կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 18:17
Քաղաքական

Կոնսոլիդացիան հուշագրերով ու ստորագրությամբ չի լինում

Կոնսոլիդացիան հուշագրերով ու ստորագրությամբ չի լինում

Նրանք, ովքեր երկու ամիս առաջ կարծում էին, որ բոյկոտով հարց կարելի է լուծել, պետք է հասկացած լինեն, որ միայն մասնակցությամբ, քայլ առ քայլ, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ իշխանությունը վերադարձնելով է հնարավոր հարցեր լուծել. Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Թե ովքեր են այս օրերին այցելել իրեն եւ զորակցություն հայտնել, Րաֆֆի Հովհաննիսյանը անուն առ անուն չհիշատակեց` ինչ-որ մեկի անունը չհիշատակելու մտավախությամբ, բայց նշեց, որ իրեն այցելել են ամենատարբեր կուսակցությունների, այդ թվում` նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչներ: Սակայն ամենակարեւորը Րաֆֆի Հովհաննիսյանի համար այն է, որ շարքային քաղաքացին ամեն օր ու երեկո իր հետ է եւ զորակցում է իրեն:

 

Նա նշեց, որ գնահատում է բոլոր այն ուժերին, որոնք զորակցել են իրենց ընտրություների ժամանակ, ընտրություններից հետո, նույնիսկ նրանց, ովքեր դեռ չեն զորակցել եւ հայտնեց, որ իրենք բաց են բոլորի հետ հանդիպման համար` անխտիր, եւ պատասխանելով առաջին նախագահի մասին հնչեցված հարցին` պատասխանեց, որ այդ թվում` նաեւ նրա հետ:

 

Քաղաքական կոնսոլիդացիայի մասին հնչեցված հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիմնական կոնսոլիդացիան ժողովուրդն արդեն կատարել է, եւ կուսակցություններն, իրենց նոր տեղն ու դերը հասկանալով, պետք է սպասարկեն այդ կոնսոլիդացիան:

 

«Ես առաջարկում եմ, որ բոլոր կուսակցությունները, հարգելով իրենց գաղափարախոսությունը եւ պատվիրանները, իրենք եւս հասկանան, որ հին մանրակերտով ոչինչ չի լինելու, այլ նոր մանրակերտով, որտեղ տանողը Հայաստանի քաղաքացու շահերն են: Քաղաքական ուժերը պետք է հանդես գան որպես մեր ժողովրդի շահերը սպասարկող»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա հիշեցրեց, որ 7-10 օր առաջ ասել է, որ եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա պատրաստ է, ապա ինքը բաց է նրա հետ ցանկացած հանդիպման համար, որից հետո սկսվել են խորհրդակցություններ: Իսկ մյուս քաղաքական ուժերին հանդիպման կամ բանակցույթունների հրավիրել-չհրավիրելու հարցին ի պատասխան` նշեց, որ արդեն հրավերի եւ պատասխանի մեթոդաբանությունը հնացել է, եւ ինքը հատուկ զանգեր չի անում եւ, բացի մամուլի ասուլիսից, ամեն ինչ տեղի է ունենում առանց իր խնդրանքի:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա օրերին իրեն զորակցողների շարքում հնարավոր կլինի տեսնել նոր դեմքեր, նոր ուժեր, ինչն ինքնին կոնսոլիդացիա է. «Քանի որ քաղաքացին դարձավ Հայաստանի տերը, եւ կոնսոլիդացիան հուշագրերով ու ստորագրությամբ չէ»: