Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` մայիսի 16-ին, ԵԽ Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանում Կոմիտեի նախագահությունը Անդորրայից պաշտոնապես անցնելու է Հայաստանին:
Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղևորվել է Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ. հայտնում է ԱԳՆ կայքը:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է և կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարևոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվեց դեռ ապրիլ ամսին Երևան կատարած այցելության ժամանակ։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵԽ-ին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև` պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների և խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։
ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։