Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր հաստատեց ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ բացասական եզրակացության նախիգծ:
ՀՅԴ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունումը ենթադրում էր ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության մասով հարկային բեռի էական նվազեցում, ինչը կառավարության դիտարկմամբ, ընդունելի չէ` հետևյալ հիմնավորումներով.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքում գործունեություն ծավալող 30 ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձանց մոտ` վերջիններիս գործունեության փաստացի պատկերը վերհանելու նկատառումներով:
Գործունեության հիմնական միջինացված բնութագրիչներն են եղել` բազկաթոռների թիվը` 6, բժիշկ-ստոմատոլոգների թիվը` 9, բուժքույրերի թիվը` 2, վարչական աշխատողների թիվը` 2, ատամնատեխնիկների թիվը` 2: Ուսումնասիրված բոլոր ընկերություններում շահութաբերության մակարդակը կազմել է 2-ից 7 տոկոս, իսկ աշխատավարձը` 37-ից 72 հազար դրամ:
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձինք հիմնականում գործունեություն են ծավալում հետևյալ երկու եղանակով.
1-ին եղանակի դեպքում ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է օրավարձով` յուրաքանչյուր բժիշկ-ստոմատոլոգից ստանալով օրական 15-ից 20 հազար դրամ եկամուտ` փոխարենը կրելով գործունեության արդյունքում առաջացող հարկերի և կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը: Այսինքն, ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսերը կրում է բժիշկ-ստոմատոլոգը:
Փոխարենը, կլինիկայի կազմակերպիչների կողմից իրենց գործունեության արդյունքում պետությանը վճարված շահութահարկը մեկ բազկաթոռի համար կազմել է ամսական 3,5-ից 9 հազար դրամ կամ որ նույնն է` օրական 130-ից 350 դրամ: Ակնհայտ է, նշում է կառավարությունը, որ եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձինք նախորդ հարկման դաշտի պայմաններում հայտարարագրեին իրենց իրացման շրջանառությունների իրական մեծությունները, ապա վճարվող շահութահարկի չափը շատ ավելին կլիներ, քան անգամ ներկայումս մեկ բազկաթոռի հաշվով վճարվող արտոնագրային վճարի առավելագույն` 80 հազար դրամը:
2-րդ եղանակի պարագայում` ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է ատամնաբուժական բազկաթոռների վարձակալության հիմունքներով` յուրաքանչյուր բազկաթոռի վարձը սահմանելով ամսական 200-ից 350 հազար դրամ` փոխարենը կրելով միայն կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը:
Այս եղանակով աշխատող ատամնաբուժական կլինիկաները մեկ բազկաթոռի հաշվով միջին ամսական 275 հազար դրամ վարձատրության դիմաց վճարել են միջինը 4,2 հազար դրամ շահութահարկ, կամ այլ կերպ` 1 բազկաթոռի հաշվով պետությանը վճարված հարկերը շուրջ 65 անգամ պակաս են եղել 1 բազկաթոռի վարձակալության վճարից:
ՀՅԴ խմբակցության ներկայածրաց օրենքի նախագծով առաջարկվում էր նաեւ մանկական ատամնաբուժական գործունեության մասով սահմանել արտոնագրային վճարի մեծությունը կիսով չափ նվազեցնող գործակից: Նման մոտեցումը կառավարությունը համարում է ոչ ընդունելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում որեւէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում չկա, որի կիրառությունը կարող էր երաշխավորել, որ տվյալ մանկական ատամնաբուժական կլինիկայում ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում բացառապես մանկահասակներին:
«Հետևաբար, առաջարկությունն ընդունելու պարագայում կստեղծվեն հարկումից խուսափելու մեծ ռիսկեր, իսկ դրանց կառավարման ուղղությամբ արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը գրեթե անհնարին կլինի»,- նշվում է կառավարության պատասխանի մեջ:
Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում էր սահմանել, որ ատամնաբուժական գործունեության մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է ոչ թե բազկաթոռների թվաքանակի, այլ ատամնաբույժների թվաքանակի հիման վրա, ինչը կառավարության կողմից նույնպես ընդունելի չէ: