Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է լինելու ապրիլի 9-ին ՀՅԴ-ն` Մարզահամերգային համալիրո՞ւմ` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թե՞ Ազատության հրապարակում` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Վարդանյանը նշեց, որ, հաշվի առնելով սկսված գործընթացները, բանակցությունները, լուծումներ գտնելու փորձերը, պարզ չէ, թե ապրիլի 9-ին որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչ կլինի: Նա հայտարարեց, որ օրը կգա, բարին էլ` հետը, եւ ՀՅԴ հետագա անելիքների մասին անպայման կտեղեկացվի:
ՀՅԴ-ական պատգամավորը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ն բացակայում է հրապարակից: «Մենք այն տեսակ չենք, որ միկրոֆոն տեսնենք, վազենք, տեսնենք ժողովուրդ է հավաքված, անպայման առաջ ընկնենք, խոսենք: Նայեք հրապարակում ելույթ ունեցողներին... Եթե ասելիք կա եւ այդ ասելիքը ծրագրային է, մենք ասելու ենք»,- հայտարարեց Վարդանյանը:
Նա եւս մեկ անգամ հստակեցրեց, որ ունենք մի իրավիճակ, որը հանգուցալուծում է պահանջում, այսպես շարունակվելու, առճակատման դեպքում որեւէ լավ բան չի լինի: Հանգուցալուծում կարող է լինել միայն քաղաքական դաշտում, քաղաքական համաձայնությամբ, իսկ թե ինչպիսի՞ն կլինեն դրա բաղադրիչները, այսօր շատ դժվար է ասել, բայց որ ինչ-որ մի բան շարժվել է, ըստ Վարդանյանի, հստակ է:
«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց գործընթաց է սկսվել: Մեզ համար հիմնականն այն լուծումներն են, որոնք երկրում փոփոխություններ կբերեն, երկիրը կդնեն ճիշտ ուղու վրա: Գործող իշխանությունը պակաս պատասխանատվություն չպետք է ունենա այս վիճակից դուրս գալու համար, որովհետեւ եթե մտածում են, որ ամեն ինչ կփակվի, կվերջանա, սխալվում են»,- եզրափակեց Վարդանյանը: