կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 17:26
Առանց Կատեգորիա

Ինչի՞ց հրաժարվեց Հռոմի պապը

Ինչի՞ց հրաժարվեց Հռոմի պապը

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը հարցեր է առաջացնում: Որքան էլ տարօրինակ է՝ ներքաղաքական: Ինչո՞ւ ավելի քան մեկուկես միլիարդ կաթոլիկների առաջնորդը կառչած չէ աշխարհի ամենասրբազան աթոռից, իսկ Հայաստանում նույնիսկ «ընդդիմության առաջնորդ» տիտղոսից են կառչած:

 

Ի՞նչ է ընդհանրապես հրաժարականը: Եկեղեցին, օրինակ, ունի «Հրաժարիմք ի սատանայե» աղոթքը, որում, ի շարս այլ «հրաժարականների», կա նաեւ «հրաժարիմք... ի չար պաշտոնեից նորա» ձեւակերպումը: Հայաստանում ոչ մի պաշտոն ի չարս չէ: Բոլոր պաշտոնները, ինչպես համոզված են դրանց «արժանացողները», ծառայեցվում են մարդկանց համար արվելիք բարի գործերին: Չնայած դրան` երկրում «բարի գործերը» մթնոլորտ չեն ստեղծում, մարդիկ, հակված եմ կարծելու, ավելի չար են դարձել, ըստ պաշտոնի մարդիկ կերպար են կորցնում: Ու ձեռք չեն բերում ոչինչ: Ու շարունակում են գործել «ի բարս մարդկանց»: Առանց հրաժարականի, առանց փոքրիկ կասկածի, որ ինչ-որ մի կետում սխալվել են:

 

Պապն առայժմ չի խոսել իր սխալներից: Սակայն 8-ամյա (8-ն էլ չլրացավ) իշխանությունից հետո որոշել է հրաժարվել Սուրբ Պետրոսի աթոռից: Պապն ամենաիմացողը չէ, սակայն հաստատ գիտի, որ այս կյանքում մարդը ձեռքբերելիք չունի, ավելին` գիտի, որ բոլոր «ձեռքբերելիքներն» իրականում կորուստներ են: Ահա` ինչու, աղոթքը կա'մ կարող է լինել «Հրաժարիմք ի սատանայե», կա'մ մեր Մեծարենցի բառերով ասած՝ Տուր ինծի, Տեր, ուրախություն անանձնական:

 

Իշխանությունը միայն մեկ փորձություն ունի ու հենց այդ պատճառով էլ այն իշխանություն է՝ մարդն իշխանության մեջ առավել մերձ է Սատանային: Այսինքն` նրա գործողությունները, որքան էլ մարդասիրական լինեն, ի շահ Սատանայի են: Որովհետեւ դու կարող ես երկու երեխայի հիվանդանոցային ծախսերը հոգալ, բայց իրականացնել մի տնտեսական քաղաքականություն, որից կտուժի 222 երեխա: Իշխանությունը բարձունք չէ, այլ փղոսկրյա աշտարակ: Այնտեղից շատ քիչ բան է երեւում: Հաճախ հենց դրա համար էլ ձգտում են իշխանության: Որպեսզի քիչ տեսնեն:

 

Ու չես ասի, որ հրաժարական է տվել, որովհետեւ տեղյակ չէր այս աշխարհի գործերից: Պապի հրաժարականի պատճառներն էական չեն, էականը հենց հրաժարականն է: Նա սովորեցնում է հրաժարվել: Այսինքն` սովորեցնում է վերստին: Հնարավոր է, որ այդ մասին չի էլ մտածել: Բայց գոնե օրինակ է ծառայում: Ճիշտ է, նրա փոխարեն մեկ ուրիշն է նստելու, որն այլեւս նման օրինակ չի ծառայի: Բայց 600 տարին մեկ գոնե մեկը պիտի ցույց տա, թե ինչպես են հրաժարվում բարձրագույն իշխանությունից: Ինչպես են մի կողմ թողնում ամբողջ աշխարհի՝ իրեն ուղղված խոնարհությունը: Մինչդեռ Բենեդիկտոս 16-րդի պաշտոնների թվարկումը բավական է` հասկանալու համար, թե ինչից է հրաժարվել նա՝ Վատիկանի առաջնորդ, Հռոմի եպիսկոպոս, Համայնական եկեղեցու գլխավոր քահանայապետ, Աստծո ստրկաց ստրուկ: Ու սա դեռ ամբողջը չէ: Կա նաեւ առաքյալների իշխանաց ժառանգորդ, Մեծ հովվապետ, Արեւմուտքի պատրիարք:

 

Պապը հեռանում է, բայց Պապը միայնակ է հեռանում: Նա սովորեցնում է հեռանալ միանյակ` չնայած այս աշխարհի հաճույքներին, որոնք ամենքինը չեն:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ