Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացուդուլը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար, եւ որքան էլ փորձում են ցինիկ արտահայտություններ անել հաց չուտելու վերաբերյալ, միեւնույն է, բարդ իրավիճակի մեջ են
Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նրանք պետք է որոշակի պատասխան տան, որովհետեւ քաղաքական գործընթացն այլեւս իրենց չի ենթարկվում:
«Իրենք հիմա ցայտնոտի մեջ են հայտնվել եւ լուծման ուղիներ են փնտրում: Իրականում շատ ճիշտ են անում, որովհետեւ կա համապետական խնդիր, ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը պետք է լուծել: Ես հույս ունեմ, որ գործող նախագահն իր շատ թիմակիցների չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է, որ ինքն է պատասխան տալու, ոչ թե իր թիմակիցները, որքան էլ նրանք փորձեն ինչ-որ վճռական գործողություննների կոչեր անել»,- հայտարարեց նա:
Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ լուծումն իրեն երկար սպասեցնել չի տա,եւ իշխանությունները կփորձեն իրական առաջարկներ ներկայացնել:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ առաջարկներ կարող է ներկայացնել իշխանությունը, ինչպիսի՞ լուծման են սպասում, նա պատասխանեց, որ ճգնաժամը համապետական է, լուծումն էլ հենց այդպիսին պետք է լինի՝ համապետական եւ համակարգային:
Մեր դիտարկմանն էլ, որ իշխանությունները, կարծես, պատրաստ են միայն մի քանի պաշտոններ տալ ընդդիմությանը, Մարտիրոսյանը արձագանքեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում մի քանի պաշտոն ստանձնել, առեւտրի մեջ չեն մտնում:
«Մենք առեւտրական չենք, այլեւս այստեղ հավաքվածները առեւտրական չեն, ինչպես նախկինում ունեցել ենք: Կա հստակ համապետական խնդիր, եւ այդ խնդիը պետք է երկխոսության միջոցով լուծվի, ոչ թե այն երկխոսոթյան, երբ այդ բառն արժեզրկել եւ առեւտրի են վերածել, այլ համակարգային լուծումների տեսքով»,- հայտարարեց նա:
«Ժառանգության» ներկայացուցչին խնդրեցինք մեկնաբանել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանի կողմից Ազատության հրապարակ այցելելը երիտասարդական ռոմանտիկայի մեջ է տեղավորվում: Մարտիրոսյանը նշեց, որ թեեւ չգիտի դա որ ոլորտից է, բայց իշխանությունների իրականության ոլորտը շատ ավելի վատն է:
«Իրենց իրականության ոլորտը թալանված երկիրն է, խեղված իրավունքները, երբ ընտրված նախագահն անգամ մեկ վրանի իրավունք չունի, սա է իրենց իրական աշխատանքը, եւ սա ոչ թե ապահով, այլ անապահով Հայաստանի մասին է խոսում»,- հայտարարեց Մարտիրոսյանը: