կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 10:12
Հասարակություն

Ինչ կլինի ՛՛Արմավիայի՛՛ ճակատագիրը

Ինչ կլինի ՛՛Արմավիայի՛՛ ճակատագիրը

Մարտի 29-ին «Արմավիա» ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ դադարեցնում է թռիչքները՝ իրեն հայտարարելով սնանկ: Օրեր առաջ չեղյալ հայտարարվեցին նաև ավիաընկերության Երևան-Մոսկվա, Երևան-Դուբայ, Երևան-Կրասնոդար չվերթերը: «168 ժամը» գրում է, որ այդ ուղղություններով մեկնող ուղևորները կանգնել էին փաստի առջև: Նրանք իրենց բողոքն էին արտահայտում ընկերության գրասենյակի մոտ՝ վստահ չլինելով արդյո՞ք ընկերությունը կփոխհատուցի ավիատոմսերի գումարը: Ի դեպ, ստեղծված իրավիճակից դժգոհ են նաև ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները:

 

Թերթի տեղեկություններով՝ փաստի առջև են կանգնել նաև տուրիստական գործակալությունները, քանի որ այն ուղևորները, որոնք գործակալությունների միջոցով են տոմսեր ձեռք բերել, իրենց տոմսերի գումարները պահանջելու են գործակալություններից: Վերջիններս էլ, հայտնի չէ ինչպե՞ս, իրենց գումարները պետք է ետ ստանան ավիաընկերությունից: Թերթը նաեւ գրում է, որ այս պահին քննարկվում է ավիաընկերության հետագա ճակատագրի 3 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի, «Արմավիայի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ սցենարի դեպքում ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Իսկ երրորդ տարբերակը, որն ամենահետաքրքիրն է, այն է, որ «Արմավիայի» 51 տոկոս մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը:

 

Վերջին սցենարը, թերևս, աննախադեպ կլինի այն առումով, որ անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության: Ի դեպ, «Արմավիայի» միջազգային պարտքը ավելի քան 30 մլն դոլար, այսպես թե այնպես, պետք է պետությունը, այսինքն հարկատուներս մարենք, քանի որ սնանկացած ավիաընկերության պարտքը փոխանցվում է այն երկրի քաղավիացիային, որը թույլատրել էր տվյալ ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել: Իսկ քանի որ ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետական կառույց է, հետևաբար, «Արմավիայի» պարտքը դառնում է պետական պարտք: