կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 10:28
Առանց Կատեգորիա

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է ՀՀ պաշտպանության երկարամյա նախարար, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձը: Նա սպանվեց 1997թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով: Ներկայացնում ենք Սարգսյանի «Հացի փորձություն» պատմվածքը:

 

                                                                                 ***

                                                                    ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Ոչ այնքան հեռավոր 1918 թվականին, երբ շնից շատ ինքնակոչ աղաներ դեռ չկային, այս գյուղում մեն-մի աղա կար` Լեւոն աղեն։ Հարուստ մարդիկ, ճիշտ է էլի կային, Լեւոն աղուց հարուստներն էլ կային, բայց որպես աղա հարգվում էր միայն Լեւոնը։ Աղա էր Լեւոնը` հոգով-սրտով, իր թասիբ-նամուսով, տո՜, իր նիստ ու կացով, իր բոյ բուսաթով, ձի նստելու, զենք բանեցնելու, բաժակ բարձրացնելու իր շնորհքով… Գիշեր-ցերեկ Լեւոն աղի դուռը բաց էր ամեն գնացող-եկողի առաջ, օրը տասը աղքատ էր կշտանում Լեւոն աղի հացով հաց տվող մարդ էր Լեւոն աղան։ Սով լիներ, դժբախտություն լիներ, թե թշնամին վրա տար, Լեւոն աղեն սարի նման էս գյուղի թիկունքին կանգնած էր։ Իսկ Հրա~յրը… Լեւոն աղի չորս որդիներից ավագն էր Հրայրը։

 

Առյուծի սիրտ էր կերել Հրայրը։ Նրա ահից թշնամին էս գյուղից փախ-փախ էր անում` ոնց որ լեղաճաք գայլը ազնվացեղ չոբանաշնից։ Աչք-աչքի տասը տղամարդ չէր կարող չափվել Հրայրի հետ… Բայց մահը… Անտեր մնար մահը, գալիս իմա՞ց է տալիս, հարցնո՞ւմ է ով լինել-չլինելդ, հարցնո՞ւմ է տարիքդ ու ցանկությունդ։ 18 տարեկանից Հրայրը զինվոր էր։ Հայաստանում էլ քաղաք ու գյուղ կա՞ր, էլ լեռ ու կիրճ կա՞ր, որտեղ Հրայրը թշնամու դեմ կռված չլիներ։ Մի հարյուր անգամ մահը ժպտացել ու աչքով անելով անցել էր կողքից։ Ժպտացել ու անցել էր, որ արյունից ու կռվից հեռու իր գյուղի աղբյուրի շրթին բռնացներ։ Մահն էլ Հրայրի հետ դեմ առ դեմ դուրս գալու ռիսկը չէր ունեցել։ Թիկունքից էր վրա տվել ու շրջվելու անգամ, զարմանալու անգամ ժամանակ չէր տվել իգիթին։ Լեւոն աղի տան բակում ասեղ գցեիր, գետնին չէր ընկնի, էնքան ժողովուրդ էր հավաքվել։ Դանակն էլ զարկեիր սրտներին, էդքանի միջից մեկի սրտից մի պուտ արյուն չէր կաթի։ Տղերքը, ճիշտ է, հետապնդել ու շանսատակ էին արել Հրայրի վրա թիկունքից կրակողին, բայց դրանից ի՞նչ օգուտ։ Հրայրի կորստի դեմ ի՞նչ սփոփանք էր։ Լեւոն աղեն… խեղճ Լեւոն աղա, էլ Լեւոն աղա էր մնացել, աշխարհը փուլ էր եկել Լեւոն աղի գլխին։

 

Ուր էր էդ սեւ գնդակն իր թիկունքին առած լիներ ու Հրայրն իրեն գերեզման դներ։ Անխիղճ Աստված… Գոնե հիմա գութ ունենար, ունենար, ու իր հոգին էլ առներ։ Ու՞ր էր… … Այդ պահին, սակայն, ձիու ոչ սովորական, պղնձյա վրնջոց լսվեց, եւ քրտնաթոր, փրփրակալած բերանով կապտավուն մի նժույգ ծառս եղավ ու ներսից ասես եփ գալով, չհանդարտվելով` կանգ առավ Լեւոն աղի տան բաց դարպասի առաջ… … Ձիավորը, որ լավ լուր էր բերել, որ ձիու հոգին բերանը դնելով շտապել էր րոպե առաջ աչքալուսանք տալ Լեւոն աղին, տեսնելով դագաղի սեւ կափարիչը նրա տան դիմաց, իր ձիու նման ծառս եղավ, ու չգիտես ինչու, ՙՀրայրը…՚, վկայեց սիրտը։ Հետո շվարել մնացել էր դեռեւս ոստոստացող ձիու վրա` մոռացած ասելիքն ու անելիքը։ Ժողովուրդը, որ ճանաչել էր բաջազլեցի հայտնի հարյուրապետ Դավծթի Վրեժ որդուն, սուսուփուս ճանապարհ էր բաց անում նրա առաջ` դեպի Լեւոն աղեն։ Լեւոն աղեն…

 

Ինչ Լեւոն աղա` քա՜ր, քա՜ր, որձաքար։ Հազար տարի, միլիոն տարի շանթ ու կայծակ կերած, հազար տեղից միլիոն տեղից վիրավոր, ներսից հրդեհ, ներսից կրակ, բայց դրսից հպարտ, սառը որձաքար։ - Հորեղբորս վշտին անտեղյակ, ես նրան աչքալուսանք բերելու էի եկել, ներիր մեղավորիս, աղա,- շշնջաց Վրեժը։ - Խոսի՜ր,- ասաց Լեւոն աղեն,- ի՞նչ լուր էր, որ ուրախացնելու էր քո Հրայր եղբորը։ - Անդրանիկ զորավարը քեզ հյուր է գալիս, աղա… Խեղճ Լեւոն աղա, քեզ հիմա հենց հյուրն էր պակաս, սիրտդ հենց հյուր ընդունելու սիրտ է… ու էն էլ ինչ հյուր։ Անդրանիկ զորավարը` էդ ազգի փրկիչը, Աստծո կողմից անգամ լքված հայության էդ ամենաիսկական Աստվածը… … ՙԽեղճ Անդրանիկ զորավար,- ողբահառաչ քմծիծաղեց մտքում Լեւոն աղեն,- հյուր ես գալիս… Հյուր, Անդրանիկ զորավար… Աստծուց բռնած մինչեւ գազան էլ բառ չմնաց, որ անունին չկպցրին, բայց էս մեկը չի կպնի։ Հյո~ւր… Էս մի բուռ մնացած քարուքանդ Հայաստանի որ անկյունում դու կարող ես հյուր համարվել։ Մարդ էլ իր տան, իր փլվող տան մեջ հյուր լինի… Բա էդ… էդ խեղճ ու կրակ գաղթականները… Տնավեր, բնավեր էդ ժողովրդին ի՞նչ անուն տանք, Զորավար, հյու՞ր… Հյու՞ր։ Ոնց ես դիմավորելու պատվարժան հյուրերիդ, Լեւոն, Լեւոն աղա… Սեւ դագաղո՞վ, սու՞գ շիվանո՞վ… Էդ է, զարմացրիր, միլիոն մահ տեսած, արյան ծովով անցած, երկիր կորցրած հայ գաղթականներին էս սուգ շիվանով զարմացիր, Լեւոն աղա…՚։ Իսկ Լեւոն աղի տան բակում լռություն, ոչ մի ծպտուն, շունչը պահած, մի աչք, մի ականջ դառած ժողովուրդ, ու էդ քար լռության մեջ սիրտ մարող ողբ… … Ու Անդրանիկ զորավարը հյուր էր գալիս ու Լեւոն աղեն…

 

Աստված, ախր ինքն էլ չգիտի, թե ինչեր է անում։ Ասում են, սակայն, թե Աստված լեռանը նայում` ու նոր է բուք ուղարկում, ով գիտի… Բայց այն, ինչ կատարվեց հետո, Աստծու մտքով իսկ չէր կարող անցնել։ - Դադարեցրեք ողբն ու կոծը,- օդի մեջ տրաք-տրաքվեցին Լեւոն աղի խոսքերը,- դիակը պահեք, ու ոչ մեկիդ աչքերում արցունք չերեւա։ Անդրանիկ զորավարը մեզ հյուր է գալիս, մեր գաղթական ախպերները մեզ հյուր են գալիս, հայի ուրախության հացը շատ անգամ է հոգեհաց դառել, էս մի անգամն էլ թող հակառակն ըլնի։ Պատրաստվեք դիմավորել հյուրերին… Ու Հրայրի հոգեհացի համար թխվող լավաշի փութը երկուս դառավ, ու Հրայրի հոգեհացին մորթվող հորթի մեկը երկուս դառավ։ Ու Հրայրի թաղմանն եկած ժողովուրդը դառավ հորթ մորթող, դառավ քյուֆթի միս ծեծող, լավաշ թխող, սեղան գցող, հյո~ւր ընդունող… Հյուրերը… Անդրանիկ զորավարը` սպիտակ ձիու վրա, գաղթականների գլուխն անցած ու իր զորքը։ Զո~րք… Զորքը մոնղոլ-թաթարինն էր, զորքը պարսիկինն էր, զորքը թուրքինն էր, Անդրանիկ զորավարինը ինչ զորք։ Անդրանիկ զորավարի ունեցած-չունեցածը հազիվ հարյուր ձիավոր է, հարյուր զինվոր, մի զորավար ու մի մորթվող ժողովուրդ` էս է։ Ու էդ գաղթականները, գաղթականները~… Ուրո~ւ, ուրո~ւ. նայում ես ու աչքերից` սարսափահար, չռված, հոգի մաշող, քար ծակող աչքերից բացի ոչինչ չես տեսնում։ Նայում ես, ու ինչքան էլ մոլի հավատացյալ լինես` կասկածում ես Աստծո գոյությանը, նայում ես, ու լեզուդ կապ է ընկնում…

 

Լեւոն աղի տան դիմաց, կիսով չափ հողի մեջ խրված, անասելի կապտավուն մի քար կար։ Լեւոն աղեն երբ ծնվել էր, այդ քարն այդտեղ էր եղել։ Լեւոն աղի հայրն էլ, պապն էլ երբ ծնվել էին, քարն իր տեղում էր եղել, եւ ոչ ոք չէր հիշում, թե քարը երբ եւ ում օրոք է հայտնվել տան բակում։ Ժողովրդի մեջ, սակայն, սերնդից-սերունդ խոսում էին, թե քարը երկնքից է ընկել` ՙԱստծո տվածուրիկ է՚։ Ձիուց իջավ ու հենց այդ` Աստծո տվածուրիկ քարին նստեց Աստծո տվածուրիկ զորավարը։ Նստեց, ու լուռ իր հայ ժողովրդին էր նայում։ Նայեցին մեկ-մեկու, ու այդպես էլ ոչ մի բառ չասացին` ոչ ժողովուրդն իր զորավարին, եւ ոչ էլ զորավարը նրանց։ … Լեւոն աղի տան օդայում` այն սենյակում, ուր մի քանի ժամ առաջ Հրայրի դիակն էր դրված, 1918թ. ավեր, սուղ տարվա համար շշմելու սեղան էր բացված։ Նստել էին, սակայն, քաջերը սեղանի շուրջ ու հացի պատառը կուլ չէր գնում… … - Կայծակ,- ձայն տվեց Լեւոն աղեն փոքր որդուն,- Կայծակ ջան, մի նոր բան երգիր Անդրանիկ զորավարի ու իր քաջերի պատվին… … Կայծակը, հազիվ 14-15 տարեկան մի պատանի, ականջներին չհավատաց ու սարսափահար աչքերը հոր աչքերին հառեց։ Հայրը ժպտում էր, բայց… բայց ով կարող էր չկատարել ժպիտով քողարկված նրա հրամանը։ Կայծակը օգնություն հայցող հայացքը Անդրանիկ զորավարին հառեց` ՙԵրգե՚- ժպտաց զորավարը։ (Ախ Անդրանիկ զորավար, ինչ իմանայիր, որ կողքի սենյակում տանտիրոջ 25-ամյա որդու դիակն է դրված)։ ՙԵրգե՚,- ժպտաց զորավարն ու երգեց Կայծակը, էդ ո~նց երգեց. Աման, էս ինչ դուման է Երկիր բոլոր դուշման է Հայ ազգի սիրտը քար է Սերոբ, աչքդ խավարե… Երգեց Կայծակն ու արցունքներ գլորվեցին աչքերից։ Երգեց իր երգով վարակեց բոլորին։ Քաջերից սկզբում մեկ-երկուսը, հետո արդեն բոլորը` երգել իմացող ու չիմացող, իրենց խռպոտ ու հզոր ձայներով միացան պատանու երգին, ու թնդաց Լեւոն աղի տունը նրանց երգի թափից… Այդ պահին, ասում են, Լեւոն աղի տան բակում Աստծո տվածուրիկ քարը ճաք էր տվել. ո՞վ գիտի։ Քարը մինչեւ այսօր էլ իր տեղում է, ու ճաք, իսկապես կա… Իսկ Լեւոն աղեն Անդրանիկ զորավարի կողքին նստած լռում էր։ Ու շատ գոհ էր, ու շատ ուրախ էր` ժպտում էր…

 

… Թե այդ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ կատարվեց Լեւոն աղի որձաքարի ներսում, ոչ ոք չիմացավ` նրա որձաքարի դուրսը առաջվա նման հպարտ ու լուռ էր։ Ու չէին էլ իմանա, թե որձաքարը հանկարծ ճաք չտար… Երբ վերջին զինվորը ծածկվեց սարի թիկունքում, ու երբ որդիները հայացքները դարձրին դեպի իրենց հայրը, սարսափից քարացան ձիերի վրա. Լեւոն աղի գլխին ոչ մի սեւ մազ չէր մնացել… Վերջին ժպիտը, որ Լեւոն աղեն մի կերպ կորզել էր իր ներսից, որով ճանապարհել էր Անդրանիկ զորավարին, սառել էր մարդու երեսին. Լեւոն աղի, սիրուն Լեւոն աղի բերանը ծռվել էր, ձախ աչքը կկոցվել ու աջ հոնքը թռել էր ճակատին… Որձաքարը ճա~ք էր տվել…

 

… Խորհրդավոր շինություն, խորհրդավոր լռության ու բույրերի մեջ երեխայի երկյուղածությամբ, ակնածանքով մի քանի պտույտ արեց Գառնիկ Հունանյանը, ու Խորանի դիմաց, մանուկ Աստծո ու աստվածամոր խունացած պատկերի դիմաց կանգ առավ։ ՙՏեսնես ո՞վ է նկարել, անցավ մտքով, տեսնես ո՞ւմ է նկարել, ո՞ւմ է ունեցել աչքի առաջ… Էս Աստվածամայրը, ախր, մեղա~-մեղա~։ Ջրի երկու կաթիլի նման է իմ նահատակ մորը… Ու էս մանուկը… ասենք, աշխարհի բոլոր մանուկներն էլ Աստված են ծնվում, հետո են միայն դառնում Հուդա, հետո են դառնում Թալեաթ ու Հիտլեր։ Իսկ Քրիստո՞ս, հիմա էլ Քրիստոսներ չկա՞ն… Կան, Քրիստոսներ կան ու իրենց ուսերի վրա են տանում էս աշխարհի բեռը։ Ու քանի դեռ Քրիստոսներ կան` աշխարհն էլ կլինի՚…