Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցումների մասին» ՀՀ օրենքում եւ դրան կապակցված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որի գլխավոր խնդիրը ինտերնետի միջոցով հրապարակային ծանուցումներ իրականացնելն ու դրանք պատշաճ ծանուցում համարելն է:
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ մեր իրականության մեջ լրջագույն խնդիրներ են առաջացնում ողջամիտ ժամկետներում դատաքննությունները, ինչպես նաեւ վարչական վարույթները իրականացնելու հարցում, որովհետեւ ներքին միգրացիայի պատճառով բնակչության մի մասը չի գտնվում այնտեղ, որտեղ հաշվառված է, ու եթե անգամ նա գտնվում է հաշվառման վայրում, երբեմն ոչ բարեխիղճ ծանուցվողի կողմից որոշակի խոչընդոտներ են առաջանում, ինչը հնարավարություն չի տալիս դատավարությունների մյուս մասնակիցների իրավունքներն իրականացնել ողջամիտ ժամկետներում:
«Այս փոփոխությունները մեզ հնարավորություն կտան որոշակի ժամանակահատվածում, ինչը սահմանված է օրենքով, աստիճանաբար թղթային եղանակով ծանուցումներից անցնել էլեկտրոնային եղանակով ծանուցումներին, որտեղ նույնականացման քարտերի հետ միասին մարդիկ կստանան նաեւ այդ էլեկտրոնային հասցեները, որը կլինի քաղաքացիների վիրտուալ հասցեն»,- նշեց Թովմասյանը:
Նախարարը զեկուցեց, որ պլանավորում են իրավաբանական անձանց համար այս փոփոխություններն ավելի շուտ ուժի մեջ մտցնել, այսինքն` նրանց էլեկտրոնային հասցեներ ավելի շուտ տրամադրել, եւ հնարավոր կլինի անցնել այս ձեւաչափին: Այդ կարգավորումների արդյունքում, համոզմունք հայտնեց արդարադատության նախարարը, զերծ կմնանք երկար ձգձգվող վարչական վարույթներից, եւ որոշակի դրամական խնայողություններ կլինեն: