| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այդ երկրի մայրաքաղաք Թունիսում էլ կկայանա ՖՄԿ 18-րդ գագաթնաժողովը՝ անդամակից երկրները միավորելով «Փոխկակցվածությունը՝ բազմազանության մեջ. զարգացման և համերաշխության թվային վեկտորը ֆրանսախոս աշխարհում» կարգախոսի ներքո։ Հանդիպումը նախագահել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Ինչպես տեղեկացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանը աչքի է ընկել 36 նախարարի եւ 5 պետնախարարի մասնակցությամբ։
Նախարարները մտքեր են փոխանակել Մոնակոյի Իշխանության կողմից առաջարկված թեմայի շուրջ, որն էր «Հաշտեցնել մարդկությունը եւ մոլորակը», ինչպես նաեւ անդրադարձել են ՖՄԿ 50-ամյակի նախօրեին Կազմակերպության ապագայի եւ ուղղությունների շուրջ թիրախային հարցերին։
Բացի գլխավոր քարտուղարի առաջարկած բարեփոխումների ծրագրից, որն արժանացավ բուռն աջակցության, Համաժողովը հավանության արժանացրեց ՖՄԿ 2020 թվականի բյուջեի վերանայված նախագծին, 2019-2020թթ. համար վերանայված ծրագրակազմին, ինչպես նաեւ օվկիանոսների, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի, գիտության, կրթության եւ թվային տնտեսության զարգացման գործում նորարարության դերի, Ֆրանկոֆոնիայի 20-ամյակի վերաբերյալ բանաձևերին։
Նախարարները նաեւ հավանություն են տվել Ֆրանոկոֆոնիայի 9-րդ խաղերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքում անցկացնելու առաջարկությանը։ Խաղերը կանցկացվեն են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։
Երևանում 2018թ. հոկտեմբերին անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։