կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 17:12
Առանց Կատեգորիա

Հայաստանը ձախողվեց կարֆուրյան ստուգատեսում

Հայաստանը ձախողվեց կարֆուրյան ստուգատեսում

Եվրոպայում ամենամեծ սուպերմարկետների ցանցը տնօրինող ֆրանսիական «Կարֆուր» ընկերության` հայաստանյան շուկա մտնելու ոդիսականը, կարծես, ավարտվում է և ավարտվում է Հայաստանի համար կանխատեսելի խայտառակ ելքով:

 

Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Կարֆուր» և «Դալմա մոլ» ընկերությունները չեն կարողացել գալ վերջնական համաձայնության, և նրանց միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը, ամենայն հավանականությամբ, չեղյալ կհամարվի: Մինչդեռ նախատեսվում էր, որ «Կարֆուրն» իր հիպերմարկետը բացելու է ռուսաստանահայ Սամվել Կարապետյանին պատկանող նորաբաց «Դալմա մոլ» առևտրային խոշոր կենտրոնի տարածքում: Այն փաստը, որ «Դալմա մոլի» և «Կարֆուրի» միջև ստորագրվել էր կոնկրետ փաստաթուղթ, ցույց է տալիս, որ գործարքի չկայացումը կապված է եղել ոչ թե այս ընկերությունների երկկողմ հարաբերությունների հետ, այլ ավելի շուտ «Կարֆուրի»` Հայաստան մտնելու հարցում չշահագրգռված ուժերի ներգործության: Իսկ այդպիսի երկու հնարավոր օղակ կարող է լինել` կա'մ պետությունը` ի դեմս կառավարության, կա'մ «Կարֆուրի» մեջ իրենց համար անհաղթահարելի մրցակից տեսնող հայաստանյան օլիգարխիկ շրջանակները, որոնք իրենց ձեռքում են կենտրոնացրել թե' մեծածախ ու մանրածախ առևտրի և թե', հատկապես, ներկրման  շուկաները:

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում, հայտարարել էր, թե կառավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի «Կարֆուրը» ներկայացված լինի մեր շուկայում, «քանի որ իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ մեր տնտեսության համար, և դա կարևոր է մրցակիցային դաշտի ձևավորման համար: Դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտիտուտների, ենթակառուցվածքների ձևավորում է՝ գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում նաև հայկական ապրանքների արտահանում»: Վարչապետը նաև ակնարկել էր, որ կոնկրետ այս հարցի առնչությամբ հանդիպում է եղել «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ, և կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ ընկերությունը հնարավորինս շուտ հաստատվի Հայաստանում: Այսինքն`պետությունն` ինքը, գոնե հռչակագրային մակարդակով, «Կարֆուրի» առջև «կարմիր լույս» չի վառել:

 

Առավել քան իրատեսական է, որ ֆրանսիական ընկերության առջև խոչընդոտները հարուցել են հենց այն շրջանակները, որոնց համար «Կարֆուրի» մուտքը նշանակելու էր հաստատված առևտրատնտեսական օլիգարխահեն համակարգի խաթարում: Բանն այն է, որ թե' սեփական հիպերմարկետում վաճառվող ապրանքներն ինքնուրույն ներկրելու և թե', դրանով պայմանավորված, առավել մատչելի ու ճկուն գնային քաղաքականությամբ «Կարֆուրը» այդ ոլորտներում իրական մրցակցության նախադրյալներ էր ստեղծելու: Այն ստիպելու էր հայաստանյան սուպերմարկետների տերերին, համատեղության կարգով նաև ներկրման բացառիկ արտոնություններ ունեցողներին հարմարվել իր այդ քաղաքականությանը կամ առնվազն հաշվի առնել նրա ներկայությունը շուկայում: Դա շղթայաբար հանգեցնելու էր նրան, որ առաջարկի ու պահանջարկի հիմքում ոչ թե այդ արտոնյալների փոխհամաձայնեցված պայմաններն էին լինելու, այլ առավելաբար սպառողի պահանջները: Այլ կերպ ասած` «Կարֆուրն» ուղիղ հարվածելու էր հայաստանյան տնտեսական խաթարված, խեղված համակարգի «սրտին»: Իհարկե, այն հեղափոխություն անել չէր կարող, որովհետև դրա համար ոչ թե մեկ, այլ մի քանի կարֆուրներ են անհրաժեշտ Հայաստանում, ընդ որում` ոչ միայն մանրածախ առևտրի շուկայում: Բայց որ դրանից կարծրացած այս համակարգը ցնցումների էր ենթարկվելու, որևէ կասկած լինել չէր կարող: Ահա հնարավոր այս ցնցումները կանխելու համար էլ այս շրջանակներին անհրաժեշտ էր ի հայտ եկող «վտանգը» խեղդել օրորոցում, ինչին և, փաստորեն, նրանք հասան:

 

Բայց դա ոչ միայն անակնկալ լինել չէր կարող, այլև պետք է որ կառավարության համար լիներ ամենականխատեսելի արձագանքը: Եթե վարչապետն իսկապես անկեղծ էր իր հավաստիացումներում, ապա նրա ամենամեծ աջակցությունը «Կարֆուրին» պետք է լիներ հենց նման պատի առաջացումը թույլ չտալը կամ գոնե այնպիսի միջավայրի ստեղծումը, որ ընկերությունը համեմատաբար հեշտությամբ կարողանա հաղթահարել այդ պատը: Եթե անգամ «Դալմա մոլն» ինքն է արհեստական խնդիրներ հարուցողը, ապա միայն հայաստանյան շուկա մտնելու` «Կարֆուրի» ցանկությունը պետք է բավարար լիներ` այդ մուտքի համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծելու համար: Եվ փաստը, որ «Կարֆուրն» այս փուլում չի մտնելու Հայաստան, վկայում է, որ իր այդ գործառույթը կառավարությունը կա'մ չի ցանկացել, կա'մ չի կարողացել կատարել: Այն կա'մ հանցավոր անգործություն է հանդես բերել` աչք փակելով օլիգարխիայի այս ինքնագործունեության նկատմամբ ու վախկոտի նման թաքնվել է դրանց թիկունքում, կա'մ էլ գործադիրը կուլիսային մակարդակով ինքն է խրախուսել այս անտեսանելի դիմադրությունը:

 

Ցանկացած դեպքում հետևանքը նույնն է. կառավարությունը, ի դեմս նրա` պետական ամբողջ համակարգը, ամենաորոշիչ պահին փաստացի ապացուցեցին իրենց անզորությունը օլիգարխիայի դեմ: Սա օլիգոպոլիաների` թեկուզ ժամանակավոր հաղթանակը չէր միայն «Կարֆուրի» նկատմամբ, սա նրանց հաղթանակն էր դա թույլ չտալու բոլոր անհրաժեշտ լծակներով օժտված պետության հանդեպ: Սա անուղղակի ապացույցն էր, թե իրականում ովքեր և ինչպես են կառավարում Հայաստանը: Կարֆուրյան այս կետում էր որոշվում, թե քանի գրոշի արժեք ունեն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրված խոստումները «Տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի վերածելու» մասին: Այստեղ էր պարզվում, թե ինչ է տեղի ունենում, երբ, բացառապես Doing Business-ի սանդղակում իմիտացիոն միջոցառումներով ավելի լավ ցուցանիշներ նկարելով, կառավարությունն ու վարչապետը փորձում են օլիգոպոլաների համար ազատ գործելու ավելի լավ պայմաններ ապահովել ու սպասարկել նրանց շահերը:

 

«Կարֆուրի» միջոցով օլիգարխիայի նկատմամբ պետության այս անզորությունն այլևս զուտ տեղական լինելուց վերածվում է միջազգային մակարդակի հարց: Այն հայաստանյան աղտոտված իրականությունը հանում է համաշխարհային տնտեսական ու բիզնես հանրույթին ի տես, ինչից ավելի մեծ խայտառակություն ուղղակի դժվար է պատկերացնել: Հայաստանը չբռնեց քննությունը և տապալվեց հենց այն ստուգատեսում, որտեղ առարկայորեն էր երևալու պետության կենսունակությունն ու քաղաքակիրթ, շուկայական տնտեսավարման կանոններով առաջնորդվելու կարողությունը: Չի կարելի զարմանալ, եթե նույն Doing Business-ի շրջանակում վարչապետի` գերագույն ճիգերով նվաճված հեղհեղուկ դիրքից Հայաստանն ուղղակի գահավիժի ցած, իսկ դոնոր կազմակերպությունները Հայաստանը քննադատության թիրախ դարձնեն` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս առումով, թերևս, պատահական չէր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թվիթերյան գրառումը, թե Երևանում սուպերմարկետ բացելու` «Կարֆուրի» ցանկությունը լավ է մրցակցության համար, և որ հուսով է՝ դա տեղի կունենա: Մենք էլ ենք հույսով, պարո'ն դեսպան, բայց ինչքանով կարելի է արդեն հասկանալ` ոչ հիմա, ոչ այս Կառավարության ժամանակներում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ