կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 16:02
Առանց Կատեգորիա

Հեռու ենք հրեշտակապետություն լինելուց

Հեռու ենք հրեշտակապետություն լինելուց

Վերջ: Խոսակցության նյութը բացվեց: Թիվ 17/05 տեղամասում կանցկացվեն ՀՀ նախագահի լրացուցիչ ընտրություններ: Խախտումներն այստեղ սարսափելի են եղել, իսկ դա Արտաշատում է, իսկ Արտաշատը Հովիկ Աբրահամյանի բնօրրանն է: Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի մակարդակով պատժում է Հովիկ Աբրահամյանին, եթե, իհարկե, սա Հովիկ Աբրահամյանի դեմ նրա կայացրած դատավճիռը չէ:

 

Մենք գիտենք, իհարկե, որ երևակայելու հարցերում հայկական ԶԼՄ-ներին դեռ ոչ ոք աշխարհում չի գերազանցել: Բայց այսպիսի՞: Ուրեմն` Հովիկ Աբրահամյանը կյանքը չխնայի, հաղթանակ ապահովի Սերժ Սարգսյանի համար ու նրան պատժե՞ն, դատավճի՞ռ կարդան: Հայաստանում, հարգելի' գործընկերներ, պատժում են այլ բաների համար: Ձեր կարծիքով՝ որտե՞ղ է այսօր Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Եվ մի երկրորդ հարց՝ ինչո՞ւ իրենց պաշտոններից քիչ մնաց հեռացվեին մի շարք քաղաքապետեր, ովքեր անհարգալից արտահայտություններ էին թույլ տվել ընտրողների հասցեին, և որոնց վստահված քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել: Նկատենք՝ թե' Շիրակի մարզպետի և թե' պլանի տակ ընկած քաղաքապետերի պարագայում խոսքը ՀՀԿ թեկնածուի պարտության մասին է: Իսկ Արտաշատում՝ հաղթանակի: Տարօրինակ չէ՞, արդյոք:

 

Իսկ մի՞թե նույն այդ լրատվամիջոցներին պարզ չէ, որ Արտաշատի 17/05 ընտրատեղամասում ընտրության արդյունքների չեղյալ հայտարարումն ու նոր ընտրություններ նշանակելը արդյունք է այն բանի, որ հենց այդ տեղամասում են զգոն ու հետևողական գտնվել ընդդիմության ներկայացուցիչները, դիտորդներն ու վստահված անձինք: Չէ՞ որ նրանց ջանքերով է գործ հարուցվել ու նրանց պահանջով է, որ այդ գործը քննվում է: Այլապես ՍԴ-ն կամ Սերժ Սարգսյանը որտեղի՞ց պետք է իմանային, թե ինչ է կատարվել Արտաշատի տվյալ տեղամասում, որ մի հատ էլ պատժեին Հովիկ Աբրահամյանին: Ինչ է, Սերժ Սարգսյանին առի՞թ էր պետք:

 

Այսօր այդ թիմի որևէ անդամի պատժելու առիթ գտնելու համար շատ հեռուն գնալու կարիք չկա: Հովիկ Աբրահամյանին դեռ 2012-ի մայիսին կարող էին պատժեին, որովհետև ԱԺ ընտրությունները վերածվեցին արևելյան բազարի՝ ընտրակաշառքի ճշտված չափով, որ տատանվում էր միայն օրվա այդ ժամի կուրսի հետ, ինչպես նաև «ԳԱԶել»-ների փոփոխված երթուղիներով՝ տուն-ընտրատեղամաս, ընտրատեղամաս-ուրիշ ընտրատեղամաս և այլն: Կարիք չկա մեր խայտառակ ընտրությունների ֆոնի վրա հատուկ բոբոներ ստեղծել, որ այդ բոբոների ֆոնին Սերժ Սարգսյանը հրեշտակ երևա: Ահա, տեսեք, մեր նախագահը այնքան ցանկանում էր մաքուր ընտրություններով վերընտրվել, իսկ Հովիկ Աբրահամյանը բիծ թողեց այդ մաքրամաքուր ընտրությունների վրա: Սա ծիծաղելի է, եթե չասենք՝ ուղղակի զավեշտ: Հայաստանում իշխանության բուրգը կառուցված է և կանգուն է մնում բացառապես «շունը շան թաթ չի կծի» սկզբունքով: Մինչև այդ սկզբունքի սահմանագծին հասնելը, մեզանում ամեն ինչ հնարավոր է, իսկ երբ հասնում են սահմանագծին, վերջ, ամեն ինչ իսկույն իր տեղն է ընկնում, և սկսում է գործել սկզբունքը:

 

Բարեփոխումների, ամենալայն ֆորմատով երկխոսությունների, համագործակցությունների մասին այսօրվա շռայլ խոստումները, ՍԴ-ի կայացրած այս «համարձակ՚» որոշումը՝ Հովիկ Աբրահամյանի բնօրրանում վերընտրություն կազմակերպել և այլն, ընդամենը շիրմա են՝ համակարգի էությունը քողարկելու համար: Դիցուք՝ 17/05 տեղամասում ամեն ինչ արվել է հանուն համակարգի պահպանման և ոչ թե Սերժ Սարգսյանի ընտրության վրա բիծ թողնելու: Իսկ եթե, այնուամենայնիվ, այդքան բծախնդիր է նախագահը, ապա թող նոր ընտրություններ նշանակի ողջ Հայաստանով, որովհետև, 17/05-ից բացի, հարյուրավոր տեղամասեր կան, որոնցում ոչ պակաս խայտառակություններ են տեղի ունեցել և չեն բարձրաձայնվել, որովհետև դիտորդներ չեն եղել կամ վստահված անձինք, կամ եղել են, բայց՝ էշի ականջում քնած:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: