կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 15:00
Քաղաքական

Հայաստանը մեկ ամսից կստանձնի ԵԽ նախագահությունը

Հայաստանը մեկ ամսից կստանձնի ԵԽ նախագահությունը

Ուղիղ մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը: «Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար` իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև` մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը»,- այսօր ԵԽ գլխավոր քարտուղար Թերբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

 

«ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված։ Ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։



Գլխավոր քարտուղարի հետ մենք քննարկեցինք նաև Եվրոպայի Խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ փորձելով մեր ներդրումը բերել Եվրոպայի Խորհրդի համար կարևոր գործընթացներին: Մենք ողջունում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ձեռնարկած բարեփոխումները և հետևողականորեն աջակցել, աջակցում և աջակցելու ենք դրանց:



Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել՝ 12 տարի: Այդ ժամանակահատվածում մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և խորքային բարեփոխումներ ենք իրականացրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում: Հանդիպման ընթացքում Հայաստանի՝ որպես ԵԽ անդամ պարտավորությունների և հանձնառությունների առումով, երկուստեք կարևորել ենք Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:



Այսօր պարոն Յագլանդի հետ ստորագրեցինք Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի»,- ասել է Նալբանդյանը: