կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-08 17:25
Առանց Կատեգորիա

Փոքր մարդկանց մեծամասնությունը

Փոքր մարդկանց մեծամասնությունը

Միանգամից ասեմ՝ ես հեղափոխության կողմնակից չեմ, ոչ էլ՝ հակահեղափոխության: Ինձ հետաքրքիր չեն Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուները` Հայաստանի անկախությունից ի վեր: Ընտրվածները՝ նույնպես, չընտրվածներն՝ առավել եւս: Ես չեմ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող որեւէ քվեարկության անկախության հանրաքվեից բացի: Ու չեմ էլ մասնակցելու: Որեւէ մեկի հաղթանակի կամ պարտության մեջ անձնական եւ հասարակական շահագրգռվածություն չունեմ:

 

 Ես լուսաբանել եմ 1996-ից սկսած բոլոր ընտրությունները, նաեւ 2005-ի սահմանադրական հանրաքվեն: Երբեւէ չեմ եղել շահագրգիռ կողմ, եթե նույնիսկ իմ հոդվածներն այս կամ այն թեկնածուի շահերից են բխել: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես հակված չեմ կարծելու, որ չընտրված կամ ընտրված նախագահները, պատգամավորները, համայնքապետերը, ՄԻՊ-ը, կաթողիկոսը կամ որեւէ մեկն ի վիճակի է լուծել ՀՀ քաղաքացու կամ հոտի որեւէ անդամի որեւէ խնդիր: Ես համոզված եմ, որ Հայաստանն անշեղորեն գնում է դեպի կործանում: Ու ոչ ոք ի վիճակի չէ դրա դեմն առնել: Որովհետեւ ունենալու ախտը այնքան խորն է նստել քաղաքականություն եւ հոգեւորականություն մտած մարդու մեջ, որ ինքն իրեն չի կարող շրջանցել որեւէ իրադարձությունից: 

 

Ես գրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին: Որքան հիշում եմ, վերջին երկուսի մասին՝ հիմնականում բացասական երանգներով: Առաջինի դեպքում միայն փաստեր էի արձանագրում: Դատողությունների համար բավարար տեղեկություններ չունեի: Կարծում եմ` այսօր էլ չունեմ: Ես ոչ մի կասկած չունեմ, որ 1995-ից ի վեր կեղծվել են ՀՀ-ում ընթացող բացառապես բոլոր քվեարկությունները՝ ՏԻՄ-երից սկսած, նախագահի ընտրություններով վերջացրած: Ինձ ոչ ոք չի համոզի, որ Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ: Հենց նույն պատճառով մեկ վայրկյան չեմ կասկածում, որ ուրիշն էլ չէ: Ըստ իս` մարդիկ ընտրության են գնում ինչ-որ բան փոխելու հույսով: Առաջին պլանում, անկասկած, սոցիալական խնդիրներն են: Պատճառն այն է, որ հայ մարդը մտքի պահանջատեր չէ: Այլապես նա չէր հանդուրժի նախագահի կամ պատգամավորության այնպիսի թեկնածուների, որոնք ընտրված-չընտրված մնում են ջրի երեսին: Եվ փոխարենը հերթական անգամ ջրի տակ են անցնում շնչակտուր ընտրատեղամասեր վազողները: Այսպիսի իրավիճակը բնորոշ է կալանավայրերին: Կամ՝ ես, կամ՝ դու: 

 

Մեծ հաշվով ՀՀ քաղաքացու մասին ես ունեմ լավագույն պատկերացումները, առավել եւս՝ նրանց մասին, ովքեր թողնում, գնում են: Դա նման է այն ծնողին, որը չի ուզում տեսնել, թե ինչպես է անբուժելի հիվանդ հարազատն աչքի առաջ մեռնում: ՀՀ քաղաքացին բոլոր ջանքերով փորձում է իր մեջ կրել մեկ ամբողջական Հայաստան: Իսկ նրան ցույց են տալիս կղզիները՝ ներքին եւ արտաքին: Ներքին կղզիներն այս կամ այն կերպ այս երկրում բարգավաճող մայրաքաղաքամերձ քաղաքներն են` գյուղերի հաշվին, արտաքին կղզիները արտագաղթի հանգրվաններն են: Հայ ընտրողն ապականված է սոցիալական անարդարությամբ: Նաեւ՝ արդարությամբ: Որովհետեւ իր զավակի աչքերի մեջ նայելիս, սովի սպառնալիքից բացի, ուրիշ ոչ մի խնդիր չի տեսնում: Եթե երազում է սովորել, ապա քաղքենիության զորահանդեսին միանալու համար, եթե երազում է հարստանալ, ապա իր հարստությունն ուրիշի աչքը մտցնելու համար: Եթե ցավակից է, ապա ցավին ուղղակիորեն չառնչվողի դիրքերից: 

 

Ահա ինչու անշահ բարեգործությունները չլսված բան են այս երկրում: Հայ մարդը փոքրիկ հաղթանակների ծարավ է: Անհրաժեշտ էր, որ արժեզրկվեր Արցախյան ազատամարտում տարած նրա մեծագույն հաղթանակը: ՀՀ բոլոր իշխանությունները հաջողությամբ լուծել են այդ խնդիրը: Եվ այդ պատճառով նույնքան բեւեռացված են կուսակցությունները. մեկը օրենքի երկիր է պահանջում հակառակ ուղղությամբ քայլելիս, մյուսը՝ արժանապատիվ ապրելակերպ, որը սոցիալական խնդիրներ չունեցողին չի հետաքրքրում, երրորդը ազատական տնտեսության ջատագով է եւ նույնիսկ իր կուսակցության մեջ է միայնակ այդ ցանկությամբ, չորրորդը Ռուսաստանից այն կողմ Հայաստան չի տեսնում: Հինգերորդ շարասյունը դեպի Ռուսաստան գաղթող հայությունն է, որը զզվել է փոքր մարդկանց մեծամասնությունից:


Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: