն է, իսկ այդ ամենը դրսում` կրկնակի անհրաժեշտություն: Բազմիցս գնացել եւ հետ եմ եկել: Հիասթափություններ ապրել եմ, քանի որ այնտեղի մթնոլորտը տրամադրում է, որ դու առաջ գնաս, սակայն սա իմ հայրենիքն է, եւ ես այն լքելու մտադրություն չունեմ:

 

- Նախկինում մտապատկերում կա՞ր հենց ֆիլհարմոնիկում նվագելը:

- Այո, կար, բայց միայն երազանքի տեսքով: Բոլոր երաժիշտների համար էլ մեծ ձեռքբերում է նվագել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` պրոֆեսիոնալ եւ տասնյակ տարիների փորձ ունեցող երաժիշտների կողքին: Ես միշտ մտածել եմ, որ պետք է անպայման ինչ-որ նվագախմբում նվագեմ: 2012-ի նոյեմբերին սկսեցի փորձաշրջան անցնել ֆիլհարմոնիկում, իսկ 2012-ի փետրվարի 1-ին /հայտարարված մրցույթով/ ընդունվեցի ֆիլհարմոնիկ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ